ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա կարիքը լինի: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ կայացած բանակցություններից հետո։ Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է մեկ Չինաստանի քաղաքականությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը լիովին անտեղի է։
Ֆումիո Կիսիդան էլ նշել է, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը որեւէ կերպ չեն ընդունելու հաստատված աշխարհակարգն ու ստատուս քվոն ուժային ճանապարհով փոխելու փորձերը, որտեղ էլ դրանք տեղի ունենան։ Խոսքը վերաբերում է ինչպես Ուկրաինայում տիրող իրավիճակին, այնպես էլ Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում հնարավոր զարգացումներին։ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության իշխանությունները սերտորեն կհամագործակցեն ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռային ծրագրի շուրջ։ Վերոնշյալ (եւ ոչ միայն) երկրները տարբեր համագործակցային ծրագրերով ձգտում են համարժեք հակակշիռ ստեղծել Չինաստանին, որի ռազմածովային ոլորտում վերջին տարիների զարգացումները հաշվի առնելով կարելի է այդ տարածաշրջանում սպասել ստատուս քվոյի փոփոխության։ Այդ ամենը նկատի ունենալով՝ Միացյալ Նահագները եւ Մեծ Բրիտանիան կոնկրետ քայլեր են իրականացնում, միաժամանակ աջակցում տարածաշրջանի այն պետություններին, որոնք հետաքրքրված են Չինաստանին դիմակայելու հարցում։
Ճապոնիայի իշխանությունները զարգացնում են իրենց պաշտպանական հզորությունը, ըստ Կիսիդայի՝ «հաշվի առնելով Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Դեռեւս ապրիլին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել էր կառավարությանը պաշտպանական բյուջեի կրկնապատկումը ՀՆԱ-ի 2 տոկոսի հասցնելու համար: «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ՝ այս ֆինանսական տարում (սկսած 2022 թ. ապրիլից) այդ նպատակների համար հատկացումներն աճել են մոտ 50 միլիարդ իենով նախորդ տարվա համեմատ եւ կազմել 5,37 տրլն իեն (41,9 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով), ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Ճապոնիայի իշխանությունները նաեւ հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կվերադառնա Համապարփակ եւ առաջադեմ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրին, որից Վաշինգտոնը դուրս էր եկել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
Բայդենը նաեւ կողմ է արտահայտվել Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն՝ կառույցի բարեփոխման դեպքում։ Այս տարվա մարտի 13-ին Ֆումիո Կիսիդան իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշված է, որ Բայդենը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության ղեկավարի գործողությունները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նա հայտարարել է, որ ամերիկա-ճապոնական դաշինքը հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հիմնաքարն է։ Հավելենք, որ Չինաստանն առայժմ ուկրաինական ճգնաժամի հարցում հնարավորինս հետեւում է չեզոքության սկզբունքներին։ Չինաստանը շատ զգուշավոր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարցում, նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Նման դիրքորոշումը կարող է փոխվել, եթե հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակն այնքան սրվի, որ ավելի առարկայական ռազմաքաղաքական դաշինքների ձեւավորման անհրաժեշտություն առաջանա։ Բնականաբար, Ուկրաինայի շուրջ իրավիճակի հանգուցալուծման երկարաձգումը մեծացնում է այլ տարածաշրջաններում ռազմական գործողությունների հավանականությունը։
Նշենք, որ Ջո Բայդենը մայիսի 22-24-ը պաշտոնական այցով Ճապոնիայում է։ Մինչ Ճապոնիա ժամանելը նա այցելել էր Հարավային Կորեա, որտեղ հանդիպել էր երկրի նոր նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ։ Միացյալ Նահանգների նախագահին երեկ Տոկիոյի իր պալատում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։ Ի դեպ, Նարուհիտոն՝ որպես թագաժառանգ, հանդիպել է Բայդենի հետ դեռեւս 2013 թ., երբ վերջինս զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Այնուհետեւ Բայդենը բանակցություններ է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ, իսկ այսօր՝ մայիսի 24-ին, մասնակցելու է Քառակողմ անվտանգության երկխոսության (Quad) առաջնորդների գագաթնաժողովին, որը ներառում է Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Ավստրալիան: Հանդիպման հիմնական օրակարգային հարցերն են լինելու Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելն ու տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականությունը։ Չինաստանի ընդլայնմանը հակազդելու նպատակով էր, որ 2021 թ. սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի ղեկավարների կողմից հայտարարվեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում ընդլայնված եռակողմ գործակցության՝ «AUKUS»-ի ստեղծման մասին։ Ավստրալիայի եւ Չինաստանի հարաբերությունները վատթարացան 2020 թ. այն բանից հետո, երբ Ավստրալիայի իշխանությունները պահանջեցին միջազգային հետաքննություն անցկացնել համավարակի պատճառների եւ վիրուսի տարածման գործում չինական իշխանությունների դերի վերաբերյալ: Ի պատասխան՝ Պեկինն առեւտրային տուրքեր սահմանեց ավստրալիական ապրանքների վրա։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ այս տարվա մարտին Չինաստանը Սողոմոնյան կղզիների հետ ստորագրեց անվտանգության համաձայնագիր։
Ավստրալիայի նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանեզը, անդրադառնալով Չինաստանի հետ հարաբերություններին, երեկ հայտարարել էր, որ Կանբերայի եւ Պեկինի հարաբերությունները նոր կառավարության օրոք «բարդ են մնալու», Ավստրալիան մտադիր չէ տարածաշրջանում ազդեցությունը զիջել Չինաստանին, եւ երկիրը շարունակելու է պաշտպանել իր շահերը: (Ավստրալիայում մայիսի 21-ին անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) առնվազն 77 տեղ է ստացել Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը, որը 2013-ից ընդդիմադիր էր։) Նախատեսվում է, որ բացի «Quad»-ի առաջնորդների հանդիպմանը մասնակցելուց, Ալբանեզը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Ճապոնիայի վարչապետներ Նարենդրա Մոդիի եւ Ֆումիո Կիսիդայի հետ։