Աստվածաշունչը կյանքի գիրք է։ Դա դոգմաների ու պատվիրանների հավաքածու չէ, ինչպես ոմանք ցանկանում են այն ներկայացնել։
Սուրբ Գրքի բովանդակության մեծ մասը շարադրված է պատմողական ոճով, որտեղ պատմվում է վաղնջական ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Բայց եւ այն պարզապես պատմություն չէ. այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, մեզ ուսուցանելու համար է.
«Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք»։ Հռովմեացիս 15։4
Աստվածաշնչում չի անտեսված նաեւ ընկերության թեման։ Այս առումով առանձնանում են ընկերության մի քանի վառ օրինակներ, որոնք ոչ միայն ուշագրավ պատմություններ են, այլեւ ուսուցողական արժեքավոր օրինակներ։
Բերված օրինակների դիտարկումը կլինի հետաքրքիր եւ ուսուցողական յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ունենալ իսկական ընկերներ եւ լինել լավ ընկեր։
Մենք կներկայացնենք ընկերության օրինակների նկարագրություններ, որի պատմական կարճ ակնարկից հետո մեջբերումներ կանենք Աստվածաշնչից։
Դավիթ եւ Հովնաթան
Դավիթն ու Սավուղ արքայի ավագ որդի Հովնաթանը ընկերացան, երբ Դավիթը հաղթեց փղշտացիների հսկա մարտիկ Գողիաթին.
«Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։ Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կմատնէ. ու ես քեզ կմեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կառնեմ. եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի»։ Ա Թագավորաց 17։45-46
«Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպրտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։ Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չկար»։ Ա Թագավորաց 17։49-50
Այդ ժամանակ Դավիթը քսան տարեկան էր, իսկ Հովնաթանը՝ մոտ հիսուն։ Երիտասարդի տղամարդկությունն ու Աստծուն ապավինելու ունակությունն այնպիսի տպավորություն գործեցին Հովնաթանի վրա, որ նա սիրեց Դավիթին եւ խոստացավ մշտապես աջակցել նրան։ Մինչեւ Հովնաթանի օրերի վերջը նրանք միմյանց կապված էին ընկերության ամուր հանգույցներով։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