«Ցրտահարության մակարդակին կամ դրան մոտ»,- Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը վերջերս այսպես է նկարագրել Լոնդոնի եւ Մոսկվայի հարաբերությունները: Նրա անկեղծությունը զարմանք է առաջացրել դիվանագիտական շրջանակներում, բայց իզուր: Սկսած 1917 թ. բոլշեւիկյան հեղափոխության ժամանակներից՝ երկու երկրների թշնամությունը նորմ էր, այլ ոչ թե բացառություն: Կշեռքի մյուս նժարին Գորբաչով-Ելցին դարաշրջանում հարաբերությունների կարճատեւ ջերմացումն է, ինչպես նաեւ Ստալինի հետ ոչ սովորական դաշինքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Արտաքուստ այն ջերմ էր, բայց շատ փխրուն տեսք ուներ, ինչի մասին վկայում է Միացյալ Թագավորության ազգային արխիվի սենսացիոն, բայց քիչ հայտնի փաստաթուղթը: Դոսյեն (CAB 120/691) պարունակում է Խորհրդային Միության դեմ պատերազմի ցնցող ծրագիր, որը պետք է ձեռնարկեին արեւմտյան դաշնակիցները Գերմանիայի կապիտուլյացիայից երկու ամիս անց: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:
Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հույս ուներ, որ Ստալինը կաջակցի հետպատերազմյան ժողովրդավարական Եվրոպայի ստեղծման իր պլաններին: Ստալինը մտադրություն չուներ հրաժարվել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ վերահսկողությունից, բայց լիարժեք պատրաստ էր նահանջել Յալթայում ձեռք բերված պայմանավորվածություններից: Նրա երկերեսանիությունը զայրացրեց Չերչիլին եւ հանգեցրեց իր նախկին դաշնակցի նկատմամբ վարած քաղաքականության տպավորիչ, բայց հրապարակման ոչ ենթակա կտրուկ շրջադարձի: 1945 թ. մայիսի սկզբին՝ Կարմիր բանակի կողմից Բեռլինի գրավումից ընդամենը մի քանի օր անց Չերչիլն իր ռազմական գերատեսչության միացյալ պլանավորման շտաբի աշխատակիցներին հրամայեց մշակել «Operation Unthinkable»` «Անընկալելի օպերացիա», որը խոշորագույն ցամաքային, օդային եւ ծովային հարձակում էր Խորհրդային Միության վրա:
«Այս գործողությունն ընկալվում էր որպես արեւմտյան դաշնակիցների կողմից ռազմական հարված այն տարածքներում, որոնք նվաճվել էին Խորհրդային Միության կողմից: Դրա նպատակն էր Ռուսաստանին պարտադրել «Միացյալ Նահանգների եւ Բրիտանական կայսրության կամքը»: Հարձակման ռազմավարական ճարտարապետը բրիգադային գեներալ Ջեֆրի Թոմփսոնն էր՝ Արքայական հրետանու նախկին հրամանատարը, ով Արեւելյան Եվրոպայի տարածքում աշխատանքի փորձ ուներ: Թոմփսոնի խնդիրն էր հաշտությունից հետո ութ շաբաթվա ընթացքում մտածել խորհրդային ուժերի վրա անսպասելի հարձակման մասին: Ռազմական գործողությունների նրա պլանը նախատեսում էր զանգվածային հարձակում Բեռլինի ուղղությամբ ու նրա սահմաններից դուրս, միեւնույն ժամանակ բրիտանական ու ամերիկյան դիվիզիաները Կարմիր բանակին պետք է հետ մղեին մինչեւ Օդեր ու Նեյսե գետերը՝ Գերմանիայի մայրաքաղաքից դեպի արեւելք մոտավորապես 55 մղոն հեռու»,– նշված է հոդվածում:
«Ռազմական գործողությունների սկիզբը՝ 1945 թ. հուլիսի 1»,- գրել է Թոմփսոնն իր պլաններում: Առաջին հարձակմանը պետք է հետեւեր վճռական բախումը Շնայդեմյուլյայի (այժմ՝ Պիլա՝ Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում) մոտ գտնվող գյուղական տեղանքում: Դա պետք է լիներ տանկային զանգվածային բախում, շատ ավելի զանգվածային, քան Կուրսկի ճակատամարտը, որը պատմության մեջ տանկային խոշորագույն հարձակումն է, որի ժամանակ Կուրսկի աղեղում մարտնչում էր 6000 մեքենա: «Operation Unthinkable»-ում պետք է ներգրավվեր ավելի քան 8000 մարդ, այդ թվում՝ ամերիկյան, բրիտանական, կանադական ու լեհական ուժերը:
