«…Թիֆլիս, 1916 թվական: Մարդկանց իրարանցման, հակերի եւ արկղերի միջով դանդաղ քայլում էր բարձրահասակ, բարեկազմ, բայց կարծես ինչ-որ վշտից կորացած մի մարդ, որի վրա ամեն ոք ամենից առաջ տեսնում էր նրա ցոլուն ու խորունկ աչքերը՝ լուսավորված սիրով ու տագնապով: Ես էլ ամենից առաջ տեսա այդ աչքերը: Հետեւելով նրան ու ականջ դնելով նրա խոսքին՝ հասկացա, որ նա դեսուդեն է ընկնում, որպեսզի առաջին հերթին բեռներ ուղարկեն Վան:
-Էնտեղ դեռ մարդիկ կան…դեռ կա՛ն,- ինձ հասավ նրա խոսքը:
Իմ գիտակցության մեջ դա խստորեն հակադրվում էր այն բառերին, թե Վանում մարդ չկա, ինչպես ինձ ասել էին Քաղաքների միության թիֆլիսյան բաժանմունքում: Իմ առաջ կիսաբացվեց մի վարագույր, որը ծածկում էր ինձ համար անհայտ հայ ժողովրդի ճակատագիրը:
-Ո՞վ է սա,-հարցրի ինչ-որ մեկին:
-Չգիտե՞ք: Ախր Հովհաննես Թումանյանն է, մեր հայ բանաստեղծը:
Վճռականորեն մոտեցա Հովհաննես Թումանյանին:
-Ես Վան եմ գնում, ես բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի: Թույլ տվեք սեղմել Ձեր ձեռքը:
Բաց, երկար մատներով նրա բարակ ձեռքերն արդեն քնքշորեն պահում էին իմ ձեռքը:
-Մենք Ձեզ գիտենք… Վա՞ն: Դժվար ճամփա է, դժվար գործ: Քաղաքների միությունի՞ց: Էնտեղ ի՞նչ եք մտադիր անել:
-Չգիտեմ:
-Հավաքեք ու փրկեք երեխեքին, նրանք էնտեղ դես-դեն են ընկած: Ապրում են ավերակներում, կիրճերում: Որբանոց ենք կազմակերպում: Այստեղ որտե՞ղ եք մնում:
-Քրոջս տանը:
-Իրիկունը եկեք ինձ մոտ՝ Վոզնեսենսկայա 18…»:
Այո, Վան գնացողը 20-րդ դարի ռուս հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, մեր ժողովրդի ազնվագույն բարեկամներից մեկն էր՝ Սերգեյ Գորոդեցկին, ով քաջատեղյակ էր 1915-ի Հայոց ցեղասպանությանը եւ սահմռկած էր տեղի ունեցածից. «Ժամանակակից համամարդկային, միջազգային խիղճը, եթե այն հնչում է՝ ապա ոչ թե պղնձի, այլ ուրիշ մետաղի հնչյուններով: Մարդիկ փակել են իրենց ականջները, կոպերն էլ իջեցրել են աչքերի վրա, որ չտեսնեն եւ չլսեն ահաբեկող իրադարձությունները…»: Նա այն եզակի ռուս գրողներից էր, ով անձամբ եղել էր Արեւմտյան Հայաստանում, սեփական աչքերով տեսել հայ ժողովրդի սպանդը: Նրա «Սեմիրամիդայի պարտեզները» վեպը եւ Հայաստանին նվիրված պատմվածքներն ու հիշողությունները յուրօրինակ մեղադրանք են միջազգային հանրությանը, որի լուռ համաձայնությամբ իրագործվեց մարդկության մեծագույն ողբերգությունը՝ թուրք բորենիների ձեռամբ… «Մարզը մարզի հետեւից անցնում է թշնամու ձեռքը՝ Վայոց ձոր, Վասպուրական, Տաշիր… հայոց պատմական հողերը… Երկիրը կորցնում է իր գլխավոր հարստությունը՝ իր ժողովրդին…»,- նվիրական բարեկամի սրտացավությամբ գրել է Գորոդեցկին:
Հայկական հարցին, Հայաստանին նվիրված նրա հոդվածները, բանաստեղծություններն ու նամակները բազմիցս են տպագրվել մեզանում: Եվ քանի որ մեր ապրած ժամանակները նույնքան տագնապահարույց են, հերոսական մեր լեռնակղզու՝ Արցախի խնդիրն ու նրա ճակատագիրը՝ անորոշ, խիստ ժամանակահունչ է ռուս բանաստեղծի՝ դեռեւս 1919-ին հրապարակած հոդվածը՝ նվիրված Արցախ-Ղարաբաղին: Այն, իհարկե, արժեր ներկայացնել ամբողջությամբ, սակայն հատվածաբար ներկայացնելու դեպքում էլ պատկերն ամբողջականի տպավորություն կթողնի: Հրապարակում, որն ասես գրված լինի հենց այսօր, եւ որի թանաքը դեռ չի էլ հասցրել չորանալ…
