Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան այլեւս… «հնդկահավ» չէ

Էրդողանը մրցակցում է Աթաթուրքի հետ

Հունիսի 4, 2022
Միջազգային
Թուրքիան այլեւս… «հնդկահավ» չէ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
267
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի անվանափոխությունը, եւ այսուհետ այդ երկիրն անգլերենով կոչվելու է ոչ թե Republic of Turkey՝ Թուրքիայի Հանրապետություն, այլ Republic of Turkiye, կրճատ՝ Turkiye, որը հնչում է՝ Թյուրքիյե։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման փոփոխությունը բացատրում է հետեւյալ կերպ. «Այն լավ է ներկայացնում եւ արտահայտում թուրք ազգի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էլ նշել է, որ երկրի անվան ուղղագրության փոփոխությունը նպաստելու է «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը», քանի որ նոր անվանումն «ավելորդ ասոցիացիաներ» չի առաջացնի անգլերեն «turkey»՝ թարգմանաբար՝ «հնդկահավ» բառի հետ։ Բացի այդ, ըստ «Cambridge English Dictionary»-ի, «turkey» բառը փոխաբերական իմաստով ունի հիմար, անհաջողակ, անշնորհք նշանակությունը։ «Մենք ջանքեր կգործադրենք 360 աստիճան ընդգրկմամբ ամրապնդելու Turkiye ապրանքանիշը, ներկայացնելու եւ ակտիվացնելու այն աշխարհում։ Մենք կձգտենք մեր երկիրը դարձնել համաշխարհային տերություն եւ գլոբալ խաղացող»,- դեռեւս 2021 թ. դեկտեմբերի 27-ին հայտարարել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Թուրքիայի նոր անվանումը կլինի բոլոր միջազգային փաստաթղթերում, միջազգային միջոցառումներին, այլ պետությունների հետ բանակցություններում, միջազգային գործարքների ժամանակ։ Էրդողանը երկրի անվանափոխությունն սկսել էր 2021 թ. դեկտեմբերին։ 2022 թ. հունվարից ապրանքներ վաճառելիս երկիրն արդեն օգտագործում է «Made in Turkiye» մակագրությունը։ Թուրքիայի ներսում տրամադրությունները տարբեր են, կան ինչպես երկրի անվան փոփոխությանն աջակցողներ, այնպես էլ՝ քննադատողներ, որոնք կարծում են, որ նման քայլերով Էրդողանը պարզապես զբաղեցնում է ժողովրդին՝ տնտեսական ճգնաժամից եւ ներքաղաքական խնդիրներից մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները ուշադրությունը շեղելու նպատակով։

Թուրքիայի անվանափոխության հարց նախկինում էլ քննարկվել է քաղաքական շրջանակներում, հատկապես՝ էթնիկ քուրդ Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ (1989-1993 թթ.): Արսեն Յալանուզյանը «Հայ զինվորի» 2013 թ. մայիսի համարում գրում է, որ նրա համար պետության անվանափոխությունը քրդական խնդրի լուծման բանալի էր, քանի որ Թուրքիան դադարելու էր միայն «թուրքերի պետություն» լինելուց եւ վերածվելու էր «աշխարհագրական տարածքի», որտեղ թուրքերի հետ հավասար իրավունքներ էին ստանալու նաեւ մյուս ժողովուրդները, նախեւառաջ` քանակով թուրքերին հաջորդող քրդերը, այսինքն՝ առաջարկում էր Թուրքիան դարձնել դաշնային հանրապետություն: Օզալը դրանով առաջին պլան էր մղում «հողի», այսինքն` աշխարհագրական սկզբունքը` ի տարբերություն պանթյուրքիստների «արյան ու լեզվի» սկզբունքի, ինչը հակասում է թուրքական ազգայնականությանը, այսինքն` քեմալականության գաղափարախոսությանը: Ուշագրավ է, որ քրդական հարցը լուծելու նպատակով այն ժամանակ վարչապետ Էրդողանը նույնպես ցանկություն է ունեցել Թուրքիայի Հանրապետությունը վերանվանել «Անատոլիական հանրապետություն»: Այդ մասին գրել էր թուրք ազգայնականների «Ենիչաղ» թերթը 2013 թ. ապրիլի 23-ի համարում։

Սակայն ներկայումս Էրդողանն իր առջեւ նպատակ է դրել ստեղծելու «համաշխարհային տերություն», «գլոբալ խաղացող», որը կկարողանա հաստատել իր առաջնորդությունը նախեւառաջ թյուրքալեզու ժողովուրդների եւ պետությունների շրջանում։ Պետության անվանման փոփոխությունը թույլ կտա մշտապես «հիշեցնել» թյուրքական աշխարհում ունեցած հավակնությունները։ Մյուս կողմից՝ Թուրքիան իսլամական աշխարհում եւս առաջնորդի դերը ստանձնելու հավակնություններ ունի։ Սամուել Հանթինգթոնը «Քաղաքակրթությունների բախումը եւ աշխարհակարգի վերափոխումը» աշխատության (1996 թ.) մեջ գրել էր. «Արեւմուտքի ազդեցությունից՝ աշխարհիկությունից եւ դեմոկրատիայից լավի եւ չարի դասեր քաղելով՝ Թուրքիան կարող է հասնել իսլամի առաջնորդ դառնալու նմանատիպ իրավունքի: Բայց դրան հասնելու համար նրան պետք է ավելի վճռականորեն հրաժարվել Աթաթուրքի ժառանգությունից, քան Ռուսաստանը լքեց Լենինի պատվիրանները: Թերեւս, դրա համար անհրաժեշտ կլինի Աթաթուրքի հասակով առաջնորդ, որը կմիավորի կրոնական եւ քաղաքական ժառանգությունը, որպեսզի Թուրքիան քանդված երկրից վերածի առանցքային պետության»: Ի դեպ, այս մասին գրվել է այն ժամանակ, երբ Էրդողանը դեռեւս առաջին քայլերն էր անում քաղաքականության մեջ։ Իհարկե, այդ ուղղությամբ զարգացումները, այսինքն՝ իսլամի դերակատարության մեծացումը տեղի կունենան այնքանով, որքանով ձեռնտու կլինեն Էրդողանին սեփական ծրագրերն ու նպատակները կենսագործելու համար։ Այս վերջին հանգամանքը, բնականաբար, հեռացնում է քեմալական Թուրքիայից։

Այս օրերին քանդում են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, որտեղ նախատեսվում է ստեղծել կանաչ գոտի, որը կներառի այգի, տարբեր մարզաձեւերի համար նախատեսված մարզահրապարակներ, հիվանդանոց եւ սրճարան, ինչպես նաեւ կկառուցվի 52 հազար քմ մակերեսով մզկիթ։ Այդ մասին գրում է ընդդիմադիր թերթերից մեկը։ Օդանավակայանը կանաչ գոտու վերածելու նախագծի մասին հայտարարվել էր դեռ 2018 թ., սակայն թռիչքուղիների ապամոնտաժման աշխատանքներն սկսվել են վերջերս։ Բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմադիր լրատվամիջոցները եւ որոշ մտավորականներ դեմ են արտահայտվել օդանավակայանի քանդմանը։ Նրանք դա համարում եմ Աթաթուրքի հետ մրցակցելու փորձ, քանի որ Էրդողանին «նույնիսկ Աթաթուրք անունն է անհանգստացնում»։

Նկատենք, որ Աթաթուրքի դեմ Էրդողանի «պատերազմը» նոր չի սկսվել, դրան ուղղված քայլերից կարելի է համարել նաեւ Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, երբ երկու տարի առաջ՝ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց Թուրքիայի կառավարության 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումը «Սբ Սոֆիա» թանգարանի կարգավիճակի վերաբերյալ: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ «նոր» Թուրքիա կառուցելու ճանապարհին Էրդողանի ձգտումն է գերազանցել Աթաթուրքին եւ գրել Թուրքիայի պատմության իր էջը։

Թեգեր: Թուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Իմ սրտում տրտում կան անբառ երգեր…»

«Իմ սրտում տրտում կան անբառ երգեր...»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist