Ամարասում ուխտավորների մեծ մասը երեխաներ էին, չնայած թշնամին այսօր շատ է մոտ հայոց սրբավայրին։ Արցախն ապրելու է, պետք է չհուսահատվենք։ Իսկ ապրել ցանկացող Արցախին պետք է ազգովի օգնենք, օժանդակենք, ով ինչով կարող է։
Արդեն 25 տարի գործող «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գուրգեն Մելիքյանի հետ հունիսի 11-ին հերթական անգամ այցելում ենք Արցախ։ Յուրաքանչյուր անգամ հիմնադրամի ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամների հետ որեւէ կարեւոր առաքելությամբ է լինում Արցախում։ Այս անգամ Գ. Մելիքյանի հետ էին մշտական ուղեկից Աշոտ Պողոսյանը եւ ծնունդով իրանահայ, այժմ ԱՄՆ քաղաքացի, Արցախի բարեկամ Սերոժ Մեսրոպյանը։
Ստեփանակերտում առաջին հանդիպումը ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ էր։ Քննարկվեցին մի շարք հարցեր՝ միտված մեր հայրենիքի այս հատվածի անվտանգության, կրթական, բարեգործական ծրագրերին։ Գ. Մելիքյանը Դ. Բաբայանին նվիրեց իր ղեկավարած հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակված «Արարատ» շքեղ գիրք-ալբոմը, որում ներկայացված են ժամանակակից ճանաչված նկարիչ Շմավոն Շմավոնյանի՝ Արարատ լեռան տարբեր պահերի ու եղանակների կերտած գեղանկարները։ Եղավ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն։ Դ. Բաբայանը Ս. Մեսրոպյանին նվիրեց արցախյան փոքր չափերով գորգ, որն արցախյան գորգարվեստի նմուշներից է։ Օրվա ընթացքում եղավ հանդիպում նաեւ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։ Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամը տարիների ընթացքում շատ է աջակցել Արցախի պետական համալսարանին եւս։ Որոշվեցին հետագա անելիքները։ Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ համալսարանում բացվող հայագիտական կենտրոնը որոշել են կոչել Գ. Մելիքյանի անունով։
Յուրաքանչյուր անգամ Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Ստեփանակերտում գործող Քարոլայն եւ Ջորջ Նաջարյանների անվան «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնին է հատկացվում որեւէ աջակցություն։ Այս անգամ նվերը մանկական հագուստի տեսքով էր։ «Եվրոպա» հյուրանոցում, որտեղ գիշերեցինք, իջեւանել էին նաեւ «Տաթեւի զանգակներ» երգչախմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ։ Եկել էին մասնակցելու «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնին, որի մեկնարկը կայացել էր Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում։ Խմբի կազմում էր նաեւ այժմ էլ Բերձորում բնակվող հիմնադրամի աշխատակից Հակոբ Խաչատրյանի Անի դուստրը։ Արցախյան վերջին պատերազմից հետո Հակոբի ընտանիքը տեղափոխվել է Շինուհայր, եւ Անին այժմ սովորում է տեղի դպրոցում, փոխադրվել է 11-րդ դասարան։ «Տաթեւի զանգակներ» երգչախմբի սաները հիմնականում Շինուհայր գյուղից են եւ պատրաստվում էին մեկնել Գանձասար, որտեղ տեղի էր ունենալու հոգեւոր արարողություն։ Երեխաներից շատերն առաջին անգամ պետք է լինեին Գանձասարում. անհամբեր էին։ Գանձասարի ճանապարհը բռնում ենք նաեւ մենք։
Հայոց միջնադարյան սրբավայրում հնչում են զանգերը, սկսվում է սուրբ պատարագի մատուցումը, որին ներկա էին նաեւ Արցախի թեմակալ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, այլ բարձրաստիճան հոգեւորականներ, Արցախի կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, հյուրեր։ Մարդաշատ էր Գանձասարի բակը։ Ուրախալի է, որ շատ ընտանիքներ, երեխաներ կային։ Վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մեծ խաչագմբեթ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ 800 տարվա պատմություն ունեցող սրբատունը մեծ եւ կարեւոր կենտրոն է եղել եւ մնում է Արցախ աշխարհի կյանքում։ Այս անգամ էլ մեծ խորհուրդ ուներ մատուցվող սուրբ պատարագը, որի ընթացքում հոգեւոր երգերով հանդես եկավ նշածս փառատոնի մասնակից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ։ Երգչախումբը շատ է եղել Արցախում, մի քանի անգամ համերգներով հանդես եկել նաեւ Բերձորում։ Այս անգամ էլ Տ. Հեքեքյանն ասել է՝ անցած տարի գաղափար առաջացավ այցելել Արցախ ու լինել արցախցու կողքին. «Արցախը մեր հենարանն է, մեր ողնաշարն ու սյունը։ Ես այս կարգախոսով արդեն չորս տասնամյակ կրթում եմ երեխաներին։ Եվ իրենք պաշտում են Արցախը, իսկ արցախցուն չեն տարբերում աշխարհի ցանկացած վայրում բնակվող հայից»։
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը տեղակայված է Գանձասարի վանքի հարակից տարածքում։ Կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին եւ թանգարանային համալիր (այստեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ եւ Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաեւ պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում եւ եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երեւանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները), գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճ, գրադարան, ընթերցասրահ։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ որոշ ձեռագրեր տեղափոխվեցին Երեւան եւ ցուցադրվում են Մատենադարանում։
Մեր հաջորդ նպատակը Ամարասի վանք այցելելն էր։ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում հանդիպում ենք Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցին, ով այժմ ընտանիքով բնակվում է Պատարա գյուղում եւ զբաղված է բնակելի տներ կառուցելով: Նրա հետ էին կինը եւ փոքրիկ Գիսանե դուստրը, ով ցավով է հիշում ծննդավայր Իշխանաձորը, հոր ձեռքով կառուցած իրենց տունը, տնկած հրաշալի այգին, որոնք այժմ գերության մեջ են։ Հավատում է, որ մի օր վերադառնալու է տուն, իսկ արդեն հարազատ Պատարան ծաղկելու է։ Այստեղ էր նաեւ Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղից տեղահանված Մհեր Մազմանյանը, ով վերջերս բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Պատարա, որտեղ նրա ընտանիքին բնակելի տուն է հատկացվել։ Ընտանիքին օգնել է նաեւ Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամը՝ հատկացնելով կթու կով, կենցաղային տեխնիկա, այլ անհրաժեշտ պարագաներ։ Գ. Մելիքյանը հետաքրքրվեց քաշաթաղցիների բնակության նոր պայմաններով, նշեց, որ պատրաստ է աջակցելու: Ամարաս մեկնում ենք Ննգի գյուղով՝ անցնելով ազգային հերոս Մոնթեի եւ իր զինվորների ազատագրած ու պաշտպանած բնակավայրերի մոտակա ճանապարհով, Գիշի գյուղով, Ճարտար քաղաքով։ Ցավ է՝ թշնամու հենակետերը մոտ են նաեւ հերոսական այս բնակավայրերին։ Վերջին պատերազմում նահատակված քաջորդիների անունները սեւ ժապավեններին դեռ պահպանվում են ճանապարհներին։ Մինչ Ամարաս վանք հասնելը այցելում ենք Մաճկալաշեն գյուղ՝ Գ. Մելիքյանի մարտական ընկեր, երջանկահիշատակ ազատամարտիկ Արմիկ Մելքումյանի տուն։ Մարտունու շրջանի այժմ սահմանամերձ հերոսական այս գյուղն Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ էլ վտանգված էր. հարեւանությամբ թշնամին էր։ Բայց գյուղը մնաց անառիկ՝ շնորհիվ Մոնթեի ու իր զինվորների։ Արմիկի որդին՝ Դավիթը, զինվորական է, մասնակցել է վերջին պատերազմին, պաշտպանել հայրենի գյուղը։