«Ամեն երկիր ու ամեն ազգ ունի իր նվիրական ամրությունները: Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ եթե ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը, հույսերի կղզին, վերածննդի գրավականը: Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել եւ ունի Ղարաբաղի լեռնային հատվածը: Ինքը՝ բնությունը, սրան չափազանց մեծ նշանակություն է տվել: Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որ Կարսի ու Սեւանի լեռնաբազուկների շարունակությունն են, երկու հազար տարուց ավելի հայ ժողովուրդը տարել է թափառական ցեղերի ճնշումը՝ պահպանելով իր մշակույթն ու ազգային դեմքը:
Ազգայնորեն, տնտեսապես եւ լեզվով միասնական լինելով՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թեւը: Այդպիսին այն եղել է անցյալում, այդպիսին է այսօր, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, հնարավոր չէ պաշտպանել՝ չտիրապետելով Ղարաբաղին: Մի անգամ չէ, որ դարերի ընթացքում հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին, թափանցել այնտեղ միայն գետերի հովիտներով, բայց այստեղ էլ երկար չեն մնացել: Մի անգամ չէ, որ Սյունիքի մելիքությունները (ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում) սեփական ուժերով ետ են շպրտել ու հալածել թշնամուն: Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ:
Բնությունը եւ պատմությունը Ղարաբաղում ստեղծել են հատուկ տեսակ: Ամբողջ աշխարհում ղարաբաղցիներին հեշտ է տարբերել: Անձնուրաց քաջություն, հակվածություն՝ դիմել ռիսկի, ինքնավստահ, յուրօրինակ համառություն, նահապետականություն՝ ընտանեկան առօրյայում՝ սրանք են ղարաբաղցուն բնորոշ հատկանիշները, որոնք պատմության ընթացքում խամրած հին հայկական քաջության կենտրոնացումն են, որը պահպանվել է Ղարաբաղում: Ամուր ազգ, որն իր կյանքը փրկելու համար գնացել է սարեր, ավելի ամրացել լեռնային օդից եւ զերծ մնացել վարակներից, որոնք հասնում էին հարթավայրի բնակիչներին:
Մեր ժամանակներում Ղարաբաղը չի մոռացել իր հին փառքը: Հավաքելով, ինչպես Լենկթեմուրի ժամանակներում, իրենց ուժերը՝ մելիքները պաշտպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի դրվագը չի փոխել Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծը, ըստ էության, մնացել է անձեռնմխելի, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ…»:
Ահա այսպես: Բայց, ցավոք, նոր հողմեր անցան մեր ազատատենչ լեռնակղզու գլխով: Հայոց բերդաքաղաք Շուշին վերստին հայտնվեց ամենակուլ վիշապի երախում, քաղաքի բերդապարիպներին վերստին թառեցին արնաբերան գիշանգղներ, հայաշշունջ աղոթքը լռվեց Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց հրաշափառ տաճարում, բնօրրաններից տեղահանվեցին հազարավոր մարդիկ, արկերի անձրեւի տակ բույլ-բույլ նահատակվեցին մեր հույսի ասպետները: Եվ բորենիների մարդանման առաջնորդ-հտպիտը հռհռաց…
Այս ամենը, սակայն, նոր չէր մեզ համար. բազմիցս ենք անցել պատմության արյունոտ քառուղիներով: Եվ եթե այսօր մեր կողքին լիներ մի նոր Սերգեյ Գորոդեցկի, վստահ եմ՝ պիտի ողոքեր՝ հայոց ողնաշարը ջարդելն անհնարին է: Ու՛ժ առեք ժամանակավոր տկարություններից, հավատացեք ու ապավինեք արիական ձեր ցեղի մահահաղթ բազկին, եւ Հայաստանի սիրտ Արարատյան դաշտի ծաղկունքը կշարունակեն ժպտալ հավիտենապես անընկճելի, հայ ու հայաշունչ Ղարաբաղ-Արցախին…
Չտարակուսե՛նք իսկ, որ այդպես է լինելու: Զինվե՛նք ու զորեղանա՛նք՝ չմոռանալով երբեք, թե ովքեր են մեր կողքին…