Մխիթար Սողոմոնյանը 2000 թ. ընտանիքով՝ կնոջ ու 2 զավակի հետ Զառիթափ գյուղից տեղափոխվեց Արցախ եւ բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, որի վերաբնակեցումն սկսվել էր 3 տարի առաջ։ Ազատագրված հայրենիքը պետք է շենանար, եւ այդ առաքելությամբ այստեղ եկավ նաեւ Մխիթարը։ Կովսականում ծնվեցին ընտանիքի 4 զավակները եւս, եւ Մխիթարն իր 3 որդիների ու 3 դուստրերի հետ դարձավ Կովսականի բազմազավակ ընտանիքներից մեկի հայրը։
2001 թ. ծնվեց նրանց երրորդ զավակը՝ Հովհաննեսը, ով 2008-ի սեպտեմբերին դարձավ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի սան եւ ավարտեց միջնակարգը 2019 թ.։ Հեշտ չէր կյանքը Կովսականում, բայց հետաքրքիր էր ու պարտավորեցնող։ Առհասարակ Քաշաթաղի շրջանում հասակ առած երեխաները, անկախ այն բանից, թե որ բնակավայրում էին ապրում, առանձնակի սեր էին տածում իրենց բնակավայրի, հողի ու ջրի հանդեպ։ Հովհաննեսը նույնպես շատ էր սիրում իր քաղաքը, Ողջի գետը, հսկա սոսենիները։ Հանրակրթական կրթությանը զուգահեռ պատանի հասակից զբաղվում էր սպորտով։ Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցը մասնաճյուղեր էր բացել նաեւ շրջանի մի քանի բնակավայրերում։ Ձյուդոյի խմբակներ էին գործում Բերձորում, Ուռեկանում, Փակահանում եւ Կովսականում։ Դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի հետ հաճախ էի ներկա լինում ձյուդոյի շրջանային մրցումների, որոնք հիմնականում անցկացվում էին Կովսականում։ Եվ լավ էի ճանաչում պատանի ձյուդոիստներից շատերին, ովքեր աչքի էին ընկնում, հաղթում էին, պարգեւատրվում։
Հետագայում, երբ արվեստի եւ սպորտի դպրոցին փոխարինեց մանկապատանեկան մարզադպրոցը՝ Կարինե Մովսեսյանի տնօրինությամբ, նույն մարզիկներն արդեն բարձր դասարանների աշակերտներ էին, դարձյալ մասնակցում էին ձյուդոյի մարզումներին, մրցումներին եւ պատրաստվում էին դառնալ Հայոց բանակի զինվորներ։ Ցավով եմ տեղեկացնում՝ արցախյան վերջին պատերազմը մեզանից խլեց նույն մարզիկներից Հովհաննեսին, պահեստազորային Աշոտ Արայի Կոստանյանին (ծնվ.՝ 11. 05. 1998 թ.)՝ Վուգավանից, Կովսականից ժամկետային զինծառայող Մոնթե Ավետիքի Հայրապետյանին (ծնվ.՝ 19. 05. 1999 թ.)։ Աշոտը, Մոնթեն ու Հովհաննեսը մտերիմ ընկերներ էին, միասին բազմիցս բարձր են պահել Քաշաթաղի մարզական պատիվը։ Մարտնչում էին Մեխակավան-Ջրականում, որտեղ շատ քաշաթաղցիներ նույնպես կային։
2019-ին ավարտելով դպրոցը՝ Հովհաննեսն ամռանը մեկնեց Հայոց բանակ, 6 ամիս անց արդեն սերժանտի կոչում ուներ, պատվոգրեր, կրծքանշաններ։ Քույրը՝ Հռիփսիմեն, պատմելով եղբոր մասին, ասում է. «Ուսմանը զուգահեռ մասնակցել է ձյուդոյի պարապմունքների, ստացել բազում մեդալներ եւ պատվոգրեր։ Դպրոցում շատ ակտիվ երեխա էր, մասնակցում էր գրեթե բոլոր միջոցառումներին։ Ժպտերես, պայծառ տղա էր, որին շրջապատում բոլորն էին սիրում. աչքի էր ընկնում իր հումորով եւ դրական կերպարով։ Մեծ հակում ուներ գյուղատնտեսության եւ անասնապահության հանդեպ։ Ուներ բազում երազանքներ, որոնք նպատակադրվել էր ի կատար ածել զորացրվելուց հետո, աշխատասեր էր։ Փորձում էր իր ծախսերը հոգալ ինքնուրույն եւ նեղություն չտալ ընտանիքին»։ Զինակից ընկերները նույնպես շատ էին սիրում Հովհաննեսին, վստահում։
2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Հովհաննեսի ջոկն արդեն առաջնագծում էր ու հայրենի սահմանն էր պահում։ Մոտ 1 ամիս մարտնչեց քաջորդին պատերազմի այն հատվածում, որտեղ հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Նույն ժամանակ կատարած քաջագործությունների համար ստացել է լեյտենանտի կոչում։ Հոկտեմբերի 28-ի գիշերը թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվել է հերոսը։ Արցախից տեղահանվելուց հետո նրանց ընտանիքը վերադարձել է հայրական գյուղ` Զառիթափ, որտեղ էլ իր վերջին հանգրվանը գտավ նորօրյա Հայոց գոյամարտի անմահ հերոսը՝ Հովհաննեսը։