Մաճկալաշենի դպրոցում երկար տարիներ հայոց լեզու եւ գրականություն դասավանդած, 1977-81 թթ. տնօրեն աշխատած Վերա Ալեքսանյանը ներկայացրեց ազատամարտիկ ամուսնուն՝ Արմիկ Մելքումյանին, ով եղել է գյուղատնտես, կոլտնտեսության նախագահ, պատերազմի ժամանակ՝ ջոկատի հրամանատար: Ցույց է տալիս ամուսնու ստեղծագործություններից՝ նկարներ փայտի վրա։ Արմիկը շատ է սիրել Թումանյանին, Իսահակյանին, նկարել է նրանց ու գրական հերոսներին։ Այժմ Մաճկալաշենի դպրոցում սովորում է 54 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 18 երեխա: Գ. Մելիքյանը տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի կառուցմանը նույնպես իր ղեկավարած հիմնադրամն է օժանդակել։ Պարզվեց՝ դեռեւս 1990-ականներից Գ. Մելիքյանը մշտապես աջակցել է նաեւ Մաճկալաշեն գյուղին, եւ պատահական չէր, որ գյուղի մեծամասնությունը, հատկապես տարեցները ճանաչում էին ու մեծ հարգանքով դիմավորում բարերարին։ Գյուղի աղբյուրի մոտ նույն տարեց տղամարդկանցից Գագիկը, Բալասանը, Սուրենը, Սերժիկն ու Էռնիկը գյուղի բարեկամ ու մեծ աջակից կոչեցին Գ. Մելիքյանին։ Ամարասի վանական համալիրում ենք։ Ընտանիքներով են հիմնականում ուխտավորները։ Վանքում դեռ շինարարություն է ընթանում։ Շինարարներից Գարեգին Հայրապետյանը, տեսնելով Գ. Մելիքյանին, ընդառաջ եկավ ու արցունքոտ աչքերով ներկայացավ՝ ասելով, որ 1994-ից է ճանաչում նրան, ով փրկել է վիրավոր եղբորը՝ Բորիկին։ 2001-ից աշխատում է վանքում որպես պահակ եւ շինարար։ «Մեր հողը պետք է պահենք, մեր սրբավայրը շենացնենք ու տեր մնանք»,- ասում է Գարեգինը եւ տեղեկացնում, որ այժմ վանքի շինարարությունում աշխատում են 13 բանվոր եւ 5 վարպետ։ Շինարարները Մաճկալաշեն, Նորագյուղ, Սոս, Քյաթուկ գյուղերից են, Ստեփանակերտից: Ցույց է տալիս արդեն հիմնանորոգված պարսպի վերին հատվածը եւ ոգեւորությամբ խոսում վարպետ որմնադիրներ Արսենի ու Յուրայի մասին, ովքեր մեծ սիրով են հիմնանորոգում մեր հնամյա վանքն ու արցախյան առաջին դպրատունը։
Վանքի վանահայր տեր Սեպուհ քահանա Հակոբյանը 2022 թ. հունվարից է անցել ծառայության այս սրբավայրում։ Ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Սովորել է Սեւանի հոգեւոր դպրոցում, ավարտել Գեւորգյան ճեմարանը։ Ամուսնացած է, ունի Գեւորգ անունով որդի։ Բնակվում է Մաճկալաշեն գյուղում: Ասաց, որ գնալով ավելանում է ուխտավորների թիվը։ Հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին շատ են նաեւ երեխաները, երիտասարդները։ Ամարասի եկեղեցու բեմի տակ գտնվում է Սուրբ Գրիգորիսի մատուռ-դամբարանը, որը վերջերս բացվել է, ծածկված է ապակիով։ Ուխտավոր երեխաների հետ իջնում ենք դամբարանի խուց։ Մի ընտանիքից են Մերին, Մարիամը, Մարիան, Մանուշը եւ Դավիթը։ Հետաքրքրվում են վանքի պատմությամբ։ Այստեղ էլ հանդիպում ենք Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղի նախկին համայնքապետ Թելմանի դստերը, ով իր զավակների հետ էր եկել ուխտագնացության։ Ստեփանակերտ ենք վերադառնում Կարմիր շուկա գյուղով։ Դարձյալ ծանր պահեր ենք ապրում. հայոց երկրի այս հատվածը նույնպես դարձել է սահմանամերձ։ Թշնամին ճանապարհներ է բացել մեր անտառներով, հասել Շուշի։ Ստեփանակերտ-Կարմիր շուկա ճանապարհին նույնպես ռուս խաղաղապահներ կան, ստուգում են մեր փաստաթղթերը։ Նշեմ, որ որեւէ խոչընդոտ նրանց կողմից չկա, եթե փաստաթղթերը կարգին վիճակում են։ Ստեփանակերտ-Գանձասար-Ամարաս-Ստեփանակերտ ճանապարհին մեզ ուղեկցում էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին ուսանող, Գ. Մելիքյանի սան ու այժմ աջակից, ազատամարտիկ Սարգիս Գալստյանը։
Երեւան վերադարձի ճանապարհին Բերձորում կանգ առանք «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի ստեղծած 2 տասնյակից ավելի պուրակներից մի քանիսում։ Հավատով, որ չեն խոնարհվելու Բերձորի մոտակա պուրակների ծառերը, Սուրբ Համբարձման եկեղեցին, կանգուն են մնալու եւ միշտ սրբատեղի հուշաքարերը, պարզապես պետք է պայքարենք, հիշենք հերոսների խոսքերը։