-Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) եւ այլն, հրաբուխների գործունեության արգասիք են եւ կոչվում են նաեւ հրաբխային ապակիներ։
-Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի, կավճի, սիլիկահողի խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են նատրիումի եւ կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։
-Հնագիտական պեղումներով Եգիպտոսում հայտնաբերվել են Ք. ծ. ա. 3-4րդ հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր եւ ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ։ Ընդհուպ մինչեւ մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն։ Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաեւ միջերկրածովյան երկրներում։ Ապակե իրեր պատրաստել են նաեւ Չինաստանում դեռեւս Ք. ծ. ա. 5-3-րդ դարերում։
-Ք. ծ. ա. 1-ին դարում երեւան եկավ ապակու փչման տեխնիկան, եւ խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում։ Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները Բյուզանդիայում, Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում եւ Միջին Ասիայում էին։ Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ եւ նկարազարդ անոթներ։ 17-րդ դարում Անգլիայում եւ Չեխիայում երեւան եկավ բյուրեղապակին։
-Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները։ Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ եւ բազմաթիվ այլ առարկաներ։ Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձեւ իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում եւ Անիում։