Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հունիսի 22-ին մեկնել էր Թուրքիա, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամն էր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է երկկողմ հարաբերություններում համագործակցության նոր դարաշրջան սկսելու վճռականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, պաշտպանական հարցերը։
Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական, արդյունաբերության, այդ թվում՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության, թվային տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներին։ Սակայն պետք է հատկապես առանձնացնել էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագրերն այնպես, որ «դա ծառայի երկու երկրների շահերին եւ նպաստի տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները խզվել էին 2018 թ. Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունից հետո։ Հարաբերությունների նորմալացումը դժվար էր տեղի ունենում անգամ Թուրքիայի կողմից Խաշոգջիի սպանության գործով դատավարությունը դադարեցնելուց հետո: Ամիսներ շարունակ տարածաշրջանային տերությունների միջեւ հարաբերությունները շտկելու փորձից հետո ապրիլին ի վերջո հաջողվել էր Էրդողանին Սաուդյան Արաբիայում դեմ առ դեմ բանակցություններ վարել արքայազն Մուհամեդի հետ։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով «Ռոյթերսին» հայտնել էր, որ այցի արդյունքում ակնկալում են հասնել «լիակատար նորմալացման եւ նախաճգնաժամային շրջանի վերականգնման»։ Թուրք պաշտոնյան նաեւ նշել է, որ երկու երկրներն արդեն իսկ հանել են առեւտրի, թռիչքների եւ հեռուստատեսային շոուների սահմանափակումները, ընդ որում՝ դադարեցվել է նաեւ լրատվամիջոցների փոխադարձաբար բացասական լուսաբանումը։ Մշակվում է սաուդյան ֆոնդերի՝ Թուրքիայի կապիտալի շուկա մուտք գործելու ծրագիր։ Դրանով Թուրքիայի նախագահը ֆինանսական աջակցության ճանապարհներ է փնտրում՝ մեղմելու համար երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները։ Միջազգային հարաբերությունների գծով խորհրդի միջազգային կապերի (CFR) ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպության փորձագետ Սթիվեն Քուկի խոսքով, Թուրքիայի համար աշխարհաքաղաքական առումով կարեւոր է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ, ինչը պայմանավորված է տնտեսական լուրջ խնդիրներով: Անցյալ տարվա սկզբին լիրան կորցրել էր իր արժեքի 44 տոկոսը, որի հետեւանքով ներմուծման գները կտրուկ բարձրացել էին, իսկ ներդրողներն ու երկրի բազմաթիվ քաղաքացիներ՝ կորցրել վստահությունը կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ: Իսկ արդեն ապրիլին սպառողական գների գնաճը Թուրքիայում հասել էր մինչեւ 69.9 տոկոսի, որը երկու տասնամյակի կտրվածքով առավելագույնն էր։ Իրավիճակն առավել զգայուն է հաջորդ տարի նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, առավել եւս, որ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետեւանքով երկրի տնտեսության վրա են ծանրացած նաեւ ռազմական ծախսերը:
Թուրքիայի վարած սադրիչ արտաքին քաղաքական գիծը լուրջ խնդիրներ էր ստեղծել տարածաշրջանային երկրների հետ։ Երկրի շուրջ ստեղծված քաղաքական լարվածությունը թուլացնելու նպատակով Էրդողանը մի շարք քայլեր է ձեռնարկել, մասնավորապես վերականգնել է կապերը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ, աշխատում է Իսրայելի առաջնորդների հետ եւ շարունակում Եգիպտոսի հետ բանակցությունները։ Թուրքիայի նախագահը այս տարվա փետրվարին այցելել էր ԱՄԷ, որն առաջին նման ճամփորդությունն էր վերջին 10 տարվա ընթացքում։ Էրդողանի այցը հաջորդել էր Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդի՝ 2021 թ. նոյեմբերին Անկարա կատարած այցին։ Արդեն մայիսի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց «նոր դարաշրջան» թեւակոխելու մասին ԱՄԷ-ի իր գործընկեր Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ Քաղաքագետ եւ էներգետիկ փորձագետ Օմիդ Շոկրին «The New Arab»-ում վերլուծություն էր հրապարակել՝ նշելով, որ չնայած Թուրքիայի եւ արաբական երկրների միջեւ վերջին տարիներին առկա լարվածությանը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը փոխել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Այս պահին սրացման փուլում են Հունաստանի հետ հարաբերությունները։ Անկարան ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Միջերկրական ծովի արեւելքում, ներառյալ Կիպրոսում։ Ինչ-որ առումով արաբական երկրների հետ «զսպանակ»-ի թուլացումը թույլ կտա Թուրքիային կենտրոնանալ Հունաստանի եւ Սիրիայի ուղղությամբ։ Ի դեպ, թե Սաուդյան Արաբիան, թե Արաբական Միացյալ Էմիրությունները 2020 թ. ամռանն իրենց օդային անձնակազմերով Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին վարժանքներ էին անցկացրել Կրետեի ռազմաբազաներում: Փաստորեն արաբական այս երկու երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի հետ հարաբերությունները բարելավելով՝ Թուրքիան ձգտում է դիվանագիտական ճանապարհով քանդել հակաթուրքական տրամադրություններ ունեցող երկրների խմբավորումը։ Իհարկե, վաղ է խոսել արաբական երկրների հետ խնդիրների վերջնական կարգավորման կամ լուծման մասին, կողմերը զգուշավորություն ցուցաբերելով՝ ընտրել են առաջին հերթին տնտեսական բաղադրիչը, սակայն քաղաքական եւ առավել խորքային տարաձայնությունները լուծելու համար բավականին բարդ, բազմաշերտ եւ երկարատեւ գործընթաց է սպասվում։