Համատեղ զորավարժությունների շրջանակներում Հելսինկի է ժամանել ՆԱՏՕ-ի նավատորմը՝ ամերիկյան 2 մարտական, 1 գերմանական եւ 1 ֆրանսիական նավեր: Այցը ցուցադրական է ստացվել, քանզի այժմ որոշվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը: Եվ առաջվա պես հստակություն չկա, թե ՌԴ իշխանություններն ինչպես են վերաբերվում նրան, որ հյուսիսարեւմտյան հարեւանը պատրաստվում է համալրել Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը:
Ընդհուպ մինչեւ մայիսի 30-ը Ֆինլանդիայի տարածքային ջրերում ռազմական շատ նավեր կային, ինչն անսովոր էր: Մի քանի օր առաջ երկրի մայրաքաղաք էին ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավեր՝ «Gravely»-ն եւ «Gunston Hall»,-ը, ինչպես նաեւ ֆրանսիական «Latouche-Treville» ֆրեգատը: Հելսինկիում նրանց դիմավորել է գերմանական «Sachen» ֆրեգատը, որը Ֆինլանդիայի մայրաքաղաք էր հասել չորեքշաբթի։ Ֆիննական նավատորմի հետ համատեղ զորավարժություններին մասնակցել են ամերիկյան, ֆրանսիական եւ գերմանական նավերը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը «Yle» հեռուստաընկերությանը հաղորդել է, որ այցը համաձայնեցված է եղել դեռ մայիսի 18-ից առաջ, երբ երկիրը պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին՝ կառույցին անդամակցելու համար։ Միեւնույն ժամանակ նա խոստացել է, որ առաջիկայում նման այլ այցելություններ էլ կլինեն։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրն ավելացնում է միջազգային զորավարժությունների թիվը։ 2022 թ. այս կարգի եւս 20 միջոցառում պետք է տեղի ունենա։ Սա ութով ավելի է, քան նախատեսված էր նախկինում։ Խորհրդարանական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անտի Պետերի Օրպոն համատեղ զորավարժություններն անվանել է «ուժեղ քաղաքական ազդանշան արտաքին աշխարհին, ինչպես նաեւ Ռուսաստանին», եւ ասել. «Այս ազդանշանի իմաստն այն է, որ մեզ լուրջ են վերաբերվում»:
Իսկապես, ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ապագա դաշնակիցներն ամեն կերպ ցուցադրում են, որ եթե ինչ-որ բան պատահի, նրանց մեն-մենակ չեն թողնի իրենց արեւելյան հարեւանի հետ։ Դեռեւս մայիսի սկզբին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ի վիճակի է անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տալ երկու երկրներին այն ժամանակահատվածի համար, քանի դեռ նրանք չեն ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:
Թե որքան կտեւի այս անցումային շրջանը, դեռ պարզ չէ։ Մի կողմից՝ ուժի մեջ են մնում Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի մեջ մտցնելու պլանները Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Մյուս կողմից՝ Թուրքիայի հետ որեւէ պայմանավորվածություն չկա։ Անկարան խոստանում է վետո դնել այդ երկրների՝ դաշինքում ընդգրկման վրա, քանի որ չեն կատարում Անկարայի առաջադրած պայմանները։ Դրանց «ՀՀ»-ն մի քանի անգամ արդեն անդրադարձել է, ուստի հիմա պարզապես հիշեցնենք, որ Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից պահանջում է հրաժարվել այն կազմակերպությունների հետ համագործակցությունից, որոնց թուրքական իշխանություններն ահաբեկչական են համարում: Խոսքը գյուլենականների ու քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատների» մասին է:
Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրեն չեն բավարարում շվեդական ու ֆիննական պատվիրակությունների հետ Անկարայում կայացած բանակցությունների արդյունքները: Նա երկու երկրների իշխանություններին մեղադրել է անազնվության եւ թուրքական պայմանները չկատարելու ցանկության մեջ: «Այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի նախագահն Էրդողանն է, մենք որոշակիորեն չենք կարող «այո» ասել այն երկրների՝ դաշինքում ընդգրկմանը, որոնք աջակցում են ահաբեկչությանը»,- ասել է թուրք ղեկավարը:
