Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները տարբեր ուղղություններով մտահոգությունների տեղիք են տալիս ոչ միայն այն երկրներին, որոնց դեմ ուղղված են այդ քայլերը, այլեւ դաշնակիցներին։ Մայիսի 23-ին Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ ընդլայնելու 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թ. հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո:
«Անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով թուրքական զինուժը ռազմական գործողություններ է նախատեսել Մանբիջ եւ Թել Ռիֆաթ շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ Ժողովրդական ինքնապաշտպանության անդամների դեմ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում, նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների եւ սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը ԱՄՆ վարչակազմը դեմ է արտահայտվել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ չորեքշաբթի օրը համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը, միաժամանակ կասկածի տակ էր դրել առկա իրավիճակում այդ գործողությունների համարժեքությունը։ «Մենք դեմ կլինենք Սիրիայի հյուսիսում ցանկացած սրացման: Աջակցում ենք ներկայիս հրադադարին: Մտավախություն ունենք, որ ցանկացած նոր հարձակողական գործողություն կխաթարի կայունությունը տարածաշրջանում եւ հնարավորություն կտա կողմերին, որոնք փորձում են վնաս պատճառել, օգտվելու անկայունությունից իրենց սեփական նպատակների համար»,- ասել էր Բլինկենը։
Մինչ Թուրքիան պատրաստվում է քրդերի դեմ նոր ռազմական գործողություններին, ամերիկյան բանակի ստորաբաժանումներն անսպասելիորեն ներխուժել են Սիրիայի հյուսիսում գտնվող տարածք։ Այս մասին հայտնել է «Syria Direct» լրատվամիջոցը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող ռազմական եւ քաղաքացիական աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան զորքերը տեղակայված են Ռաքքայից հյուսիս գտնվող ռազմաբազայում, որը ներառում է նաեւ Տաբքայի օդանավակայանը, որտեղ նախկինում տեղակայված է եղել Սիրիայի կանոնավոր բանակի 17-րդ դիվիզիան: Սիրիայի դեմոկրատական ուժերի հյուսիսային բրիգադի խոսնակ Մահմուդ Հաբիբը լրատվամիջոցին ասել է, որ ամերիկյան զորքերի վերադարձն «անհրաժեշտ քայլ է», ըստ նրա, «ռուս-թուրքական մերձեցման ֆոնին, որը հղի է Սիրիայի հյուսիսում ազդեցության ոլորտների բաժանմամբ», իսկ ամերիկյան ուժերը «զսպող գործոն» են Թուրքիայի դեմ։ Ի դեպ, ամերիկյան զորքերը դուրս էին բերվել այդ տարածքներից 2019 թ. աշնանը՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Հասկանալի է, որ Էրդողանը բարենպաստ պահ է ընտրել ռազմական գործողությունը սկսելու համար: Չէ՞ որ Ռուսաստանը դեմ չի լինի դրան՝ հաշվի առնելով Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, չի միացել նաեւ պատժամիջոցներին։ Մյուս կողմից՝ Անկարան պահպանում է Մոնտրեի կոնվենցիան եւ թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի երկրների նավերի մուտքը Սեւ ծով։ Ավելին՝ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 31-ին հայտնեց, որ Թուրքիան չեղարկել եւ հետաձգել է Սեւ ծովում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ: Ռուսաստանի շահերից է բխում այն, որ Թուրքիայի դիրքորոշման հետեւանքով առայժմ փաստացի առկախված է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։
Ամերիկյան «The National Interest» միջազգային հարաբերություններին նվիրված երկամսյա ամսագիրն անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ Թուրքիան բարդ, բայց նպատակահարմար տարբերակ է Սիրիայում ամերիկյան զորքերին փոխարինելու համար։ Անկարան մի քանի դրդապատճառներ ունի հավելյալ սիրիական հողեր յուրացնելու համար: Դրանցից մեկն այն է, որ 1920 թ. Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիան հավակնություն ունի Հասաքայի նկատմամբ։ Հետեւաբար, հիշյալ տարածքի գրավումը դրական կանդրադառնա հաջորդ տարի Էրդողանի վերընտրվելու համար: Պարբերականի հոդվածագրի գնահատմամբ՝ սիրիական հակամարտությունում մասնակցությունը վաղուց կորցրել է իր ռազմավարական նշանակությունը Վաշինգտոնի համար, սակայն նկատենք, որ ամերիկյան զորքերի մուտքը բոլորովին այլ ուղերձ ունի։
Ինչպես տեսնում ենք, այստեղ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան շահերի բախում ունեն, եւ նրանցից յուրաքանչյուրը փորձում է թույլ չտալ մյուս կողմի դիրքերի ուժեղացումը։ Խնդիրն այն է, որ Էրդողանը վերջին շրջանում, մասնավորապես Ուկրաինայում ճգնաժամի խորացման պայմաններում ավելի անկախ, հաճախ նաեւ ընդգծված ինքնուրույն քաղաքականություն է վարում, որը, բնականաբար, մտահոգում է դաշնակիցներին։ Թուրքիայի անհաշտ կեցվածքը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում ինչ-որ առումով հարվածում է ռազմական կառույցի եւ հատկապես Միացյալ Նահանգների հեղինակությանը։ Վերջինս, որպես «առաջին ջութակ», չի կարող թույլ տալ, որպեսզի Թուրքիան հայտնվի խաղի կանոններ թելադրողի դերում։ Սեփական կշիռը բարձր պահելու համար ԱՄՆ-ն ստիպված է լինելու Էրդողանին ցույց տալ թույլատրելիի սահմանները՝ բացատրելով, որ պետք է զսպել ախորժակը։