Արդեն այսօր միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններն իրենց բարդությամբ քիչ են զիջելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: 100 տարվա պատմություն ունեցող արհեստածին Ադրբեջանն իր գոյության ողջ ժամանակահատվածում ձգտել է իր տարածքներն ընդլայնել բնիկ ժողովուրդների բնօրրանների հաշվին՝ զուգահեռաբար յուրացնելով նրանց մշակույթը: Այլ ժողովուրդների տարածքների եւ հոգեւոր-մշակութային արժեքների ժառանգության գողության, զավթման ակնառու օրինակ է Վրաստանի հետ արդեն իրականացված սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առաջին փուլը:
Վրաստանում սկսվել է, այսպես կոչված, «Քարտեզագրողների գործը», որով անցնում են այդ երկրի ԱԳ եւ ՆԳ նախարարությունների նախկին աշխատակիցներ Իվերի Մելաշվիլին ու Նատալյա Իլյիչեւան: Գործի էությունն այն է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները 1994 թ. պայմանավորվել էին սահմանազատումն անել 1938 թ. հրապարակված քարտեզներով, սակայն նշյալ անձինք միտումնավոր թաքցրել են այդ քարտեզը եւ իրենց աշխատանքում առաջնորդվել 1970-1980 թթ. կազմված այլ քարտեզներով:
Ակնհայտ է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանը ինչպես Հայաստանի եւ Արցախի դեպքերում, այնպես էլ Վրաստանի ուղղությամբ կարողացել է տարածքներ «ճանկել» անասնապահությունը խթանելու, խոտհարքերն ընդլայնելու՝ ԽՍՀՄ-ի խրախուսած ու անվերապահ ընդունվող հիմնավորմամբ: Հարեւաններից այդ կերպ պոկած տարածքները տարիների ընթացքում ամրագրվել են Խորհրդային Միության 1970-80-ականների քարտեզներում, ինչը միանշանակ ձեռնտու է Ադրբեջանին: Իսկ թե ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանի երկու պետական բարձրաստիճան ծառայողներ որոշել են առաջնորդվել իրենց երկրի շահերից չբխող քարտեզներով, ապա, կարծում ենք, ակնհայտորեն գործել է բոլորին ծանոթ մեխանիզմը: Ըստ գործի նյութերի՝ վերջիններս համապատասխան հանձնարարականը ստացել են ավելի բարձր կանգնած պաշտոնյաներից:
Այդ քարտեզների փոխարինման հետեւանքով Ադրբեջանը Վրաստանից կորզել է 3.5 հազար հեկտար տարածք, այդ թվում նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի այն հատվածը, որն անցնում է միջնադարյան վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքով։ Ներկայումս համալիրի մի քանի շենքեր վիճելի տարածքներում են: Ադրբեջանը վանական համալիրը եւ նրա տարածքը համարում է ռազմավարական նշանակության՝ ադրբեջանցի ժողովրդի պատմական տարածք եւ ալբանական ժառանգություն: Պաշտոնական Բաքուն այսօր նույնաբովանդակ պնդումներ անում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների հայկական եկեղեցիների վերաբերյալ՝ դրանց վրայից ջնջելով հայկական արձանագրությունները:
Հարավային Կովկասի ժողովուրդների պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի մեջ առնվազն ծիծաղ կառաջացնեն այս տարածաշրջանում վերջին հարյուրամյակների ընթացքում հայտնված ադրբեջանցիներին վաղ միջնադարյան քրիստոնեական կոթողներն ու տարածքները վերագրելու մասին հայտարարությունները: Առավել եւս, որ էթնիկ ադրբեջանցիները որեւէ առնչություն չունեն կովկասյան ալբանացիների հետ, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ Դավիթ Գարեջի վանական համալիրն ալբանական է: Սակայն պատմաբանները վաղուց հստակ արձանագրել են տարածաշրջանում առկա այն 10 վանական համալիրները, որոնք ալբանական են, եւ դրանց մեջ չկա Դավիթ Գարեջին, առավել եւս՝ Արցախի հայկական որեւէ եկեղեցի:
Ավելորդ չէ արձանագրելը, որ 30 տարվա ընթացքում համաձայնեցվել է վրաց-ադրբեջանական սահմանի միայն 1/3-ը, եւ դրանում ներառված 16 հատվածներից արդեն 13-ի մասով Վրաստանում քրեական գործ է հարուցված պետական շահերին վնաս հասցնելու հիմքով: Ստացվում է, որ Ադրբեջանը սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ իրականում նոր ժամանակների սողացող զավթման քաղաքականություն է վարում: Վրաստանում դատավարությունն այլեւս ոչինչ չի տա այդ երկրին, քանի որ Ադրբեջանն արդեն հասել է իր ցանկալի արդյունքին եւ ոչ մի դեպքում չի համաձայնում անգամ այլ տարածքների փոխարեն Վրաստանին զիջել խիստ կասկածելի հանգամանքներում իրեն անցած Դավիթ Գարեջի վանական համալիրի մի հատվածը:
Վրաստանի օրինակը փաստում է, որ Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի հետ երկարատեւ, ծանր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Դրանում առաջընթաց ապահովելու համար, ինչպես Վրաստանի դեպքում էր արվել, պետք է գործընթացների հիմքում դնել նախորդ դարի 20-30-ականների քարտեզները եւ ոչ մի դեպքում չշեղվել այդ հիմքերից: