Վրաստանի կառավարությունը, ինչպես տեղեկացնում են ռուսական եւ վրացական ԶԼՄ-ները, կդառնա «Բորժոմի» ընկերության սեփականատերը: Նպատակն է «Բորժոմին» ազատել այն անձանցից, ովքեր հայտնվել են Արեւմուտքի պատժամիջոցների տակ: Իսկ այդ ընկերության վրա տարածվել են Ուկրաինայի հակամարտության պատճառով կիրառված սահմանափակումները, քանի որ այն պատկանում է ռուսական «Ալֆա գրուպին»: Ապրիլից հանքային ջրի երկու գործարանի արտադրությունն էլ դադարեցվել է:
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, ով հրապարակել է կառավարության որոշումը, ասել է, որ դա ժամանակավոր քայլ չէ: Նրա խոսքով՝ ամեն ինչ կարվի, որպեսզի «Բորժոմիի» նկատմամբ որեւէ առարկություն չլինի, եւ ընկերությունը կարողանա լիարժեք գործել: Նա վստահեցրել է, որ բաժնետոմսերի մի մասի փոխանցումը կառավարությանն ամենեւին էլ արեւմտյան պատժամիջոցների շրջանցում չի նշանակում:
«Գլխավորն այն է, որ ընկերությունն այսուհետ չվերահսկվի պատժամիջոցների տակ հայտնված գործարարների կողմից: Այստեղ իրավաբանական շատ նրբություններ կան: Դրանք վերաբերում են եվրոպական բրիտանական կարգավորիչներին, Ազգային բանկին: Մանրուքներ չկան, ամեն ինչ մանրազնին ուսումնասիրության կարիք ունի, ուստի գործընթացներն ավարտված չեն: Այս պահին հաստատ հայտնի է, որ կառավարությունը կվերցնի բաժնետոմսերի մի մասը»,- Դավիթաշվիլիի խոսքերը մեջբերել է «Նեզավիսիմայա գազետան»:
Բնականաբար, ընդդիմությունը չէր կարող չանդրադառնալ նման անորոշ իրավիճակին եւ չհնչեցնել իր տեսակետը: Այն արմատապես տարբերվում է այն հայտարարությունից, որը կատարել է նախարարը: «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեի կարծիքով՝ կառավարությունը քայլեր է կատարում պատժամիջոցները շրջանցելու համար, սակայն իրականում ոչինչ չի փոխվի:
Վրացի փորձագետ Ալեքսանդր Տվալչրելիձեն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իդեալական հնարավորություն են՝ ազգայնացնելու «Բորժոմին»:
Այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնվեց պատժամիջոցների տակ, «Բորժոմիի» համար վատ օրեր են սկսվել: Երկու գործարանների 49 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից նոր պայմանագիր կնքելուց հրաժարվելու համար, ըստ որի՝ ձեռնարկությունների պարապուրդի պատճառով պետք է ստանային իրենց աշխատավարձի կեսը միայն: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն բան՝ աշխատատեղերը փրկելու համար, սակայն, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես կարելի է հասնել դրան պատժամիջոցների պայմաններում:
«Բորժոմիի» դարաշրջանն սկիզբ է առել նախանցած դարից: Ռեսուրսներից աղքատ երկրում այս հանքային ջուրը, որը գովազդվում է ողջ աշխարհում, միշտ եղել է գործարարների ուշադրության կենտրոնում: Մինչեւ 1995 թ. անհնար էր իմանալ, թե ում են պատկանում աղբյուրները կամ շշալցման գործարանները: Բացի այդ, տեղի բնակիչներն ինչ-որ կերպ կարողանում էին օգտվել ջրից ու ամեն օր տասնյակ հազարավոր արկղեր ուղարկել Թբիլիսի:
Աղբյուրների անարխիկ օգտագործումն ավարտվեց, երբ 1995 թ. դրա սեփականատերը դարձավ «Georgian Glass & Mineral Water Co» ընկերությունը՝ հայտնի գործարար, երկրում առաջատար TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեի ղեկավարությամբ:
7 տարի անց հաջորդ սեփականատերը դարձավ Բորիս Բերեզովսկի-Բադրի Պատարկացիշվիլի զույգը: Նրանց մահից հետո «Բորժոմին» անցավ Պատարկացիշվիլու ընտանիքի տնօրինությանը, որն էլ 2013 թ. բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառեց «Ալֆա գրուպին» (60 տոկոս): Վրացական «bm.ge» ինտերնետ-պորտալի տվյալներով՝ բաժնետոմսերը վաճառվել են 460 մլն դոլար արժեքով:
Գործարքը, որը հայտնի է դարձել վրաց հասարակությանը, բացասական արձագանք է առաջացրել: Վրաստանում շատերը կարծում էին, որ անընդունելի է ռազմավարական օբյեկտ վաճառել օտարերկրյա ընկերությանը, առավել եւս՝ ամենեւին էլ ոչ բարեկամ Ռուսաստանի ներկայացուցիչներին: Այդ ժամանակ կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել գործարքը եւ ազգայնացնել ինչպես շշալցման գործարանները, այնպես էլ «Բորժոմիի» բոլոր ինը հորերը:
Իսկ «Բորժոմին» միայն համանուն հանքային ջուրը չէ: Ընկերությանն են պատկանում նաեւ «Միտարբի» եւ «Լիկանի» համեղ հանքային ջրերը, «Բակուրիանի» աղբյուրի ջուրը: Դրանց բոլորի շշալցումը դադարեցվել է ապրիլի վերջին: Ինչպես հայտարարել է ընկերությունը, դա տեղի է ունեցել ֆինանսական խնդիրների պատճառով:
Ընկերության գործունեության դադարեցումն առաջացրել է աշխատակիցների բողոքը, եւ նրանք վարչապետից հանդիպում են պահանջել: Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ շուտով լավ նորություններ կունենա «Բորժոմիի» վերաբերյալ: Թբիլիսիում անմիջապես լուրեր տարածվեցին, որ իրավիճակին միջամտում է երկրի ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Իշխանության ներկայացուցչի հաջորդ հայտարարությունը տեղի ունեցավ մեկ ամիս անց: Բայց Դավիթաշվիլիի խոսքերից ամենեւին էլ ակնհայտ չէ Իվանիշվիլիի մասնակցությունը «Բորժոմիի» ճակատագրին:
Չնայած վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոստումներին, որ ամեն ինչ լավ է լինելու, «Բորժոմի» գործարանների աշխատակիցները երեկվանից բողոքի զանգվածային ակցիա են սկսել: Այդ մասին հաղորդումն արվել է սոցիալական ցանցերում՝ արհմիությունների կողմից: Բողոքողները առաջ են քաշում 6 պահանջ եւ կձգտեն, որ ընկերության ղեկավարությունը կատարի դրանք: Աշխատողները դժգոհ են աշխատավարձի կրճատումից եւ այն մարդկանց աշխատանքից հեռացումից, ովքեր համարձակվել են խոսել «Բորժոմիի» ղեկավարության կամայականությունների դեմ: Նրանք պահանջում են հեռացվածներին վերադարձնել աշխատանքի, վճարել նրանց լիարժեք աշխատավարձը, չեղարկել աշխատավարձերի կրճատումը, որը նախատեսված էր աշխատանքային նոր պայմանագրերով: Բողոքողները միեւնույն ժամանակ պահանջում են իրենց հետ անժամկետ աշխատանքային համաձայնագրեր ու կոլեկտիվ պայմանագիր կնքել:
Բացի այդ, գործարանների աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրում են «շանտաժի, սպառնալիքների ու հարկադրանքի մեջ»: Ցուցարարները պահանջում են դադարեցնել դա եւ պատժել մեղավորներին: