Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան վերջին այցելության հետ կապված՝ ամենից շատ քննարկման արժանացավ հունիսի 9-ի մամուլի համատեղ ասուլիսում նրա հայտարարությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների «պարզեցված ռեժիմի» մասին։ Զանգվածային լրատվամիջոցները տենդագին փորձում են պարզաբանումներ ստանալ` ինչ նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը։ Վերլուծաբանները, քաղաքագետները տարբեր ենթադրություններ եւ մեկնաբանություններ են հրատարակում, «Ազատություն» ռադիոկայանը անհանգստություն է հայտնում. «Ի՞նչ է ճանապարհների պարզեցված ռեժիմը` 5 օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել` ինչ է այն նշանակում»։ Եվ այլն, եւ այլն։
Իրականում այս հարցը քննարկվում է, եւ, ըստ էության, լուծումը գծագրվում է ոչ հինգ օր, ոչ էլ հինգ ամիս առաջ, այլ հենց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիր-հայտարարագրի հրապարակումից ի վեր։ Մեկ տարի առաջ, այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնապես հաստատում էր`պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Նույն բովանդակությամբ բազմիցս արտահայտվել է ՀՀ վարչապետը, այդ թվում` նաեւ միջազգային ամբիոններից։ Ի սկզբանե նոյեմբերի 9-ի հապճեպ, բայց գրագետ հայտարարագիրը կազմողները հասկացել են, թե ինչ անընդունելի իմաստ ունի «միջանցք» տերմինը, դրա համար այն չի կիրառվել Հայաստանի նկատմամբ ընդհանրապես։
Այլ հարց է, որ մեր երկու հարեւանները (հիմնականում Ադրբեջանը` իր հավակնոտ եւ ոչ քաղաքակիրթ միջամտություններով) այստեղ անիրագործելի եւ ապօրինի ծրագրեր են փորձում անցկացնել։ Մեկ էլ տեսար` ստացվեց։ Սկզբում այդ հավակնությունները անզուսպ էին` պաշտոնապես խոսվում էր Զանգեզուրի «միջանցքի» մասին, չնայած Համաձայնագրում նման ձեւակերպում չկար։ Նկատի ունեին, որ Ադրբեջանը այս ճանապարհով պետք է միջազգային օրենքները շրջանցող արտոնյալ, ըստ էության, սուվերեն կապ ունենա իր էքսկլավ Նախիջեւանի հետ, եւ որ ավելի արտառոց էր, այնտեղից` նաեւ Թուրքիայի հետ։ Ավելին` «ներքին շուկայում» հրամցվում էին շինծու ակնարկներ, անվանում էին դա ճանապարհ, որով հայերը պետք է «քոչեցվեն» («Զանգեզուրը` Եվրոպայի դարպասներ, կամ` ինչ ճանապարհով են հայերը պատրաստվում արտագաղթել Արեւմուտք»)։ Կամ` «… ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի փայլուն հաղթանակից հետո հայերը համառորեն առարկում են Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեմ, որով նաեւ իրենց երկիրը, ցանկության դեպքում, կարող էր օգտվել»։ Պատկերացնու՞մ եք` մեզ «մեծահոգաբար» թույլ են տալիս, «ցանկության դեպքում», օգտվել Սյունիքի ճանապարհներից։ Մեր ոչ բարով հարեւանը «կշտամբում է» Հայաստանին, թե` այնքան ուշացրին այս հարցի լուծումը, որ Իրանով ճանապարհ բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք։ Ուշագրավ է, որ Իրանով ճանապարհի դեպքում միջանցք բառը չի օգտագործվում` կոմունիկացիաներ, ճանապարհ, տրանսպորտային հաղորդակցություն, բայց ոչ` միջանցք։ Հրաշալի առիթ է` բանակցություններում առաջարկել նաեւ Հայաստանի հետ հաղորդակցությունը իրականացնել նույն պայմաններով, ինչ Իրանի հետ։ Ո՞րն է տարբերությունը. պատերա՞զմը, բայց ժամանակակից աշխարհում պատերազմը չի կարող միջպետական հարաբերությունները լուծելու ճանապարհ համարվել` օրենք է։ Հաճախ «մոռանում են» նաեւ, որ պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէր, այլ ուղղված էր Արցախի ազատագրական շարժումը ճնշելուն եւ ընթանում էր նրա տարածքում։
