Երբ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը Անկարան դեմ արտահայտվեց, արդեն պարզ էր, որ վերջինս հստակ նկատառումներ ուներ: Միջազգային փորձագետների շրջանակից այդ պահվածքի վերաբերյալ թյուր վարկած շրջանառվեց, ըստ որի՝ Թուրքիան դրանով պաշտպանում է ՌԴ-ի դիրքորոշումը, ինչը բխում է երկու երկրների միջեւ վերջին տարիներին ձեւավորված գործընկերային հարաբերություններից: Որոշները նույնիսկ այդ քայլի մեջ տեսան ուկրաինական հակամարտության ֆոնին դեպի ՆԱՏՕ ուղղված Անկարայի լուրջ դեմարշը: Սակայն Էրդողանի ղեկավարած Թուրքիայի արտաքին քաղաքականությանը քաջածանոթներն ամբողջովին այլ մեկնաբանություն ունեին այդ քայլի համար, եւ այն հաստատվեց արդեն Էրդողանի հնչեցրած հայտարարության հաջորդ իսկ օրը:
Մայիսի 18-ին արդեն «Bloomberg» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում, որպեսզի հավանություն տա Հյուսիսատլանտյան դաշինք Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքին։ Հայտարարվեց, որ ԱՄՆ-ում նույնիսկ շրջանառվեց տեղեկություն, որ այդ ծրագրում Թուրքիայի փոխարեն ուզում են ընդգրկել Հունաստանին, որի հետ Անկարայի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Մայիսի 16-ին հունական ERT News հեռուստաալիքը հայտնեց, որ Հունաստանը սկսում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան «Lockheed Martin» ընկերության կողմից մշակված հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների ձեռք բերման շուրջ։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կողմերի հայտարարությունները հունարեն թարգմանությամբ հեռարձակել էր հեռուստաալիքը։
Սական թուրքական դիվանագիտական առեւտուրն այսքանով չի բավարարվել, եւ պաշտոնական Անկարան պահանջում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու ընդունի իր մտահոգությունները քուրդ ազատամարտիկների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում եւ Իրաքում:
Անկարան ցանկանում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան նաեւ չեղարկեն զենքի արտահանման էմբարգոն: Այլ կերպ ասած՝ Թուրքիան պահանջում է, որ իրեն զինեն, եւ քաղաքակիրթ եվրոպական երկրները դրական գնահատեն ինքնորոշման եւ էթնիկ իրավունքների համար պայքարող քրդերի դեմ Անկարայի կողմից նույն այդ զենքի օգտագործումը: Ընդ որում, Թուրքիան դա անում է ոչ միայն իր տարածքում, այլ նաեւ Սիրիայում ու Իրաքում, եւ ամենեւին չի բացառվում, որ վաղը կարող է նաեւ Հայաստանի տարածքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության թիրախներ հայտարարել, ինչպես դա անում էր 20-25 տարի առաջ՝ նորանկախ Հայաստանի (Երեւանի) քարտեզի վրա առանձնացնելով քրդական կազմակերպությունների գրասենյակների հասցեները՝ անտեսելով այն փաստը, որ Հայաստանում դարեր շարունակ բնակվում է բազմահազարանոց քրդական համայնք:
Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը Թուրքիան կորոշի օգնել իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին, Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դիմելու հարցում, առավել եւս, որ Բաքուն սկսել է ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկատվություն տարածել, թե, իբր, հայկական ուժերն ամեն օր խախտում են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Նման ագրեսիվ քայլերից Թուրքիային զերծ պահելու համար անհրաժեշտ է միջազգային գործող զսպող մեխանիզմների ուժեղացում, ոչ թե ճիշտ հակառակը՝ եղածի թուլացում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