Մայիսին մեզ մոտ գնաճը 9 տոկոս է կազմել։ Եվ սա, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գնահատմամբ, չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է։ Այս մասին օրերս ԿԲ նախագահը հայտնել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նա նաեւ նշել է, թե, դատելով աշխարհաքաղաքական ծավալումներից, առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը դեռ պահպանվելու է։ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ այս պահին 9 տոկոս գնաճը մոտակա ամիսներին բարձրացման միտումներ էլի կցուցաբերի, բայց տարեվերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք։ Եթե, իհարկե, ԿԲ նախագահի խոսքով, «որեւէ նոր արտասովոր բան տեղի չունենա»։
Այս «արտասովոր բանը», հասկանալի է, մեզանից կախված չէ եւ պայմանավորված է դարձյալ միջազգային ծավալումներով: Ինչը, որտեղն ու ինչպեսը ընթացքը ցույց կտա։ Բայց սա չի նշանակում ձեռքերը ծալած նստել ու սպասել այդ ծավալումներին։ Դրանից հնարավորինս քիչ ազդվելու համար պետք է լուծել պարենային ապահովության եւ ռազմավարական պաշարների ապահովվածության հարցերը։ Հնարավորինս շուտ եւ հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով։ Ի դեպ, այս հարցերը անընդհատ պետք է լուծված լինեն, եթե նույնիսկ միջազգային զարգացումները բարենպաստ լինեն ու մտահոգության տեղիք չտան։ Փորձը ցույց է տվել, որ կտրուկ բացասական փոփոխություններ միշտ կարող են լինել, եւ, հետեւաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատագույն սցենարներին։ Միով բանիվ՝ պետությունը պետք է մշտապես ունենա իր պաշարները։ Ի վերջո՝ երկրի տնտեսական քաղաքականությունն ու տրամաբանությունը պետք է բխեն անվտանգության օրակարգից։
Շատերը թյուրընկալմամբ կարող են մեր ասածը վատատեսություն համարել եւ գնաճային երեւույթները հակադարձել տնտեսական ակտիվության փաստով։ Այո, բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե այդ տնտեսական ակտիվության վրա ինչն է ազդել։ Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական ակտիվությանն էապես նպաստել է մետաղների միջազգային գնաճը։ Ընդ որում՝ ո՛չ թեթեւակի գնաճը։ Այսպես՝ 2021 թ. պղնձի միջազգային գնային ցուցանիշը 2020 թ. համեմատ բարձր է եղել մոտ 51 տոկոսով, իսկ մոլիբդենինը՝ 83 տոկոսով: Զուգահեռ՝ 2021 թ. Հայաստանում 12-ամսյա գնաճը 7.7 տոկոս է կազմել։ Եվ այս 7.7 տոկոսից 4.8 տոկոսային կետը պայմանավորված է եղել պարենի եւ ոչ ոգելից խմիչքի գնաճով։ Ու, ի դեպ, այդ 7.7 տոկոսը վերջին տասը տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն էր։ Պետության սահմանած թիրախային 4 տոկոսի սահմանը գնաճը վերջին անգամ անցել էր միայն 2014 թ.։ Ինչ պատկեր կունենանք այս տարեվերջին, հաջորդ տարեսկզբին կհասկանանք, երբ կամփոփվեն տվյալները։
Բայց որ պարենային ճգնաժամի ռիսկերը մեծ են, եւ աշխարհը մտածում է հակընդդեմ քայլերի՝ կանխարգելելու կամ նվազագույնս ազդվելու մասին, հաստատ է։ Մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել ապահովել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի անարգել մուտքը։ Դրանից որոշ ժամանակ առաջ էլ Մոսկվային խնդրել էր չխոչընդոտել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների ելքին՝ փոխարենը խոստանալով աջակցել Ռուսաստանի եւ Բելառուսի պարարտանյութերի դեմ պատժամիջոցները մեղմելուն։ Գլխավոր քարտուղարը նշել էր, որ համաշխարհային պարենային ճգնաժամային խնդիրն անհնար է հանգուցալուծել առանց ռուսական եւ ուկրաինական կողմերի պարենային արտադրության։ Եվ ահա մի քանի օր առաջ ԵՄ-ն պատրաստակամություն հայտնեց աշխատելու ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար։ Ըստ «Ինտերֆաքսի» հաղորդման՝ պատրաստակամության մասին նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը՝ շեշտելով, թե սերտ կապի մեջ են ՄԱԿ-ի հետ՝ լուծելու թե՛ ռուսական հացահատիկի եւ պարարտանյութի գնումների վրա ազդող խնդիրները եւ թե՛ այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային արտահանելու իր հացահատիկը։
Ինչպես ասում են՝ գլոբալ տնտեսությունը գլոբալ էլ վնասներ է հասցնում ու կապ չունի՝ տվյալ երկիրը զարգացած է, թե ոչ։ «The Washington Times»-ն, օրինակ, գրում է, որ ընդհանրապես բարձր գնաճի եւ բենզինի գների պատճառով ամերիկացիները, խուճապի մատնվելով, զանգվածաբար դիմում են պարենային օգնության համար։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն խոսում են էներգետիկ ճգնաժամի ռիսկերի մասին։ «The Guardian»-ը գրում է, որ Արեւմուտքը ուշ թե շուտ ստիպված է լինելու բանակցել Մոսկվայի հետ, որովհետեւ հակառուսական պատժամիջոցները աշխարհը կարող են նոր ճգնաժամերի ուղղությամբ տանել։
Նկատենք, որ խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանը տիրապետում է աշխարհատնտեսական կարեւորագույն մահակի՝ էներգառեսուրսների։ Հարցն այն է, որ Ռուսաստանը նաեւ պարենային համաշխարհային շուկայում խոշոր մատակարարներից է։ Ի դեպ, այս պետությունը 2014-ից է տնտեսական տիրույթում կառուցվածքային փոփոխությունների սկիզբ դրել, նաեւ ակտիվ քայլեր է իրականացրել տնտեսության ապադոլարացման ուղղությամբ։ Ու գլոբալ տնտեսության ներկայիս իրավիճակում հնարավորինս քիչ կվնասվեն այն երկրները, որոնք ունեն աշխարհատնտեսական մեկ այլ կարեւորագույն գործիք՝ հացահատիկը։ Եվ այդ երկրները, բնականաբար, նախ կմտածեն իրենց ապահովության մասին։ Օրինակ՝ Հնդկաստանը, որ հացահատիկային աշխարհում երկրորդ խոշորագույն արտադրողն է, մայիսի 14-ին արգելել է ցորենի արտահանումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք արդեն իսկ թողարկված ակրեդիտիվներով ապահովված են։
Հայաստանը նույնպես զերծ չի մնա համաշխարհային այս վայրիվերումներից, բայցեւ՝ ավելի դյուրին կարող է դիմակայել։ Բանն այն է, որ, այո, անժխտելի է, որ մեր տնտեսությունը միջազգային տնտեսական փոփոխություններից կախված չլինել չի կարող, մանավանդ որ մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Բայցեւ՝ մեր երկրի տնտեսությունն այնքան խորքային ինտեգրված չէ համընդհանուր միջազգային տնտեսությանը, որ գլոբալ բացասական շարժերը խորքային ազդեն։ Մեր տնտեսությունը փոքրածավալ է, եւ հեշտությամբ կարող ենք պարենային շատ ռիսկերի չառնչվել։ Մանավանդ, որ այս պահի դրությամբ պարենային ապահովության հարց կարող ենք դեռ լուծել։ «Դեռ» ենք ասում, որովհետեւ չնայած ռուսական կողմից որոշ ապրանքների արտահանման արգելքի, ԵԱՏՄ երկրների համար բացառություն կա։ Բայց չենք կարող ասել՝ ապագայում այդ բացառությունը կգործի՞ արդյոք։ Որովհետեւ չգիտենք, թե ինչ ուղղությամբ կգնա ռուս-ուկրաինական ճգնաժամը, թե ինչ սրացումներ կստանան Արեւմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցները։ Բացասական զարգացումների պարագայում ՌԴ-ն, բնականաբար, ստիպված է լինելու նախ ինքն իր ապահովության մասին մտածել։ Սրանից ելնելով է, որ մեր պետությունը պետք է մտածի ոչ թե կարճաժամկետ առումով պարենային ապահովության մասին, այլեւ՝ ռազմավարական պաշարի։ Ճգնաժամերը նաեւ հնարավորություններ են բացում։ Բայց այդ հնարավորությունները ստանալու համար պետք է հստակ քայլեր ձեռնարկել։ Ու սա այն իրավիճակն է, երբ պետությո՛ւնը պետք է գործուն մասնակցություն ունենա՝ տնտեսական քաղաքականությունում կարգավորումը չթողնելով մասնավոր հատվածի հույսին։