Մածուն՝ կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ եւ պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաեւ վիտամիններով եւ օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից եւ կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով։ Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես՝ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։
Այսօր էլ մածունի ստացման՝ մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը։ Շնորհիվ մանրէասպան հատկության՝ 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։ Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքաներից մեկի վաղահաս ծերությունը։ Մեր նախնիներին հայտնի է եղել նաեւ մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։
Հայաստանում տիրապետել են նաեւ մածունի երկարատեւ պահպանման միջոցներին։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ եւ անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։ Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասն է։