Ատլաս՝ աշխարհագրական քարտեզների համակարգված ժողովածուն՝ հրատարակված ալբոմի, գրքի ձևով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ժամանակակից աշխարհագրական ատլասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը. դրանք ոչ թե ուղղակի տարբեր աշխարհագրական քարտեզների հավաքածուներ են կամ նրանց մեխանիկական համադրությունը գրքի կամ ալբոմների տեսքով, այլ միավորում են միմյանց հետ կապված և միմյանց լրացնող քարտեզներ, որոնք կազմում են մի համակարգ, որը պայմանավորված է ատլասի նշանակությամբ և նրա օգտագործման առանձնահատկություններով։ Աշխարհագրական ատլասները սովորաբար կազմվում են Երկիր մոլորակի համար, սակայն այդպիսի ատլասներ կան նաև Արեգակնային համակարգի այլ մոլորակների և դրանց արբանյակների համար։
Ընդհանրապես ատլասները գիրք են, բայց որոշ ժամանակակից ատլասներ ներկայանում են էլեկտրոնային ձևով։ Երկիր մոլորակի կամ նրա շրջանների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար հաճախ ատլասի մեջ ֆիզիկական և ռելիեֆային քարտեզներից բացի ներառվում են նաև քաղաքական, կլիմայական, կրոնական (կրոնների տարածվածությունն աշխարհի տարբեր երկրներում), ժամային գոտիների քարտեզներ, տարբեր տեսակի սոցիալական քարտեզներ (բնակչության խտությունը, միջին եկամուտը, ծնելիությունը, մահացությունը), կլիմայական և տնտեսական (արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումը) քարտեզներ։