«Այդուհանդերձ, արեւմտյան դաշնակիցների դեմ շեշտերը բարձր էին: Խորհրդային Միությունն այդ գարնանը ուներ 170 դիվիզիա, իսկ ամերիկացիներն ու բրիտանացիները կարող էին հավաքել միայն 47-ը: Թոմփսոնը կարծում էր, որ Կարմիր բանակի նկատմամբ հաղթանակի համար պահանջվում են լրացուցիչ ուժեր, եւ նա հաստատ գիտեր, թե որտեղ պետք է գտներ դրանք՝ առաջարկելով զինել ինչպես գերմանական Վերմախտին, այնպես էլ CC-ին (Վերմախտի զորքերն ի սկզբանե նախատեսված են եղել արտաքին գործունեության համար, իսկ CC-ը, ընդհակառակը, հիմնադրվել է ներքին գործունեության համար եւ պետք է ապահովեր անվտանգությունը երկրի ներսում-խմբ.)»,-հաղորդվում է հոդվածում:
Չերչիլի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Հաստիգս Իսմեյը հոռետեսորեն է վերաբերվել ճակատամարտի պլանին, եւ նրա կասկածները վերածվեցին բացահայտ սարսափի, երբ կարդաց Վերմախտին ու CC-ին վերազինելու առաջարկի մասին: Նրա խոսքերով՝ ժողովրդավարական երկրների առաջնորդների համար բացարձակապես անընդունելի է անգամ մտածել նման քաղաքականության մասին: Նա իր ռազմական գործընկերներին հիշեցրել է, որ վերջին 5 տարում կառավարությունը բրիտանական հասարակությանն ասել է, որ ռուսները «վարել են պատերազմական գործողությունների առյուծի բաժինը եւ անասելի տառապանքներ են կրել»: Պատերազմի ավարտից անմիջապես հետո այդ նախկին դաշնակիցների վրա հարձակումը «աղետ» կլիներ բարոյական ոգու համար:
Ֆելդմարշալ սըր Ալան Բրուքը նույնպես ցնցված էր եւ Թոմփսոնի առաջարկը լիակատար անմտություն էր համարում: Շտաբի ղեկավարների անունից Չերչիլին հղված նամակում նա գրել է. «Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունների ավարտից հետո արագ, սակայն սահմանափակ հաջողության հասնելը մեր ուժերի սահմաններում չէ, եւ մենք պետք է պատրաստ լինենք ձգձգվող պատերազմի բացառապես ոչ նպաստավոր պայմաններում»: Եվ նա հանգեց այն մտքին, որ հաղթանակի հնարավորություն ուղղակի չկա:
«The Telegraph»-ը հաղորդում է, որ Բրիտանիայի շտաբի ղեկավարները 1945 թ. հունիսի 8-ին պաշտոնապես մերժեցին ծրագիրը: «Չերչիլը զղջում էր՝ Էնթոնի Իդենին՝ այն ժամանակվա արտգործնախարարին ասելով, որ եթե վճռական հարված չհասցվի Ստալինի տարածքային հավակնություններին, երրորդ համաշխարհային պատերազմի կանխարգելման հնարավորությունները շատ կնվազեն: Նա զգուշացրել է, որ Կարմիր բանակը շուտով կդառնա անպարտելի ուժ: «Ցանկացած պահի, երբ ցանկանան, կարող են երթով անցնել մնացած Եվրոպայով եւ մեզ հետ քշել մեր կղզին»,-շեշտել է Չերչիլը:
Շտաբային ղեկավարները չէին ցանկանում որեւէ առնչություն ունենալ «Operation Unthinkable»-ի հետ եւ ծրագիրը դրեցին կառավարության մոխրագույն թղթապանակում, որի վրա գրված էր. «Ռուսաստան. արեւմտյան քաղաքակրթության սպառնալիքը»: Այն մինչ օրս մնում է այդ թղթապանակում, եւ նրա յուրաքանչյուր էջ կնքված է «Հույժ գաղտնի» գրությամբ՝ կարմիր գույնի թանաքով:
«Սա հիշեցում է այն մասին, որ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն մոտ էին սառչելուն, ինչպես այսօր, այլեւ վտանգավորության աստիճան մոտ էին պատերազմին»,- եզրափակում է հոդվածագիր Ջայլս Միլթոնը՝ «Մաթեմատիկա Բեռլինում» գրքի հեղինակը: