Աստղագիտություն՝ գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ եւ այլն) եւ նրանց հետ կապված երեւույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ եւ վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում եւ այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում եւ այլն)։
Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռեւս Ք. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։ Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տեւողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն Ք. ա. 6-րդ դարում։ Ք. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները եւ պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաեւ մեր օրերում։ Կան պատմական վկայություններ հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։