Եվրոպական հանձնաժողովը մերժել է Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում եւ հավանության է արժանացրել Ուկրաինայի ու Մոլդովայի հայտերը: Միեւնույն ժամանակ վերապահում է արվել, որ Թբիլիսին պետք է կատարի 12 պայման, որոնք Եվրահանձնաժողովը ներկայացրել է Վրաստանին, եւ դրանից հետո կարգավիճակը կարող է տրվել: Թեկնածուի կարգավիճակ ստանալու այս երեք երկրների հայտերի հետ կապված վերջնական որոշումը ԵՄ-ի երկրների առաջնորդները կդիտարկեն հունիսի 23-24-ին: Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Եվրահանձնաժողովի երաշխավորությունը նրանց համար միշտ առաջնային է:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, մեկնաբանելով Վրաստանի հայտի մերժումը, կոչ է արել չհիասթափվել, այլ «միավորվել քաղաքականապես եւ բարեփոխումներ իրականացնել»: Նույն ոգով են հանդես եկել նաեւ մյուսները՝ Եվրահանձնաժողովի, ինչպես նաեւ եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչները: Եվրահանձնաժողովը հրապարակել է 12 պայման, որոնց կատարումից հետո միայն Վրաստանը կարող է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հույս ունենալ: Այդ պայմանների թվում են երկրի ապաօլիգարխացումը, դատարանների լիարժեք բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը, մամուլի անկախության ու ազատության ապահովումը, Շարլ Միշելի համաձայնագրի կատարմամբ քաղաքական բեւեռայնության հաղթահարումը, ընտրական օրենքի կատարելագործումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը. գենդերային հավասարության ամրապնդումը, քաղաքացիական հատվածի ներգրավումը բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում, օմբուդսմենի ինստիտուտի լիարժեք գործումը եւ այլն:
Ասել, որ վրաց հասարակությունը հիասթափված է Եվրահանձնաժողովի որոշումից, նշանակում է ոչինչ չասել: «Ազգային շարժում» նախկին իշխանական, այժմ՝ արմատական ընդդիմության ներկայացուցիչների կարծիքների մեջբերումն անիմաստ է, քանի որ դրանք լի են սարկազմով ու իշխող «Վրացական երազանքի» հասցեին հնչեցված վիրավորանքներով:
Դեռ մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Վրաստանի հայտը դատապարտված է մերժման, երբ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, մեկնաբանելով Թբիլիսիի եվրոպական հեռանկարները, վերհիշում էին այն դեպքերը, երբ այլ երկրների համար հարցը դրական լուծում է ստացել հետաձգումից հետո: Մասնավորապես՝ խոսքը Սլովակիայի ու Լիտվայի մասին է, որոնց, ինչպես շեշտել են դիվանագետները, նույնպես ներկայացվել են պայմաններ, որոնց կատարումն անհրաժեշտ է ինտեգրացիոն առումով առաջընթաց քայլ կատարելու համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հուսահատ փորձը՝ բեկելու իրավիճակը «համաժողովրդական միտինգով»՝ հօգուտ Եվրամիության կազմում ընդգրկման, ցանկալի արդյունք չտվեց: Միեւնույն ժամանակ, ըստ տարածված կարծիքի, իրավիճակն այսօր միանգամայն այլ կլիներ, եթե իշխող կուսակցության առաջնորդներն ագրեսիվորեն չպատասխանեին Եվրամիության ներկայացուցիչների դիտողություններին, այլ դրանք ընդունեին որպես ի գիտություն: Դրա անուղղակի հաստատումն է այն, որ դեռ վերջերս եվրոպացիները խոստովանում էին, որ Վրաստանն ինտեգրացիոն առումով առաջ է անցել եւ Մոլդովայից, եւ Ուկրաինայից, որը, ի դեպ, շատ քիչ հույսեր ուներ, եթե չլիներ հակամարտությունը Ռուսաստանի հետ:
Մերժում ստանալով՝ «Վրացական երազանքը» փորձում է պահպանել դեմքը՝ պնդելով, որ ոչ մի ճակատագրական բան տեղի չի ունեցել, նույնիսկ ընդհակառակը՝ երկիրը պաշտոնական հաստատում է ստացել, որ կընդունվի Եվրամիության կազմում: Ճիշտ է՝ միայն ստորագրված 12 պայմանների կատարումից հետո:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն խոստացել է, որ բոլոր ցուցումները կկատարվեն, իսկ այնուհետեւ անցել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների կարծիքների՝ արդեն ավանդական դարձած վիճարկմանը: Խոստանալով ապաօլիգարխացում անցկացնել՝ նա անսպասելիորեն հայտարարել է, որ դա չի կարող վերաբերվել Բիձինա Իվանիշվիլուն, քանի որ նա ոչ միայն գործարար է, այլեւ խոշոր բարերար, ով 2012 թ. վերջակետ է դրել Միխայիլ Սահակաշվիլիի արյունոտ ռեժիմին: Նրա կարծիքով՝ օլիգարխներ են նույն Սահակաշվիլին, նրա պաշտպանության նախարար Դավիդ Կեզերաշվիլին, ով օրենքից թաքնվում է արտասահմանում, սակայն շարունակում է տիրել վրացական «Ֆորմուլա» ընդդիմադիր հեռուստաալիքին:
«Սահակաշվիլին արդեն բանտում է, այնպես որ, ապաօլիգարխացման կոնկրետ մեկ քայլ արդեն կատարված է: Մենք կփորձենք տրամաբանական ավարտի հասցնել նաեւ Կեզերաշվիլիի գործը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: Խոսելով այն մասին, որ Թբիլիսին թեկնածուի կարգավիճակ չի ստացել, Կոբախիձեն նշել է, որ որոշման հրապարակումից առաջ եվրոպական առաջնորդներից ակնարկներ է ստացել, թե Վրաստանի հարցի դրական լուծմանը կարող են խանգարել աշխարհագրական դրությունը եւ այլ տարօրինակ պատճառներ: Նա շեշտել է, որ թեկնածուի կարգավիճակը երկրին ֆինանսական կամ նյութական այլ առավելություններ չի տալիս, «կա միայն բարոյական հիասթափություն»: «Մենք հասկանում ենք, որ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, չի գնացել զոհեր տալու ճանապարհով՝ կարգավիճակի ստացման դիմաց: Եվ մենք հասկանում ենք, որ Վրաստանում 2008 թ. զոհերն ու թափված արյունը (Ռուսաստանի հետ պատերազմը) կամ 30 տարի առաջ (Աբխազիայում պատերազմը) եւ գրեթե կես միլիոն փախստականները, ցավոք, արդեն սպառել են իրենց հրատապությունը մեր եվրոպական գործընկերների համար»,- ԵՄ-ին կշտամբել է Կոբախիձեն: Միեւնույն ժամանակ իշխող կուսակցության նախագահը հրաժարվել է կատարել իր սպառնալիքը եւ լույս սփռել ինտեգրացիոն գործընթացների վրա: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի թաքցրել իր հիասթափությունը: Տեղի ունեցածի պատասխանատվությունը նա դրել է ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության այն հատվածի վրա, որը Բրյուսելում գործում էր հանուն այն բանի, որ Վրաստանի հայտը տապալվի: Նման ընդդիմադիրներն ընդամենը ձգտում են դա օգտագործել «Վրացական երազանքի» դեմ իշխանության համար պայքարում:
Եվրահանձնաժողովի որոշմանը Թբիլիսիի պաշտոնական արձագանք կարելի է համարել արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունը: «Վրաստանը կշարունակի աշխատել հավակնոտ բարեփոխումների ուղղությամբ: Մենք, անշուշտ, Վրաստանը տանելու ենք դեպի վերջնական նպատակ՝ Եվրամիությանը լիարժեք անդամակցության»,- ճեպազրույցում խոստացել է նախարարը:
Իսկ սոցիալական ցանցերի վրացական հատվածում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ Արեւմուտքը Վրաստանին «նետում» է Ռուսաստանի գիրկը: