Թբիլիսի (հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական եւ խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս)՝ Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաեւ պետության խոշորագույն քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին Վախթանգի որդին եւ իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է կովկասյան տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր։ Մինչեւ ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաեւ Թբիլիսիի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին եւ մյուս էթնիկ խմբերին։ Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առեւտրային կարեւոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունն արտացոլված է ճարտարապետության մեջ։ Այն դասական, մերձավորարեւելյան, ռուսական եւ ժամանակակից ճարտարապետությունների համադրություն է։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական եւ կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։