Նա լույս աշխարհ էր գալու Թուրքմենստանից հայրենիք եկող ճանապարհին, մի փոքրիկ՝ Դուշակ անվանումով ստանիցայում: Մանկությունը զուգադիպելու էր Մեծ հայրենականի տարիներին՝ սով, զրկանք, դատարկ խանութներ: Վաղ էր կորցնելու հորը, որի մահվան օրը փլվելու էր տան առաստաղն ամբողջությամբ՝ ի չիք դարձնելով իրենց համեստ տան ողջ եղած-չեղածը: Բայց դժվարին կյանքն անզոր էր լինելու կոտրել պատանի Սուրենին. նրան ի վերուստ անկոտրում կամք ու շնորհ էր տրված:
Տասնհինգ տարեկան պատանու մտքով էլ չէր անցնում մտածել բուհական կրթության մասին՝ արհեստ սովորել, աշխատել, ընտանիքին օգնել էր պետք: Եվ ընդունվում է թիվ երկրորդ արհեստակցական ուսումնարան, որտեղ էլ սկսում է պարել: Հետո, որպես խառատ, աշխատանքի է անցնում էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում: Դա 60-ական թվականների սկզբներին էր, երբ գրեթե բոլոր խոշոր գործարաններում պետք է գործեին երգի-պարի համույթներ: Ինքնուսուցմամբ պարարվեստի գաղտնիքները յուրացրած Սուրեն Գյանջումյանը 1957-ին, աշխատանքին զուգահեռ, գործարանում ստեղծում է պարախումբ: Նույնն է անում նաեւ ռելեի գործարանում, այնուհետ՝ մի քանի այլ ձեռնարկություններում, հաստատություններում՝ Առեւտրի տուն, Երկաթուղայինների մշակույթի կենտրոն: Եվ այդ ամենը՝ հասարակական կարգով՝ անվճար: Պարուսույցին, սակայն, լայն ճանաչում ու ժողովրդականություն էր բերելու համաշխարհային եւ միջազգային փառատոների բազմակի դափնեկիր՝ իր ստեղծած եւ ղեկավարած «Կանազ» ժողովրդական պարի համույթը, որը մասնակցելու էր հանրապետական մրցույթին, հաղթելու եւ ելույթ էր ունենալու Մոսկվայի համագումարների պալատի բացման առիթով տրվող շքեղ համերգում: Համբավավոր այս համույթը հայկական պարերի հմայքը տարել է աշխարհի քառասունից ավելի երկրներ, մրցույթներից վերադարձել առատ հունձքով՝ ոսկե մեդալներ, գրան պրիներ, փառք ու պատիվ:
Վաստակաշատ պարուսույցը դասավանդել է մշակութային տարբեր կրթօջախներում՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարան, բեմադրել տասնյակների հասնող պարային ստեղծագործություններ՝ «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Մոլդովական», «Գնչուական», «Օսեթական», «Վրացական զույգպար», «Նաիրյան աղջիկներ»… Բոլորը թվարկելու կարիքը չկա. կատարյալ էր նրա յուրաքանչյուր բեմականացում, ինքնատիպ, առինքնող: Նա ինքն էր սքանչելի պարող. ո՞վ կասեր, թե ութսունն անց է իր սաներին պարերի շարժուձեւն ուսուցանող, երբեմն էլ նրանց հետ թեթեւությամբ պարող Սուրեն Գյանջումյան պարուսույցն ու ժողովրդական արտիստը: Նա, որ 42 տարեկանում կլինիկական մահ էր տարել, վերակենդանացել, իր կյանքի 60 տարիները նվիրել հայկական պարարվեստին եւ այդ պարերով շրջագայել ողջ մոլորակով մեկ…
«Պարում կարեւոր է զգացմունքն ու հայացքը, շարժման ճշգրտությունն ու նվիրումը: Պարել կարող են բոլորը: Նույնիսկ քարը կարող է պարել մի օր…». իր մտորումներից են այս խոսքերը: Երեւի նա համոզված էր, որ ինքը կարող է պարեցնել անգամ քարին: Իսկ ինչո՞ւ ոչ. չէ՞ որ ամենազոր է արվեստի ուժը…