Պետք է հավելենք նաեւ, որ տարանցման ռեժիմի մասին Լավրովի հայտարարությունը, բնականաբար, առաջիններից եւ ամենաելակետայիններից չէր։ Ընդամենը մի շաբաթ առաջ Մոսկվայում, երեք հանրապետությունների կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկը, մեր կարծիքով, ավելի արմատական հայտարարություն է կատարել. «Միջանցքների հարց չի քննարկվում, քննարկվում է ապաշրջափակման հարցը»։ Նույն ամսվա ընթացքում Օվերչուկը Անկարայում աշխատանքային այցով հանդիպում ունեցավ նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Հանդիպումը Թուրքիայի նախագահական համալիրում կայացել է մամուլի համար փակ ռեժիմով, ու չնայած հրապարակված ընդամենը արարողակարգային, հակիրճ հաղորդագրությանը` «Քննարկվել են երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության հարցեր», բնական է եզրակացնել, որ ճանապարհների վերոհիշյալ հարցի արծարծման դեպքում Ռուսաստանի փոխվարչապետը պիտի պահեր մի քանի օրվա տարբերությամբ իր արձանագրած նույն տեսակետը։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվերչուկը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները բացելու եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի համանախագահն է։
Հարցի նույնակերպ մեկնաբանությամբ է արտահայտվել նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը իր 01.06.22 թ. հայտարարության մեջ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «պետք է մի կողմ նետել «միջանցք» հասկացությունը, քանի որ միջանցքները շատ վատ հուշ են թողել դիվանագիտության պատմության մեջ եւ միջազգային օրենքում, «..Մենք այլեւս այնպիսի աշխարհում չենք ապրում, որտեղ ստեղծվում են միջանցքներ ուրիշի տարածքների հաշվին»։ Նման բազմաթիվ այլ դրսեւորումների վրա հիմնվելով, այսօր վստահ կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի ծրագրած «միջանցքային» քաղաքականությունը մերժված է բոլոր ատյաններում։ Եվ այստեղ իրենք էլ են արդեն վերջին ժամանակներս ետքայլ կատարում, երբ բախվում են փաստարկված ընդդիմախոսության հետ, թե` լավ, թող կոչվի ինչպես կասեք, միայն հաղորդակցությունը բացվի…։ Այնպես որ, կարելի է եզրակացնել` այսօրվա դրությամբ հաղթական են հայկական դիվանագիտության փաստարկները։ Անշուշտ, օրինականությունից բացի այստեղ իր դերն ունի նաեւ միջազգային կոնյունկտուրայի այսօրվա դասավորությունը`տարածաշրջանի մեծ պետությունների համար (Ռուսաստան, Իրան) անընդունելի է թուրքական էքսպանսիայի այս հերթական փորձը։
Ի վերջո, պարզաբանենք նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի` բոլորին այդքան հետաքրքրած արտահայտության ծագումը «պարզեցված ռեժիմի» մասին։ Ակնհայտորեն, այստեղ նա օգտագործել է Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ տարանցման պայմանագրի ձեւակերպումը։ Մոտ երկու տասնամյակ առաջ (1 հուլիսի, 2003) Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիր ստորագրվեց` Լիտվայի տարածքով Ռուսաստանի Դաշնության եւ իր արտատարածքային էքսկլավի` Կալինինգրադի մարզի միջեւ հաղորդակցության թույլատրման պարզեցված կարգի մասին։ Սա հար եւ նման զուգահեռն է Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավարության միջեւ հաղորդակցական կապի այսօր քննարկվող հարցի։ Մեր թերթի էջերում ժամանակին առաջարկել ենք այս լավ մշակված եւ հաջողությամբ գործող նախադեպը ընդունել հիմք առաջացած թնջուկի լուծման հարցում (տես` «Չի խանգարի իմանալ», «Հայաստանի Հանրապետություն», 13 նոյեմբեր, 2021, «Ճանապարհային միջանցքներ. երեկ եւ այսօր», «Հայաստանի Հանրապետություն», 4 հունիսի, 2022)։ Ըստ էության, քննարկվող հարցի կապակցությամբ, այսպիսի ուշագրավ համաձայնագիրը շրջանցել հնարավոր չէ, եւ Ռուսաստանում, սեփական փորձի հիման վրա, քաջատեղյակ են նման խնդիրների լուծմանը։ ՌԴ եւ Լիտվայի միջեւ գործում են УПД-ЖД (упрощенный проездной документ – պարզեցված անցագիր), УТД (упрощенный транзитный документ – պարզեցված տարանցման փաստաթուղթ) հաստատված կանոնակարգերը, որոնց ուսումնասիրությունը շատ օգտակար կարող է լինել քննարկվող խնդրի կապակցությամբ։ Դրանց բնույթը պատկերացնելու համար մի երկու հակիրճ մեջբերում կատարենք Լիտվայի ճանապարհներով ռուսական տարանցման կանոններից: Ճանապարհների պարզեցված ռեժիմից օգտվելու համար դուք պետք է լինեք Ռուսաստանի քաղաքացի (սրանով նկատի պետք է ունենանք` Սյունիքի տրանսպորտային միջանցքից օգտվելու պարզեցված կարգի հարցը ծառացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Թուրքիային այն կարող է վերաբերել միայն ընդհանուր միջազգային օրենքների շրջանակներում, ոչ ավելի)։ Սահմանին պետք է շարադրել Կալինինգրադ մեկնելու պատճառները։ Գնացքով ուղեւորության ընթացքում Լիտվայի տարածքում կանգառներին արգելվում է վագոնից դուրս գալ։ Ողջ ընթացքում պետք է պահել Պարզեցված տրանզիտի փաստաթուղթը։ Սահմանային զեղչված մուծումները կազմում են 5-30 եվրո, գնացքով ուղեւորները ազատված են մուծումներից։ Վիզայի գործողության ժամկետը կազմում է 3 ամիս։ Տարբեր պատճառներով հանրապետությունը կարող է արգելել տարանցումը (օրինակ` կորոնավիրուսի առիթով)։ Եվ այլն, եվ այլն։ Ուշադրություն ենք հրավիրում՝ տրանսպորտային այս կապը կանոնակարգող օրենքներում, եւ ընդհանրապես, երբեւէ չի օգտագործված «միջանցք» հասկացությունը։
Այս թեմայով գոյություն ունեն բազմաթիվ այլ խիստ օգտակար օրիանակներ, ինչպես` ռուսաստանյան «Կանաչ միջանցք» պարզեցված ընթացակարգի միջազգային նախագիծը, որն արդեն գործում է շուրջ մեկ տասնամյակ` ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների համար, Միջազգային հաղորդակցության միջանցքների մասին ձեւակերպումներ կան ԱՊՀ, ԵԱՏՄ, Շանհայյան համագործակցության կազմակերպության կանոնադրություններում, ծանրակշիռ ուսումնասիրություններ են հրատարակվել անդրազգային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ։
Այս ընթացակարգերը մասամբ ներկայացրել ենք վերը հիշատակված մեր հոդվածներում։ Ինչպես տեսնում եք` նման քաղաքակիրթ կանոնները միանգամայն կարող են բավարարել մեզ` թող բարով-խերով վայելեն Հայաստանի տարածքով տարանցումը։ Մենք դեմ չենք, միայն թե դա կատարվի արդար եւ միջազգային ընդունելի օրենքներով։ Այս ուղղությամբ Հայաստանում ստեղծված է հատուկ աշխատանքային խումբ, որը թեեւ շռայլ չէ հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու հարցում, սակայն ունի մեզնից անհամեմատ ավելի ընդարձակ վարչական եւ ֆինանսական հնարավորություններ` ուսումնասիրելու այս եւ նման մյուս փաստերը միջազգային օրենսդրության պրակտիկայում։ Հուսանք` ընդգրկված մասնագետները անհրաժեշտ շահագրգռությունը, մասնագիտական եւ դիվանագիտական կարողությունները կցուցաբերեն այս շատ կարեւոր փաստաթղթերի կայացման եւ վերջնական ձեւակերպման ընթացքում` անուղղելի պատմական սխալներ թույլ չտալու ուղղությամբ։
Նկարագրված հարաբերությունները հասկանալու համար հիշեցնենք նաեւ մի կարեւոր նրբություն` Նոյեմբերի 9-ի հայտարարագիրը օրենք չէ, այլ համաձայնություն, եւ նրա կետերը, մասնավորապես ճանապարհների հարցով, գործում են, քանի դեռ պետությունների միջեւ օրինական դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել` միջազգային ընդհանուր իրավունքի կանոններով, եւ ռուսական զորքերը այդ ընթացքում վերահսկում են իրականացնում` բացառելու համար բախումնային իրավիճակները։ Այս ամենը, բնականաբար, տարածվում է նաեւ ճանապարհների վրա։ Եթե 5 տարի հետո Ադրբեջանը պնդի ռուսների դուրս գալը, ապա ճանապարհին ռուս ուղեկցորդների հարցը, որը համաձայնեցված է Հայտարարագրով, ինքնաբերաբար նույնպես հանվում է՝ այս հատվածում կարգավորման եւ վերահսկողության ապահովման ողջ իրավասությունները փոխանցելով երկրի սուվերեն իշխանությանը։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