Ըստ լուրերի թողարկումների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անհանգստացած թուրքական անօդաչու սարքերի մեծ կորուստներից, երկրի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիից պահանջել է դադարեցնել «Բայրաքթար ՏԲ2»-ների օգտագործումը։ Նախագահի համապատասխան նամակի լուսապատճենը հրապարակվել է տելեգրամ-ալիքներում։ Դատելով ամեն ինչից՝ Անկարային նյարդայնացնում է դրոնների՝ մեծ քանակությամբ ոչնչացումը, եւ նրանք կարող են դադարեցնել ուկրաինական գործընկերների հետ համագործակցությունը։ Դա կանխելու համար Կիեւը որոշել է թաքցնել գովազդված «Բայրաքթարները» ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կորցնել իրենց անօդաչուները։ Ռուսական ռազմական գերատեսչության հաղորդումների համաձայն՝ յուրաքանչյուր օր Ուկրաինան զրկվում է մինչեւ 10 տարբեր արտադրության ԱԹՍ-ներից։ Տեղեկություններ կան, որոնց համաձայն, մայիսի կեսերի տվյալներով, Ռուսաստանի ուժերը ոչնչացրել են այս տեխնիկայի շուրջ 1000 միավոր։ Եթե հաշվի առնենք նաեւ հետախուզական փոքր թռչող սարքավորումները, այս թիվը կարող է մոտ լինել ճշմարտությանը: Միայն ոչնչացված «Բայրաքթարների» քանակը, ըստ տարբեր տվյալների, հասնում է հարյուրի։
Ռուսների կողմից նման հաջողությունը հնարավոր դարձավ շնորհիվ թռչող սարքերի, այդ թվում` նախորդ պատերազմներում նրանց գործունեության տակտիկայի մանրակրկիտ ուսումնասիրության։ Ռուսական ստորաբաժանումներն օգտագործում են ԱԹՍ-ների դեմ ռազմական ժամանակակից միջոցներ, որոնց թվում` «Կրասուխա-4», «Թոր Մ-2» մարտավարական զենիթային համակարգեր, «Պանցիր Ս1» հրթիռահրետանային կոմպլեքսներ եւ այլ արդյունավետ միջոցներ։ Ի թիվս դրանց, ոչ պակաս նշանակություն ունի ռուսական բանակի զենիթային կազմավորումների բարձր արհեստավարժությունը, որը տհաճ անակնկալ էր Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ըստ մասնագետների՝ ԱԹՍ-ների հեղինակությունը բարձրացել էր Սիրիայի, Լիբիայի եւ Արցախի պատերազմներում՝ դրանք դարձնելով ժամանակակից պատերազմի խորհրդանիշներ։ Սակայն առաջին անգամ բախվելով կազմակերպված հակաօդային պաշտպանության, ինչպիսին Ռուսաստանինն է, դրանք բացարձակապես կորցրել են իրենց արդյունավետությունը։ Համաշխարհային շուկայում պահանջարկ ստացած «Բայրաքթարների» հեղինակությունն այսօր փսկել է։ Նշվում է, որ թե՛ ամերիկյան եւ թե՛ մանավանդ թուրքական միջոցները խիստ ուռճացված են եղել բլոգոսֆերայում տարածված գովազդի միջոցով։ Այս ճանապարհով աղավաղվել է դրանց արդյունավետության իրական գնահատականը։ Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայում նկարահանված` ԱԹՍ-ների կողմից ռմբակոծումները, որ բազմացվում էին անհամար քանակներով, ապակողմնորոշող նշանակություն ունեցան։ ԱՄՆ-ը դեռ մարտից կասկածներ է հայտնել «Բայրաքթարների» համապատասխանության վերաբերյալ, սակայն իր անօդաչուների նկատմամբ չափազանց զգույշ է` մեծապես խուսափելով արտասահմանյան մատակարարումներից։ Բայդենի վարչակարգը առայժմ հայտարարում է միայն 100 «Switchblade» կարգի ԱԹՍ-ներ Ուկրաինա ուղարկելու մտադրության մասին, սակայն դրանք շատ հեռու են տեխնիկայի վերջին խոսքը լինելուց, հակառակը, իրենց ցուցանիշներվ զիջում են նույնիսկ «Բայրաքթար ՏԲ2»-ներին եւ նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար։ Ընդհանրապես՝ մինչեւ այսօր Ուկրաինա ուղարկվում են միայն հնացած թռչող սարքեր։ Հայտնի է, որ «աշխարհով մեկ ընկած» սովետական հին ինքնաթիռներ են փնտրում` Ուկրաինա ուղարկելու համար։ Պատճառաբանում են, թե ուկրաինացիները դրանց ավելի ծանոթ են, եւ սովորեցնելու համար ժամանակ պետք չէ։ Բայց պատճառը միայն դա չէ, ավելի տրամաբանական է, որ վախենում են իրենց ժամանակակից տեխնիկան ռուսների ձեռքը գցելուց։
Ուկրաինայում անօդաչուների տապալումը ընդհանրապես գցեց դրանց նշանակությունն աշխարհում։ Դրանց վաճառքն այսօր նվազել է։ Օրինակ՝ լուրեր կան, որ Գերմանիան դադարեցրել է իր զինուժում օգտագործելու նպատակով իսրայելական «Հարոպների» ձեռքբերման պայմանագիրը։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