Ղազախստանի արտաքին գործերի, առեւտրի ու ինտեգրացիայի նախարարությունները հերքել են լուրերը, թե երկիրը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այս մասին հայտնում է stopfake.kz-ն: «Ղազախստանի պլանների մասին այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»,- նշված է առեւտրի ու ինտեգրացիայի նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Ղազախստանի՝ մաքսային միության համաձայնագրից դուրս գալու մասին խոսակցություններն սկսվեցին սոցիալական ցանցերում: Նաեւ հաղորդվում էր, որ ղազախական թաքնված ձգտումների մասին որոշակի շրջանակներում արտահայտվել է Ղազախստանի պաշտպանության նախարարը, որ նույն այդ շրջանակներում արդեն պայմանավորվածություններ կան:
Հունվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ղազախստանի մայրաքաղաքի փողոցներում իսկական քաոս էր, որն սկսվել էր վառելիքի թանկացման դեմ բողոքներով, ապա վերաճել լուրջ բախումների, կարող էին այդ երկիրը ներքաշել այնպիսի իրավիճակի մեջ, որում հիմա Ուկրաինան է: Անկարգությունների կենտրոնն Ալմաթին էր՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ծննդավայրը: Վերջինս ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարեց, որ «ահաբեկչական բանդաները, ըստ էության, միջազգային են, լուրջ նախապատրաստություն են անցել արտասահմանում, եւ Ղազախստանի վրա նրանց հարձակումը պետք է դիտել որպես ագրեսիայի ակտ»: Հենվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա՝ Տոկաեւը դիմեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ օգնություն խնդրելով ընդդեմ «ահաբեկչական սպառնալիքի»:
Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշումը կայացվեց ակնթարթորեն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հայտարարեց Ղազախստան խաղաղապահներ մտցնելու մասին, որը, ինչպես խոստովանել է Տոկաեւը, օգնեց՝ պահպանելու պետականությունը:
Դատելով ուկրաինական ճգնաժամի ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ նույնը ծրագրված էր նաեւ Ղազախստանում, սակայն «նույն սցենարի» զարգացումներ չեղան այն պատճառով, որ ՌԴ-ն ոչ թե հայտարարել էր ռազմական հատուկ գործողության իրականացման մասին, այլ ՀԱՊԿ խորհուրդը խաղաղապահներ էր գործուղել՝ համաձայն Տոկաեւի խնդրանքի, սահմանափակ ժամանակով եւ ռազմավարական օբյեկտների պաշտպանության նպատակով:
Արեւմուտքը, սակայն, շարունակում է Ղազախստանին պահել իր տեսադաշտում: Բանն այն է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է, ըստ պլանի, հանգեցնեն լիակատար սնանկացման, իսկ նրա սահմանի երկայնքով «հրդեհների» բռնկումները՝ տարբեր ուղղություններում Մոսկվայի համար լարվածության օջախների ստեղծման: Ղազախստանում հետհունվարյան շրջանում տեղի ունեցած զարգացումները, երբ Մոսկվան զբաղված էր Ուկրաինայում, հուշում են, որ, անկախ որոշակի շրջանակների հերքումներից, այդ երկիրը կարծես թե նավարկում է դեպի «թյուրքական ՆԱՏՕ»:
Թուրքիան ակտիվորեն բազա է ստեղծում «Թուրանի մեծ բանակի» ձեւավորման համար՝ դրա ուղեծրում ներառելով Ղազախստանին, որը նաեւ պլացդարմ է դառնում Կենտրոնական Ասիայում թուրքական էքսպանսիայի համար: Այս ուղղությամբ հետագա զարգացման հիմքը մայիսի 11-ին Անկարայում ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագիրն է:
Միեւնույն ժամանակ ղազախների նկատմամբ նման հայրական հոգատարությունը հիմնված է օսմանյան Թուրքիայի հատուկ հայեցակարգի վրա, որը, իբր, կոչված է դառնալու կայունության, Թյուրքական պետությունների կազմակերպության կենտրոնակայանի՝ Ստամբուլի հովանու ներքո գտնվող «թյուրքական աշխարհի» երկրների անձեռնմխելիության երաշխավորը։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցի առաջին օրը երկու երկրների միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ հրավիրված ճեպազրույցում։
«Մենք մեր համագործակցությունը բարձրացնում ենք ընդլայնված ռազմավարական գործակցության մակարդակի: Հարգարժան Տոկաեւի՝ Նոր Ղազախստանի կառուցման գործում ոգեւորությունն ու համառությունը հարգանք են առաջացնում: Աջակցություն եմ հայտնում Նուր-Սուլթանի կողմից անցկացվող զանգվածային բարեփոխումներին ու ծրագրերին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր ղազախ եղբայրների կայունության, հանգստության ու անվտանգության համար: Կարծում եմ, որ ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրային, ռազմատնտեսական ու մշակութային ոլորտներում կշարունակենք մեր համագործակցությունը եւ միասին քայլ կկատարենք դեպի ապագա»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Ղազախստանի նախագահ Տոկաեւի առաջին պետական այցը Թուրքիա, ի վերջո, ավարտվել է 1 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրերի, ինչպես նաեւ Արեւմուտքից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման ֆոնին տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթի ստորագրմամբ։ Թուրքիան Ղազախստանում ներդրել է գրեթե 4 մլրդ դոլար, իսկ ապրանքաշրջանառությունը հասել է տարեկան 5 մլրդ դոլարի։
Դատելով Էրդողանի խոսքերից՝ Տոկաեւին հաջորդ անգամ ծայրահեղականներից ու դավադիրներից կփրկի ոչ թե ՀԱՊԿ-ն, այլ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող թուրքական զորքերը: Միայն հաշվի առնելով այն, որ հունվարյան հեղաշրջման փորձի մեջ դերակատարություն ունեին բրիտանական գաղտնի ծառայությունները, իսկ պանթուրքիստներն ակտիվորեն աջակցում էին Ղազախստանի ազգային անվտանգության դավադիր բարձրաստիճան գեներալներին, տպավորություն է ստեղծվում, որ թուրքերը, ընդհակառակը, կարող են նպաստել ապակայունացմանը եւ վարչակազմի տապալմանը:
Տոկաեւի այցի հենց հաջորդ օրը պայմանագրեր ստորագրվեցին Ղազախստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության, ինչպես նաեւ հետախուզության ոլորտում համագործակցության մասին։
Տոկաեւը Թուրքիայի հետ բանակցություններն անվանել է «բովանդակալից»։ Նա նշել է, որ դրանց ընթացքում ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ, որոնք էլ ավելի կամրապնդեն համագործակցությունը քաղաքական, առեւտրային, տնտեսական, ներդրումային, մշակութային, հումանիտար, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում։ Մասնավորապես՝ երկու կողմերն էլ շահագրգռված են օգտագործել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժը, որը սկիզբ է առնում Չինաստանից, անցնում Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, իսկ հետագայում կանցնի դեպի Թուրքիա եւ եվրոպական երկրներ։ Անկարայի համար գլխավոր խնդիրն այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումն է. Թուրքիան հույս ունի դրա շնորհիվ ուղիղ ցամաքային կապ ստանալ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչը կհեշտացնի ապրանքների տարանցումը եւ կխթանի տնտեսական փոխգործակցությունը:
Ղազախ պաշտոնյաները, իհարկե, տարբեր որակումներ կարող են տալ Թուրքիայի հետ կնքված համաձայնագրերին, սակայն իրականությունն այն է, որ դա Նուր-Սուլթանի կողմից շարժում է դեպի «Թուրանի մեծ բանակը», որի մասին թմբկահարում է Անկարան:
Այն, որ այս վեկտորը հակասության մեջ է մտնում ՀԱՊԿ-ի կոնցեպցիայի հետ, փաստ է: Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի տոնած հաղթանակից հետո Էրդողանը նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում իրեն ներկայացրեց որպես ողջ թյուրքական աշխարհի պաշտպան՝ Ադրբեջանի միջով ելք ստանալով դեպի Կասպից ծով: Ասվածի հաստատումներից մեկը «Kazakhstan Engineering»-ի եւ «Turkish Aerospace»-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին հատուկ հուշագրի ստորագրումն է։ Նորից Անկարայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է հավաքել եւ հետագայում սպասարկել նոր հարվածային ռազմավարական ANKA անօդաչու թռչող սարքեր։ Ենթադրվում է նաեւ կադրերի պատրաստում Թուրքիայում՝ այդ սարքերի վերանորոգման եւ սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար։
Ըստ էության՝ սա Նազարբաեւի օրոք մշակված պլանների իրականացումն է, քանի որ հենց նրա ներկայացուցիչներն են քննարկել Ղազախստանում ոչ միայն «բայրաքթարներ», այլ նաեւ ANKA արտադրելու գաղափարը։ Իսկ նման տեխնոլոգիա ստացել են միայն Թունիսն ու Ղազախստանը։ Զարմանալի չէ, որ TUSAŞ-ի ղեկավար Թեմել Քոթիլը նշել է, թե «նոր համաձայնագիրն ավելի կամրապնդի բարեկամական կապերը եղբայրական Ղազախստանի հետ»։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ նեոօսմանյան Թուրքիան ղազախական իշխող վերնախավին ձգտում է իրեն կապել նաեւ տեխնոլոգիապես։ Բացի ANKA-ի արտադրությունից, նախատեսվում է հիմնել թուրքական զրահատեխնիկայի արտադրության գործարան, քննարկվում են նոր առաջարկներ՝ ավելացնելու այլ տեսակի զենքերի ու տեխնիկայի գնումները։ Չէ՞ որ հավաքումը, պահեստամասերի գնումը, տեխնիկական անձնակազմի պատրաստումը ՆԱՏՕ-ի չափանիշներով ավելի են ամրապնդում Ղազախստանի զինված ուժերը թուրքական բանակի եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ՝ կախվածության մեջ դնելով Անկարայից։
Ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը որոշակի պակտ է եւ իր նշանակությամբ շատ ավելին է, քան սովորական պայմանագիրը: Այն ամրացնում է Ղազախստանի՝ Թուրքիայի միջոցով դեպի Արեւմուտք աշխարհաքաղաքական վերջնական վերակողմնորոշման գործընթացը: Այդ իսկ պատճառով ակնհայտ է մոտ հեռանկարում Կենտրոնական Ասիայում «թյուրքական ՆԱՏՕ-ի» հայտնությունը՝ Ղազախստանի ու Ուզբեկստանի մասնակցությամբ եւ Աֆղանստանում ամերիկամետ իսլամիստների ակտիվացմամբ:
Ղազախստանը ներկայացնող գործարար Բուլատ Աբիլովն օրերս հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին: Շնորհանդեսի ժամանակ նա շեշտել է, որ իրենք հանդես են գալիս երկիրը ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հանելու դիրքերից…