Թուրքիան թյուրքական աշխարհի մաս է ընկալում թաթարներին։ Վերջիններս հարմար «գործիք» են թուրքական իշխանությունների համար թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ հարաբերություններ կառուցելիս։
Վերջերս՝ մայիսի 18-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել էր հիշել անցյալի իրադարձությունները՝ կապված 1944 թ. Ղրիմի թաթարների տեղահանության հետ։ ԱԳՆ խոսնակ, դեսպան Թանջու Բիլգիչը, պատասխանելով Ղրիմի թաթարների եւ չերքեզների տեղահանության տարելիցների մասին հարցին, ասել է. «1944 թվականի մայիսի 18-ին Ղրիմի թաթար թուրքերը՝ Ղրիմի բնիկ բնակիչները, բռնի կերպով վտարվեցին իրենց հայրենիքից եւ արտաքսվեցին անմարդկային պայմաններում։ Ղրիմի 250 հազար թաթարների մեծ մասը մահացել է կա՛մ տեղահանության ժամանակ, կա՛մ այն վայրերում, որտեղ նրանց բռնի տեղավորել են: Այսօր մենք նշում ենք այս ողբերգական իրադարձության 78-րդ տարելիցը։ Թուրքիան կշարունակի աջակցել իր ազգականներին խաղաղության եւ բարգավաճման, ինչպես նաեւ իրենց ինքնությունը պաշտպանելու համար նրանց պայքարում»: Բիլգիչը չի մոռացել «չերքեզական աքսորի» 158-ամյակի մասին։ Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի նախարարությունը չերքեզների «վտարման» (1864 թ.) տարելիցի կապակցությամբ անգլալեզու տեսանյութ էր հրապարակել։ Մայիսի 21-ին թուրքական գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները հարգել են «չերքեզների աքսորի» հետեւանքով զոհվածների հիշատակը, իսկ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ հակառուսական ցույցեր են անցկացվել։
Դանիլեւսկու անվան ռուս-սլավոնական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բուրենկովի կարծիքով՝ Անկարան նպատակաուղղված օգտագործում է «չերքեզների ցեղասպանության» թեման՝ Կովկասում իրավիճակը սրելու համար։ Դատելով թուրքական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հայտարարություններից՝ այդ հարցը կշահարկվի՝ անկախ այն բանից՝ Թուրքիայի ներկայիս նախագահը կպահպանի իր պաշտոնը ապագա ընտրություններում, թե ոչ։ «Սակայն այսօր այս քաղաքականությունն արդեն իսկ արդյունք է տալիս. Դաղստանի բնակիչներն իրենց մեքենաները զարդարում են թուրքական դրոշներով եւ Էրդողանի դիմանկարներով»,- գրում է Բուրենկովը:
Ղրիմի թաթարների տեղահանման եւ չերքեզների «վտարման» վերաբերյալ քաղաքական հայտարարություններով թուրքական իշխանությունները թաթարական գործոնը օգտագործում են ազդեցության սահմանները ցուցադրելու եւ հարմար առիթով միջամտելու համար։ Միջազգային փորձագետ Պյոտր Մակեդոնցեւի կարծիքով՝ ճանաչելով Ղրիմի թաթարներին որպես Ռուսական կայսրության եւ ստալինյան բռնաճնշումների զոհ՝ հիմքեր են ապահովում Ղրիմ վերադառնալ ոչ միայն 1944 թ. վտարվածների ժառանգներին, այլեւ Ղրիմի թաթարական ծագում ունեցող այսպես կոչված՝ թուրքերին, որոնց նախնիները լքել են Ղրիմը դեռեւս Ռուսական կայսրության ժամանակներում։ Այսպիսի զարգացումն ինքնըստինքյան կհանգեցնի Ղրիմի բնակչության էթնիկական կազմի փոփոխության։ Հավելենք, որ Ղրիմի նվաճման թուրքական այսպիսի սցենարը թեեւ երկարաժամկետ ընթացք է ենթադրում, սակայն առավել արմատական է։ Կարեւոր է արձանագրել, որ Ղրիմի թաթարները չեն կազմել թերակղզու բնակչության մեծամասնությունը։ Օրինակ՝ 1926 թ. մարդահամարի տվյալներով նրանք կազմում էին թերակղզու բնակչության 25.4 տոկոսը կամ 179094 մարդ, իսկ 1939 թ.՝ Ղրիմի բնակչության 19.4 տոկոսը կամ 218879 մարդ, այսինքն՝ թեեւ քանակական առումով թաթարական բնակչությունն աճ է գրանցել, սակայն տոկոսային հարաբերությամբ ընդհանուր բնակչության թվակազմում նվազում կա։
Իդեալական տարբերակում Ղրիմը Թուրքիային անհրաժեշտ է որպես ինքնավար տարածք, ինչը թույլ կտար թերակղզու թաթարական ծագում ունեցող թուրքերին, իբր, պաշտպանելու եւ աջակցելու նպատակով թուրքական ռազմական ներկայություն ապահովել։ Դրա օրինակը տեսնում ենք Կիպրոսում։ Սակայն 2014 թ. մարտի 16-ին Ղրիմը հանրաքվեով միացավ Ռուսաստանին, ինչն անհնար դարձրեց Կիպրոսի սցենարի կրկնությունը։ Բնականաբար, Թուրքիան չի հրաժարվել Ղրիմը թուրքական տեսնելու նպատակից, սակայն փոխվել է դրան հասնելու մարտավարությունը։
Թեմայի շուրջ քննարկումներն ակտիվ են նաեւ թուրքական/թուրքամետ եւ ադրբեջանական սոցիալական հարթակներում։ Մասնավորապես՝ ակնկալվում է, որ թյուրքական կամ մուսուլման ժողովուրդների միավորման հավանականությունը մեծանալու է Ռուսաստանի թուլացման դեպքում։ Խաղադրույքն արվում է թաթարների, բաշկիրների, չեչենների վրա։ Մեծ է հատկապես ադրբեջանական ախորժակը, վերջիններս ակնկալում են, որ ռուսների, որպես պետականաստեղծ ազգի, թուլացման դեպքում հարավային շրջաններն Ադրբեջանի ազդեցության տակ անցնելու հնարավորություն կստանան։ Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում ռուսական դիրքորոշմանը, Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, ՌԴ ԱԳ նախարարության Մոսկվայի միջազգային հետազոտությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաեւը հայտարարեց, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Ադրբեջանի հետ առճակատման խնդրով, առավել եւս, որ այս տարվա փետրվարին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Նկատենք, որ որքան էլ ցանկալի եւ ձեռնտու չէ Ադրբեջանի հետ հարաբերություններում կոշտություն ցուցաբերելը, միեւնույն է, այդ երկիրը, ոգեւորված Թուրքիայի օգնությամբ ձեռք բերված հաղթանակով, ինքն է գնում սրացումների։