Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»

«Մի անգամ չէ, որ հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին…»

Հունիսի 9, 2022
Մշակույթ
«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Թիֆլիս, 1916 թվական: Մարդկանց իրարանցման, հակերի եւ արկղերի միջով դանդաղ քայլում էր բարձրահասակ, բարեկազմ, բայց կարծես ինչ-որ վշտից կորացած մի մարդ, որի վրա ամեն ոք ամենից առաջ տեսնում էր նրա ցոլուն ու խորունկ աչքերը՝ լուսավորված սիրով ու տագնապով: Ես էլ ամենից առաջ տեսա այդ աչքերը: Հետեւելով նրան ու ականջ դնելով նրա խոսքին՝ հասկացա, որ նա դեսուդեն է ընկնում, որպեսզի առաջին հերթին բեռներ ուղարկեն Վան:

-Էնտեղ դեռ մարդիկ կան…դեռ կա՛ն,- ինձ հասավ նրա խոսքը:

Իմ գիտակցության մեջ դա խստորեն հակադրվում էր այն բառերին, թե Վանում մարդ չկա, ինչպես ինձ ասել էին Քաղաքների միության թիֆլիսյան բաժանմունքում: Իմ առաջ կիսաբացվեց մի վարագույր, որը ծածկում էր ինձ համար անհայտ հայ ժողովրդի ճակատագիրը:

-Ո՞վ է սա,-հարցրի ինչ-որ մեկին:

-Չգիտե՞ք: Ախր Հովհաննես Թումանյանն է, մեր հայ բանաստեղծը:

Վճռականորեն մոտեցա Հովհաննես Թումանյանին:

-Ես Վան եմ գնում, ես բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի: Թույլ տվեք սեղմել Ձեր ձեռքը:

Բաց, երկար մատներով նրա բարակ ձեռքերն արդեն քնքշորեն պահում էին իմ ձեռքը:

-Մենք Ձեզ գիտենք… Վա՞ն: Դժվար ճամփա է, դժվար գործ: Քաղաքների միությունի՞ց: Էնտեղ ի՞նչ եք մտադիր անել:

-Չգիտեմ:

-Հավաքեք ու փրկեք երեխեքին, նրանք էնտեղ դես-դեն են ընկած: Ապրում են ավերակներում, կիրճերում: Որբանոց ենք կազմակերպում: Այստեղ որտե՞ղ եք մնում:

-Քրոջս տանը:

-Իրիկունը եկեք ինձ մոտ՝ Վոզնեսենսկայա 18…»:

Այո, Վան գնացողը 20-րդ դարի ռուս հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, մեր ժողովրդի ազնվագույն բարեկամներից մեկն էր՝ Սերգեյ Գորոդեցկին, ով քաջատեղյակ էր 1915-ի Հայոց ցեղասպանությանը եւ սահմռկած էր տեղի ունեցածից. «Ժամանակակից համամարդկային, միջազգային խիղճը, եթե այն հնչում է՝ ապա ոչ թե պղնձի, այլ ուրիշ մետաղի հնչյուններով: Մարդիկ փակել են իրենց ականջները, կոպերն էլ իջեցրել են աչքերի վրա, որ չտեսնեն եւ չլսեն ահաբեկող իրադարձությունները…»: Նա այն եզակի ռուս գրողներից էր, ով անձամբ եղել էր Արեւմտյան Հայաստանում, սեփական աչքերով տեսել հայ ժողովրդի սպանդը: Նրա «Սեմիրամիդայի պարտեզները» վեպը եւ Հայաստանին նվիրված պատմվածքներն ու հիշողությունները յուրօրինակ մեղադրանք են միջազգային հանրությանը, որի լուռ համաձայնությամբ իրագործվեց մարդկության մեծագույն ողբերգությունը՝ թուրք բորենիների ձեռամբ… «Մարզը մարզի հետեւից անցնում է թշնամու ձեռքը՝ Վայոց ձոր, Վասպուրական, Տաշիր… հայոց պատմական հողերը… Երկիրը կորցնում է իր գլխավոր հարստությունը՝ իր ժողովրդին…»,- նվիրական բարեկամի սրտացավությամբ գրել է Գորոդեցկին:

Հայկական հարցին, Հայաստանին նվիրված նրա հոդվածները, բանաստեղծություններն ու նամակները բազմիցս են տպագրվել մեզանում: Եվ քանի որ մեր ապրած ժամանակները նույնքան տագնապահարույց են, հերոսական մեր լեռնակղզու՝ Արցախի խնդիրն ու նրա ճակատագիրը՝ անորոշ, խիստ ժամանակահունչ է ռուս բանաստեղծի՝ դեռեւս 1919-ին հրապարակած հոդվածը՝ նվիրված Արցախ-Ղարաբաղին: Այն, իհարկե, արժեր ներկայացնել ամբողջությամբ, սակայն հատվածաբար ներկայացնելու դեպքում էլ պատկերն ամբողջականի տպավորություն կթողնի: Հրապարակում, որն ասես գրված լինի հենց այսօր, եւ որի թանաքը դեռ չի էլ հասցրել չորանալ…

«Ամեն երկիր ու ամեն ազգ ունի իր նվիրական ամրությունները: Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ եթե ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը, հույսերի կղզին, վերածննդի գրավականը: Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել եւ ունի Ղարաբաղի լեռնային հատվածը: Ինքը՝ բնությունը, սրան չափազանց մեծ նշանակություն է տվել: Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որ Կարսի ու Սեւանի լեռնաբազուկների շարունակությունն են, երկու հազար տարուց ավելի հայ ժողովուրդը տարել է թափառական ցեղերի ճնշումը՝ պահպանելով իր մշակույթն ու ազգային դեմքը:

Ազգայնորեն, տնտեսապես եւ լեզվով միասնական լինելով՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թեւը: Այդպիսին այն եղել է անցյալում, այդպիսին է այսօր, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, հնարավոր չէ պաշտպանել՝ չտիրապետելով Ղարաբաղին: Մի անգամ չէ, որ դարերի ընթացքում հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին, թափանցել այնտեղ միայն գետերի հովիտներով, բայց այստեղ էլ երկար չեն մնացել: Մի անգամ չէ, որ Սյունիքի մելիքությունները (ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում) սեփական ուժերով ետ են շպրտել ու հալածել թշնամուն: Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ:

Բնությունը եւ պատմությունը Ղարաբաղում ստեղծել են հատուկ տեսակ: Ամբողջ աշխարհում ղարաբաղցիներին հեշտ է տարբերել: Անձնուրաց քաջություն, հակվածություն՝ դիմել ռիսկի, ինքնավստահ, յուրօրինակ համառություն, նահապետականություն՝ ընտանեկան առօրյայում՝ սրանք են ղարաբաղցուն բնորոշ հատկանիշները, որոնք պատմության ընթացքում խամրած հին հայկական քաջության կենտրոնացումն են, որը պահպանվել է Ղարաբաղում: Ամուր ազգ, որն իր կյանքը փրկելու համար գնացել է սարեր, ավելի ամրացել լեռնային օդից եւ զերծ մնացել վարակներից, որոնք հասնում էին հարթավայրի բնակիչներին:

Մեր ժամանակներում Ղարաբաղը չի մոռացել իր հին փառքը: Հավաքելով, ինչպես Լենկթեմուրի ժամանակներում, իրենց ուժերը՝ մելիքները պաշտպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի դրվագը չի փոխել Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծը, ըստ էության, մնացել է անձեռնմխելի, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ…»:

Ահա այսպես: Բայց, ցավոք, նոր հողմեր անցան մեր ազատատենչ լեռնակղզու գլխով: Հայոց բերդաքաղաք Շուշին վերստին հայտնվեց ամենակուլ վիշապի երախում, քաղաքի բերդապարիպներին վերստին թառեցին արնաբերան գիշանգղներ, հայաշշունջ աղոթքը լռվեց Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց հրաշափառ տաճարում, բնօրրաններից տեղահանվեցին հազարավոր մարդիկ, արկերի անձրեւի տակ բույլ-բույլ նահատակվեցին մեր հույսի ասպետները: Եվ բորենիների մարդանման առաջնորդ-հտպիտը հռհռաց…

Այս ամենը, սակայն, նոր չէր մեզ համար. բազմիցս ենք անցել պատմության արյունոտ քառուղիներով: Եվ եթե այսօր մեր կողքին լիներ մի նոր Սերգեյ Գորոդեցկի, վստահ եմ՝ պիտի ողոքեր՝ հայոց ողնաշարը ջարդելն անհնարին է: Ու՛ժ առեք ժամանակավոր տկարություններից, հավատացեք ու ապավինեք արիական ձեր ցեղի մահահաղթ բազկին, եւ Հայաստանի սիրտ Արարատյան դաշտի ծաղկունքը կշարունակեն ժպտալ հավիտենապես անընկճելի, հայ  ու հայաշունչ Ղարաբաղ-Արցախին…

Չտարակուսե՛նք իսկ, որ այդպես է լինելու: Զինվե՛նք ու զորեղանա՛նք՝ չմոռանալով երբեք, թե ովքեր են մեր կողքին…

Թեգեր: բանաստեղծՀովհաննես ԹումանյանՍերգեյ ԳորոդեցկիՎան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023
Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Հաջորդ Հոդվածը
Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում

Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում

Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ hhgova[email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist