ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը պլանավորում է հուլիսի 13-16-ն այցելել Սաուդյան Արաբիա եւ Իսրայել, բայց նրա մերձավորարեւելյան շրջագայությունը կարող է ներառել նաեւ այլ երկրներ: Այս մասին գրում է լիբանանյան «Raseef22»-ը: Վաշինգտոնը ցանկանում է այդ այցի շրջանակներում պայմանավորվել նավթի ու գազի արդյունահանման ծավալների ավելացման վերաբերյալ՝ էներգակիրների գները նվազեցնելու, արեւմտյան երկրներում արժեզրկման աճը դանդաղեցնելու եւ Ռուսաստանին նավթագազային եկամուտներից զրկելու նպատակով:
Ջո Բայդենը ծրագրում է նախ այցելել Իսրայել, հետո՝ Պաղեստին, իսկ այնուհետեւ մասնակցել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Էր-Ռիյադում:
Վերջին շաբաթներին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չեն այցելել Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Եգիպտոս։ Էր-Ռիյադից Վաշինգտոն էլ են բարձրաստիճան պատվիրակություններ մեկնել։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ դրանք տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հանդիպումներ են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու խորհրդականներ գաղտնի այցելել են Էր-Ռիյադ։ Նրանք որպես միջնորդ են հանդես եկել Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ բանակցություններում, ինչպես նաեւ քննարկել են նավթի արդյունահանման ծավալների հնարավոր աճը: Այս մասին «Axios»-ին ասել են ԱՄՆ երեք ներկա եւ նախկին պաշտոնյաներ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:
Քաղաքագետ Ֆիրաս Իլյասը «Raseef22»-ին ասել է. «Բայդենը պլանավորում է այցելել Սաուդյան Արաբիա եւ Իսրայել, բայց նրա մերձավորարեւելյան շրջագայությունը կարող է ներառել նաեւ այլ երկրներ: Ամեն ինչ կախված կլինի անվտանգության նոր ռազմավարության արդյունքներից, որն ամերիկյան վարչակազմը ձգտում է իրականացնել տարածաշրջանում»:
Ռուսաստանը, իր հերթին, սկսել է ավելի շատ էներգակիրներ վաճառել Հնդկաստանին ու Չինաստանին, սակայն իջեցված գներով: Ի դեպ, նրանք Պարսից ծոցի երկրների համար խոշորագույն ներկրողներ են, իսկ դա նշանակում է, որ Ծոցի պետություններին անհրաժեշտ է վերադառնալ արեւմտյան շուկա, որտեղ վերջին տարիներին Ռուսաստանն էր գերակայում: Ելնելով այս իրավիճակից՝ «Raseef22»-ը եզրակացնում է, որ ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի երկրները միմյանց կարիքն ունեն: Կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նրանք միասին են աշխատում՝ իրանական դոսյեն, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, պաղեստինյան հարցը եւ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված իրավիճակը:
«Foreign Policy» հանդեսի լրագրող Սթիվեն Կուկը նշել է, որ արաբական նավթի նշանակության նվազեցման մասին Արեւմուտքի խոսակցությունները սխալ են եղել: Երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը, Վաշինգտոնին անհրաժեշտ էր, որ Պարսից ծոցի երկրները վերսկսեն դեպի Եվրոպա գազի ու նավթի մատակարարումները: Այն ժամանակվանից, երբ Բայդենը նախագահ ընտրվեց, Էր-Ռիյադի հետ վաղուց սկսված ռազմավարական գործակցությունը հայտնվեց սպառնալիքի տակ, սակայն առաջիկա այցը կվերականգնի հարաբերությունների նախկին բնույթը:
Քաղաքագետ Ֆիրաս Իլյասը պնդում է, որ Բայդենի պլանավորված այցը վկայում է Մերձավոր Արեւելքի հետ հարաբերությունների ռազմավարության վերանայման մասին: Ամերիկյան վարչակազմը հետաքրքրված չէր Պարսից ծոցի երկրների հետ գործակցությամբ, առավելապես կենտրոնացած էր Արեւելյան Ասիայի, ուկրաինական հակամարտության, պաղեստինյան խնդրի ու Իրանի հետ ձգձգվող բանակցությունների վրա…
Պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը կենտրոնացել է մարդու իրավունքների պաշտպանության, լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության եւ այդ հանցագործությանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցության վրա։ Օրակարգում կրկին հայտնվեց նաեւ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործը։ Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Էր-Ռիյադի վրա կամ վերանայել հարաբերությունները նրա հետ։
Իրավիճակը տարածաշրջանում, հավանաբար, կվատանա: Եթե նոր լարվածություն առաջանա, կպահանջվի ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը՝ նավթային մատակարարումը պահպանելու կամ անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի համար: Դա լիովին կխափանի Պեկինի եւ Մոսկվայի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերը եւ տնտեսական ցուցանիշների աճի տեմպերը խթանելու նրա ռազմավարությունը:
«Բայդենը հասկանում է, որ չի կարող հրաժարվել պարտավորություններից, որոնք ԱՄՆ-ն ստանձնել է Մերձավոր Արեւելքում, քանի որ դա լուրջ հետեւանքներ կունենա ապագայում եւ բացասաբար կանդրադառնա Պարսից ծոցի երկրների ու Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Ֆիրաս Իլյասը: Բայդենը պետք է որոշ հարցեր լուծի, մինչ Ռուսաստանը եւ Չինաստանը կվերականգնեն իրենց ազդեցությունը Մերձավոր Արեւելքում։ Եթե ամերիկացիները շարունակեն հեռանալ Պարսից ծոցի երկրներից, ապա հավանականություն կա, որ ԱՄՆ դաշնակիցները դուրս կգան նրանց ազդեցության գոտուց։
Վաշինգտոնը դիտարկում է Թել Ավիվի հետ արաբական երկրների դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Այդ ժամանակ նա կկարողանա շարունակել վերահսկել տարածաշրջանը եւ ապագայում խուսափել բացասական սցենարներից։
Ինչպես հայտնում է իսրայելական «Haaretz» թերթը, գործողությունների հիմնական ուղղություններից մեկը տարածաշրջանային պաշտպանական համակարգի ձեւավորումն է, որը «կօգնի դիմակայել Իրանի կողմից աճող սպառնալիքին»։
Բայց դրա համար, հավանաբար, կպահանջվի բարելավել Թել Ավիվի եւ Էր-Ռիյադի հարաբերությունները։ Բայդենի վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ։ Եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, դա կլինի առաջին քայլը Թել Ավիվի եւ Էր-Ռիյադի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։
Վերջին մի քանի տարում Պարսից ծոցի երկրներին հաջողվել է ռազմավարական հարաբերություններ կառուցել Չինաստանի ու Ռուսաստանի հետ: Բայդենի հետ հանդիպումը ցույց կտա, թե Էր-Ռիյադն ու Աբու-Դաբին որքանով են պատրաստ հրաժարվել դեպի Արեւելք կուրսից: ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան ցուցադրել են, որ արտաքին անկախ քաղաքականություն են վարում եւ ամրացնում են իրենց հարաբերությունները Վաշինգտոնի հակառակորդների՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է բրիտանական «Financial Times»-ը:
Ամերիկյան վերլուծաբան Ջորջիո Կաֆյերոն արաբական երկրներին զգուշացրել է, որ չի կարելի վստահել Բայդենի վարչակազմին: Նա չի կարծում, որ Բայդենի այցն արմատապես կփոխի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, առավել եւս՝ արմատապես չի փոխի Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը: Այն պարզապես կարեւոր նշանակություն ունի Պարսից ծոցում ամերիկյան ազդեցության վերականգնման համար:
Սաուդյան Արաբիան սպասում է Իրանի հետ բանակցությունների ավարտին եւ կգործի՝ ելնելով դրանց արդյունքներից: Իրաքը նույնպես Բայդենի ու Իբն Սալմանի շփումների օրակարգում կլինի: Գլխավոր պատճառը երկրում քաղաքական ճգնաժամն է եւ անվտանգային լարված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը, շատերն են զայրացած, որ Բայդենը Մերձավոր Արեւելք իր առաջին շրջագայության ընթացքում կայցելի նաեւ Սաուդյան Արաբիա, մինչդեռ ավելի վաղ խոստանում էր մեկուսացնել Էր-Ռիյադին մարդու իրավունքների խախտումների ու լրագրող Հաշոգիի սպանության համար:
Ըստ փորձագետների՝ Մուհամեդ բեն Սալմանը կօգտվի ամերիկյան նախագահի ուշադրությունից, որին մինչ այժմ արհամարհել ու մերժել է։ Սաուդյան Արաբիան եւս մեկ քայլ կանի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը մեծ հաղթանակ կլինի Բայդենի համար: Դա կօգնի նրան շեղել ուշադրությունը կամ նույնիսկ լռեցնել նրանց, ովքեր դեմ են Էր-Ռիյադի հետ Վաշինգտոնի մերձեցմանը:
Գաղտնիք չէ, որ արաբական վարչակարգերն այլեւս շահագրգռված չեն պաղեստինյան ճգնաժամի եւ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմամբ։ Արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, կենտրոնացած են անվտանգության խնդիրների եւ սեփական շահերի իրականացման վրա՝ մոռանալով պաղեստինյան ժողովրդի իրավունքների համար պայքարի եւ Իսրայելի դեմ հակազդեցության մասին։