Ոչ միայն Թուրքիան, այլեւ Ռուսաստանը հիշեցնում է Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու գնի մասին։ Դեռ մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին անմիջական վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։ Միեւնույն ժամանակ նա բազմանշանակ վերապահում է արել, որ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի Շվեդիա եւ Ֆինլանդիա, «անշուշտ, կառաջացնի մեր պատասխան արձագանքը»։ Իսկ մայիսի 23-ին ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում խոսել է Ալանդյան կղզիների եւ Սայմենյան ջրանցքի մասին։ Առաջինները Ֆինլանդիայի տարածք են եւ ապառազմականացված են ավելի քան մեկուկես դար՝ համաձայն 1856 թ. Փարիզի խաղաղության պայմանագրի, որը վերջ դրեց Ղրիմի պատերազմին: Անկախ Ֆինլանդիան այս կղզիները պահեց ապառազմականացված վիճակում: Սայմենյան ջրանցքը փորվել է նախորդ դարի կեսերին: 1939-1940 թթ. խորհրդա-ֆիննական պատերազմից հետո դրա մեծ մասն անցել է ԽՍՀՄ-ին։ Երկու երկրները պայմանագիր են կնքել ֆիննական կողմից ջրանցքը վարձակալելու մասին։ Այն 50 տարով երկարաձգվել է 2013 թ.։ Չիժովը հիշեցրել է, որ Ֆինլանդիան վարձակալում է այս ջրանցքի երկայնքով նեղ հողատարածք։ «Ի՞նչ է լինելու սրա հետ հիմա. պետք է տեսնենք»,- ասել է նա: Անկախ նրանից, թե ինչպես կընկալվի Չիժովի հայտարարությունը, դա կարծես ակնարկ է, որ 1940 թ. հետո առաջին անգամ կարող է տարածքային վեճ ծագել Ֆինլանդիայի եւ նրա արեւելյան հարեւանի միջեւ։
Ե. Պրիմակովի անվան ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի եվրոպական քաղաքական հետազոտությունների բաժնի կրտսեր գիտաշխատող Նիկիտա Բելուխինը «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում նկատել է, որ հիմա ֆիննական հանրության մեջ կան որոշակի բողոքներ՝ կապված երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ «Բողոքողների փաստարկներից մեկը հենց այն է, որ դաշինքին անդամակցելու դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները կվատթարանան»,- ասել է նա։
Իր մեկնաբանության մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, «ըստ երեւույթին, Սայմենյան ջրանցքի հետ կապված խնդիրը շատ տեխնիկական է», եւ Ֆինլանդիայում ոչ բոլորը գիտեն դրա մասին։ «Հելսինկիի համալսարանից ֆին պատմաբան Յիրկի Պասկոսկին արտահայտվել է այս թեմայով։ Նա ասել է, որ, մասնավորապես, Սայմենյան ջրանցքի մի մասի վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխումը կպահանջի բանակցություններ Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ։ Ռուսաստանը չի կարող դրանք փոխել միակողմանիորեն։ Պատմաբանը նաեւ նշել է, որ պայմանագրի կասեցման կամ դադարեցման մասին ծանուցումը պետք է ստացվի 12 ամիս առաջ»,- նշել է Բելուխինը։
Ինչ վերաբերում է Ալանդյան կղզիների կարգավիճակին, ապա այն, անշուշտ, Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների առարկա կդառնա։ Բելուխինը հիշեցրել է, որ Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Մատի Վանհանենը հակասական հայտարարություն է արել, որ ռազմական ուժերի մշտական տեղակայումն այդ կղզիներում կօգնի պաշտպանել Ֆինլանդիան հնարավոր ներխուժումից, ինչը հարուցել է Ալանդյան կղզիների վարչական կենտրոն Մարիեհամնեում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բողոքը։ .
Ինչ էլ որ լինի, մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի առճակատումն այս կամ այն կերպ կապված կլինի ծովի հետ, ոչ թե Բալթիկ, այլ Սեւ ծովի։ Մի քանի օր առաջ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ իր բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի նավերից պաշտպանական միջանցք ստեղծելու գաղափարը՝ Օդեսայից հացահատիկով բեռնափոխադրումների անխոչընդոտ անցման համար։ Այս պլանի մանրամասները հրապարակվել են արեւմտյան մամուլում։ Իսկ շաբաթ օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը: