Գյուղատնտեսական աշխատանքները սկսված են, եւ արդեն անցել է որոշակի այն ժամանակահատվածը, որը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե աշնանն ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ։ Օրինակը Գեղարքունիքի մասով է եւ վերաբերում է բացառապես կարտոֆիլի մշակությանը։ Մի մթերք, որի ոչ միայն պահանջարկն ենք բավարարում, այլեւ արտահանում ենք։ Օրինակ՝ 2021 թ․ արտահանվել է 48 541 տոննա կարտոֆիլ, ինչը գերազանցում է 2020 (9 798 տոննա) եւ 2019 թվականների (39 տոննա) ցուցանիշները:
Որպեսզի ասելիքս ավելի հստակեցնեմ, հղում կանեմ մարզի Ծովինար գյուղում ապրող բարեկամներիս։ Կարտոֆիլի մշակությունը սկսվել է, եւ արդեն հստակ թվեր են հնչում, թե ինչքան է դա խլում իրենց բյուջեից։ Այսպիսով՝ ազոտական պարարտանյութին տալիս են 1 պարկի դիմաց 11500-12000 դրամ, մյուսին՝ 14000։ Այդ «մյուս» ասվածը կարբամիդն է (իրանական, 46 տոկոս հարստացված)։ Ու քանի որ իմ բարեկամները կարտոֆիլ մշակում են ոչ միայն տնամերձերում, բնականաբար, ճշտում եմ նաեւ դիզվառելիքի գինը։ Լիտրը՝ 650 դրամ։ Բայց, հասկանալի է, լիտրով գործ չի արվում, «կանեստրով է՝ 13» (20 լիտրանոց տարրան՝ 13 հազար դրամ)։ Ճշտում եմ՝ իսկ ոռոգմա՞ն ջրի խնդիրը։ «Դե, եղանակն անձրեւային է, ոռոգման ջրի հարց դեռ չկա, կունենանք հունիսին, երբ կմիացնեն նասոսները» (Սեւանա լճից ջուր մղող պոմպերի մասին է խոսքը)։
Գանք սերմացուների հարցին։ Գյուղացիներն ասում են, որ «սերմացուի խայտառակ գները» իրենց բառացի կայծակնահար են արել. Ախուրյանից բերված սերմացուի 1 կգ-ի դիմաց տալիս են 250-300 դրամ (50 տոկոս միջակայքը ծավալով է պայմանավորված), իսկ դրսից ներկրված էլիտար սորտերն արժեցել են 600 դրամ, եւ հասկանալի է, դրանից օգտվել չեն կարողացել։ Հարցնում եմ՝ ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։ Ծովինարցիք ծիծաղում են՝ «դու էլ մեզնից մեկն ես, թե գնացուցակն ես ուզում, միանգամից ասա էլի»։ Ու «թերթում» են՝ միայն դիզվառելիքն ու պարարտանյութը չէ, գումարել է պետք թունանյութերի, վարի գները։ Տեխնիկայի տերը անվճար վա՞ր կանի։
Հավելում ենք՝ այսպիսով՝ ի՞նչ արժեն թունանյութերը (դարձյալ բացառապես կարտոֆիլի մասով է խոսքը)։ Պարզվում է՝ գյուղացիները ձեռք են բերում «որդի եւ բզեզի դեղերը, էս երկուսը իրար հարեւաններ են, մեկը գալիս է, մյուսն էլ հետը»։ Որդի դեղը 1000 քմ-ի համար արժե 3 հազար դրամ, բզեզի դեղը՝ 2 հազար դրամ։ Հիմա՝ վարի խնդիրը։ Եթե գյուղացիները դիմում են տեխնիկայի օգնությանը, պետք է սպասեն հերթի։ Տեխնիկայի տերը դիմողների հողերը միանգամից վարել չի կարող՝ ցուցակ է կազմում։ Իսկ վարը 1000 քմ-ի համար արժե 10 հազար դրամ (երկկողմանի վարը)։
Մի խոսքով՝ 1000 քմ-ի կտրվածքով նախնական արժեքը՝ վարը, «սերմացու դնելը», պարարտանյութերի, թունանյութերի գործածումը, ոռոգման ջուրը եւն, միասին արժենում են 100 հազար դրամ։ Կրկնում ենք՝ սկզբնական արժեքը։ Գյուղացիներն ասում են՝ ժամանակ չունենալով այսքանն էլ մանրամասնում են, որ աշնանը քաղաքացիները իրենց չմեղադրեն կարտոֆիլին «հոր գներ կպցնելու» համար։
Իրավիճակն, իհարկե, սպասելի էր՝ ընթացքից ելնելով։ Գյուղոլորտի խնդիրների մասին խոսել ենք, իմա՝ թեկուզ հենց գյուղտեխնիկայի հավաքակազմի վիճակի։ Անկեղծ լինելու համար ասենք՝ այո, գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորինս մատչելի պայմաններ կան՝ ֆինանսական վարձակալության (լիզինգ) մեխանիզմի կիրառմամբ։ Համապատասխան ծրագիր կա՝ տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչեւ 12 տոկոսային կետը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի վճարած լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս։ Իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում տնտեսավարողների եւ զինծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման հետեւանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը այնպիսի չափով է, որ լիզինգառուի՝ վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։ Կա նաեւ լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20 տոկոսի չափով կանխավճարի պայմանը։ Կամ լիզինգի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչեւ 6 ամիս ժամկետով։
Այստեղ հարցն այլ է, սակայն։ Ընդհանրապես ծրագրի արդյունավետությունը դիտարկում են ծավալային գործոնից ելնելով։ Այլ կերպ՝ եթե նույնիսկ տոկոսադրույքները ցածր են, մարման ժամկետները՝ երկար, բայց ծրագիրը ծավալ չի ապահովում, նշանակում է՝ պետք է մտածել այլ պայմաններ եւս՝ այդ ծրագիրն ավելի ընդլայնելու համար։ Որպեսզի ասենք՝ մի ամբողջ գյուղ 2-3 տրակտորի հույսով չհերթագրվի վարի համար։
Խնդիրները շատ են, բազմազան։ Բայց հաշվի առնենք, որ գյուղոլորտը մեր երկրի համար միայն պարեն ապահովող ոլորտ չէ։ Նկատի ունենալով մեր տարածքի առանձնահատկությունը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ այս ոլորտը մեզ համար նաեւ պաշտպանական նշանակություն ունի։ Հետեւաբար՝ տարատեսակ աջակցությունները հարկ է, որ լինեն ավելի խորքային՝ ծավալ ապահովող, գյուղացու բարեկեցությանը նպաստող եւ քաղաքաբնակին չսնանկացնող։ Գյուղը երկիր է կերակրում, բայց որպեսզի լավ ու հնարավորինս մատչելի կերակրի, անհրաժեշտ է նախ կերակրել այդ նույն գյուղը՝ ձեռնտու վարկերով, էժան սերմացուներով, պարարտանյութերով ու թունանյութերով, կայուն ջրամատակարարմամբ։ Այս պարագայում թեկուզ որոշ խնդիրներ ժամանակավորապես (հիմնային լուծումների համար հիմնավոր ծրագրեր են պետք) կլուծվեն ՝ մեզ գոնե փոքր-ինչ զերծ պահելով արտաքին շոկերի ազդեցություններից։