Վարկառուները (համավարկառուները) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով. հորդորում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ստորագրված ու սկանավորված դիմումն ու տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով, դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում եւ ժամանակին ուսումնասիրվում են: Ինչպես «ՀՀ»-ն տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից, որպեսզի հեռավար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել հետեւյալ դեպքերում՝ 1. երբ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված եւ սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը), 2. գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են ու վճարված։
Իսկ եթե դիմումն առաջին անգա՞մ է ներկայացվում։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս դեպքում դիմումները բացառություն են։ Առաջին անգամ, կառավարության որոշմամբ հաստատված կարգով, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով։
Հաշվի առնելով եկամտային հարկի գումարների վերադարձման հետ կապված շատերին հուզող այս հարցը՝ փորձեցինք հասկանալ որոշ խնդիրներ։ Օրինակ՝ թեկուզ հենց այն, թե ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից։ Ըստ ՊԵԿ բաժնի պետի՝ վարձու աշխատող համարվող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թ. հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով։ Բայց յուրաքանչյուր եռամսյակի համար 1,5 միլիոն դրամը չգերազանցող չափով։ Եթե՝ 1. բնակարանը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ-ում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, կամ պետության եւ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից, եւ բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։ 2. Եթե անհատական բնակելի տունը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, եւ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։ 3. Եթե ՀՀ տարածքում կառուցվում է անհատական բնակելի տուն: «Ընդ որում՝ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թ. հունվարի 1-ից հետո վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով»,- ասաց նա:
Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են դիմում եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով, ՊԵԿ պետք է ուղարկեն հետեւյալ փաստաթղթերը։ Նախ՝ այդ հարկի վերադարձման համար դիմում, որը սահմանված է հարկային մարմնի կողմից։ Հետո՝ վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը եւ հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը։ Նաեւ՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին։ Կառուցապատողից տեղեկանք էլ է պետք, որ այդ գույքը ձեռք է բերված հենց կառուցապատողից։ Պետք են նաեւ բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը, բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիրը, աշխատավարձի եւ դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի սահմանած եւ գործատուի հաստատած տեղեկանքը: