Անցյալ տարվա վերջին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուս փիլիսոփա, գրող, հրապարակախոս Ալեքսանդր Զինովեւի ծննդյան 100ամյակը 2022 թ. ընթացքում նշելու մասին: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների համար հիմնվում է Զինովեւի անվան տասը անհատական թոշակ:
Սա աննախադեպ իրադարձություն է: 1978 թ. ԽՍՀՄից արտաքսված եւ քաղաքացիությունից զրկված Ալեքսանդր Զինովեւի վերադարձը արդեն Ռուսաստանի Դաշնություն 1999ին բնավ էլ սոսկ մեկ անհատին վերաբերող կենսագրական փաստ չէ, այլ, ըստ էության, ժամանակակից ռուսաստանյան փիլիսոփայության վերածննդի սկիզբը: Եվ դա ոչ թե սոսկ տողերիս հեղինակի կարծիքն է, այլ փիլիսոփայական գրեթե ամբողջ հանրության միասնական տեսակետը, իսկ ՌԴ նախագահի հրամանագիրն այդ երեւույթի վավերացումն է պետականքաղաքական բարձրագույն մակարդակում:
Ալեքսանդր Ալեքսանդրի Զինովեւը ծնվել է 1922 թ. հոկտեմբերի 22ին Ռուսաստանի Կոստրոմայի նահանգի Չուխլոմոյի գավառի Պախտինո գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում: Արդեն դպրոցում աչքի է ընկնում ոչ միայն բացառիկ ընդունակություններով, ընթերցասիրությամբ, այլեւ հանրային ակտիվությամբ, հասարակականքաղաքական երեւույթների սեփական ընկալմամբ եւ գնահատականով: 1939 թ. մի ժողովում արդեն ուսանող դարձած Զինովեւն այնքան բուռն է քննադատում ստալինյան հալածանքները, գյուղացիների ճորտային վիճակը, սոցիալական անարդարությունները, որ նրան հեռացնում են կոմերիտմիության շարքերից, ապա՝ ձերբակալում: Քննիչները չէին հավատում, որ Ալեքսանդրը սեփական վերլուծությունն է շարադրում, վստահ էին, որ նա Ստալինին սպանելու մտադրություն ունեցող դավադիր խմբի անդամ է եւ կրկնում է ուրիշի մտքերը: Պատանուն ինչոր կերպ հաջողվում է փախչել, մեկ տարի թաքնված է մնում, ապա 1940 թ. վերջին ներկայանում է զինկոմիսարիատ՝ ազգանունը փոքրինչ փոխած («Զենովեւ»), մտնում Կարմիր բանակի շարքերը: Ավարտելով ռազմական օդաչուների դպրոցը՝ մասնակցում է մարտական գործողությունների, պարգեւատրվում «Կարմիր աստղ» շքանշանով:
Ա. Զինովեւը զորացրվում է 1946 թ., վերականգնվում Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում (ուսումնառության ընթացքում ապրուստի համար աշխատել է՝ բեռնակիր, հողափոր, պահակ), ավարտում, դառնում փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող, պաշտպանում թեկնածուական, ապա դոկտորական ատենախոսություն: Սկսում է դասավանդել նաեւ Մոսկվայի պետական համալսարանում, ստանում պրոֆեսորի կոչում, դառնում ամբիոնի վարիչ, ներգրավվում է «Վոպրոսի ֆիլիսոֆիի» հեղինակավոր ամսագրի խմբագրական խորհրդի կազմում: Կարծեք, ամեն ինչ բարենպաստ է: Սակայն պարզվում է, որ Պետական անվտանգության կոմիտեն հին հաշիվներ ունի փիլիսոփայի հետ. վերջինս հրավերներ է ստանում արտերկրի փիլիսոփայական կենտրոններից, բայց նրան թույլ չեն տալիս երկրից մեկնել:
Խորհրդային իրականության երգիծական ընկալման, կառավարման համակարգի, կուսակցական մենատիրության եւ այլ երեւույթների մասին Զինովեւը գրում եւ 1976 թ. Շվեյցարիայում հրատարակում է «Բացատարած գագաթները» գիրքը, որին հաջորդում է նույն սարկազմով հագեցած «Լուսավոր ապագա» գիրքը (1978 թ.): Երկուսն էլ շատ արագ թարգմանվում են տասնյակ լեզուներով եւ լայնորեն տարածվում: Առաջին գիրքը հակաուտոպիայի ժանրի աշխատանք է, որտեղ ներկայացվում է հասարակության կառավարման ամբողջատիրական մոդելը՝ շատ թափանցիկ ակնարկներով խորհրդային հաստատությունների հասցեին: Երկրորդը գեղարվեստական վեպ է, որի հերոսները գիտության աշխարհի մարդիկ են, կենսական եւ կենցաղային զանազան դեպքերին հընթացս դատողություններ են անում խորհրդային կյանքի մասին, ամփոփ եզրակացություններ՝ արդեն ոչ այլաբանորեն, այլ իրերն անվանելով ստույգ անուններով: Մինչ կուսակցական փաստաթղթերում եւ հասարակական մտքում թեւածում էր «զարգացած սոցիալիզմի» մոդելը, Զինովեւը առկա կացութաձեւը բնորոշում է որպես կոմունիզմի «քառաշար փշալարերով պատած մոդել»:
Արձագանքը չի ուշանում. ՊԱԿ ղեկավար Յուրի Անդրոպովը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմ՝ մեղադրելով Զինովեւին հակախորհրդային գործունեության համար: Վերջինս, իհարկե, պատրաստ էր նման ընթացքին. 1976 թ. ինքնակամ դուրս է գալիս կոմկուսի շարքերից, հանձնում տոմսը: Բայց նման կարգ ընդունված չէր. փիլիսոփայության ինստիտուտի կուսկազմակերպությունն է նրան հեռացնում «խորհրդային գիտնականին անհարիր արարքների» համար: Պատկան մարմինները նրան զրկում են ԽՍՀՄ քաղաքացիությունից եւ 1978ին ընտանիքի հետ միասին արտաքսում երկրից:
Ա. Զինովեւը բնակվում է Գերմանիայում, դասավանդում Եվրոպայի, ԱՄՆի, Լատինական Ամերիկայի համալսարաններում, եռանդուն հրապարակվում: Ռուս փիլիսոփան Արեւմուտքում մեծ հեղինակություն է ձեռք բերում, բազում պարգեւների արժանանում: Սակայն երբ նա սկսում է նույն օբյեկտիվությամբ եւ հետեւողականությամբ վերլուծել Արեւմուտքը, պարզաբանել արեւմտյան հասարակության արժեքային համակարգը, մասնավորապես՝ ժողովրդավարության կեղծ դրսեւորումները, հակվածությունը դեպի ամբողջատիրական կառավարումը եւ այլն, այդ ժամանակից փիլիսոփայի փառքն այստեղ մարում է: Ի վերջո, 1999 թ. Հարավսլավիայի ռմբակոծությունների դեմ իբրեւ ցուցադրական բողոք նա վերադառնում է Ռուսաստան: Մահացել է 2006 թ. մայիսի 10ին:
Ալեքսանդր Զինովեւի գրական ժառանգությունը շուրջ քառասուն գրքերն են, որոնցից, ըստ իս, առավել արժեքավորը նրանք են, որոնցում հանգամանորեն պարզաբանված են խորհրդառուսական հասարակարգի փլուզման հիմնական պատճառները, մասնավորապես՝ «Կոմունիզմը՝ որպես իրողություն» (1980) եւ «Կոմունիզմի ճգնաժամը» (1990) գրքերը: Ի տարբերություն միեւնույն թեմային նվիրված գեղարվեստական գրքերի (որոնցից երկուսն արդեն հիշատակվեցին, ավելացնենք «Գիշերային պահակի գրառումները», «Դրախտի շեմին», «Դեղին տունը», «Առանց պատրանքների» գրքերը) սրանք խոր եւ հանգամանալի տեսական աշխատություններ են:
Սեփական գրական ժանրը Ա. Զինովեւը բնորոշում է որպես «ժամանակագրականսոցիոլոգիական վեպ», բացատրելով, որ ձգտում է գրել ոչ թե մասնագետների նեղ շրջանակի համար, այլ սովորական մարդկանց լայն շրջանակի, այն հույսով, որ նրանք կենսական որոշակի փորձառություն կստանան իր գրքերից:
Շատ կարեւոր է հաշվի առնել, որ Ա. Զինովեւը դեպի սոցիալական փիլիսոփայություն անցում է կատարել տրամաբանության ասպարեզից. թեկնածուական ատենախոսության թեման էր «Կ. Մարքսի «Կապիտալի» տրամաբանությունը», դոկտորականինը՝ «Բազմանշանակ տրամաբանության փիլիսոփայական հիմնախնդիրները»: Առհասարակ, այս փուլում, մինչ խորհրդային հասարակության խորքային ուսումնասիրությանը ձեռնամուխ լինելը, Ա. Զինովեւը տրամաբանության խնդիրների շուրջ հրատարակել է տասնյակ արժեքավոր մենագրություններ: Իսկ երրորդ փուլն արդեն ժամանակակից գլոբալացման («արեւմտականացման») էության ուսումնասիրությունն է, մարդկությանը («մարդկային մրջնանոցին») սպառնացող վտանգների պարզաբանումը:
Այստեղից էլ, իր բնորոշմամբ, «սեփական տրամաբանափիլիսոփայական հայեցակարգը»: Մասնավորապես, ինչպես ինքն է գրում, դեռ երիտասարդ տարիքում իր համար մշակել է ճանաչողական երկու սկզբունք: Առաջինի ձեւակերպումը հետեւյալն է. «Որեւէ սոցիալական օբյեկտի վերաբերյալ կամայականորեն վերցված եւ բավարար ծավալով տեղեկությունը ներառում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է եւ բավարար տվյալ օբյեկտի էությունը հասկանալու համար»: Երկրորդ սկզբունքն ասում է. «Սոցիալական հիմնական երեւույթների ամենախորքային գաղտնիքները թաքնված չեն հանրային շենքի նկուղներում, քաղաքական իրադարձությունների ետնաբեմում, գաղտնի հաստատություններում եւ աշխարհի հզորների աշխատասենյակներում, այլ դրանք բացեիբաց են համընդհանուր դիտարկման համար առտնին կյանքի ակնհայտ փաստերի մեջ. մարդիկ դրանք չեն նկատում գլխավորապես այն պատճառով, որ չեն ցանկանում տեսնել կամ էլ դրանք չեն համարում ուշադրության արժանի ինչոր բան»: Ընդունված եզրաբանությումբ՝ սա կարող էր համարվել «ֆենոմենոլոգիական» մեթոդաբանության տեսակ, բայց, քանի որ հեղինակն ինքը խուսափում է նման անվանումից, մենք էլ գերադասենք խոսել ոչ «անունից», այլ «ամանումից»՝ բովանդակությունից:
Ընդամենը յոթանասուն տարվա կյանք ունեցած խորհրդային հասարակությունը քաղաքակրթական եզակի երեւույթ էր: Ընդ որում, եթե այս հասարակարգի ծնունդը եւ կայացման առաջին շրջանը քիչ թե շատ ըմբռնելի կամ, եթե ավելի զգուշավոր արտահայտվեմ, առավելապես նկարագրական մակարդակով հասկանալի են մարքսիզմի հիմնադրույթների լույսով, ապա վերջին շրջանը, փլուզման եւ վերացման պատճառները մինչեւ օրս ոչ թե սպառիչ, այլ նվազագույն իսկ տեսական մեկնաբանություն չեն ստացել: Այս առումով Ալեքսանդր Զինովեւի սոցիալփիլիսոփայական դիտարկումները բացառիկ մեթոդաբանական արժեք ունեն:
Մասնավորապես, միայն այդ հասարակարգում ապրածը կարող է հիշել (թեկուզ ժամանակին խորհրդածության չի էլ ենթարկել իրեն հարկ եղած դեպքում տրվող «բնութագրի» մասին՝ եռակի ստորագրությամբ վավերացված), իսկ հետխորհրդային սերնդի ներկայացուցիչը ոչ մի կերպ չի կարող հասկանալ Զինովեւի արձանագրած պարադոքսներից մեկը: Խոսքն աշխատավորական կոլեկտիվի, իր եզրաբանությամբ՝ հասարակության «առաջնային բջջի»՝ անհատի վրա ունեցած իշխանության մասին է. «Առաջնային կոլեկտիվը չի կարող իր աշխատակցին տալ արտասահման մեկնելու թույլտվություն, բայց այդ ուղեւորությունը կոլեկտիվից ոչ պակաս չափով է կախված, քան արտաքին գործոց նախարարությունից»:
Նույն կերպ՝ երեսունքառասուն տարեկան մեր ժամանակակիցը ոչ մի կերպ չի հասկանա, եւ միայն «խորհրդային ապրելակերպը» ճաշակած մարդը կարող է հիշել (նաեւ հետին թվով զարմանալ ու զայրանալ) իր կյանքում ամեն քայլափոխի հանդիպող տարատեսակ ստորադասումստորացումները, իշխանությունից կախվածությունները. «խանութի վաճառողի իշխանությունը գնորդի հանդեպ, միլիցիոների իշխանությունը գինովցած մտավորականի հանդեպ, տաքսու վարորդի իշխանությունը ինչոր տեղ շտապող եւ տաքսի որսացող մարդու հանդեպ» եւ այլն:
Եթե նույն ոճով շարունակենք, ապա պիտի հիշենք եւ փորձենք հասկանալ խորհրդային հասարակության վերնախավի անհանդուրժողականությունը շիտակ մտավորականների հանդեպ (բացառությամբ «պալատական» մտավորականության ցուցադրական շերտի). «Մտավորականության հանդեպ ատելությունը ընդհանրապես իշխանության ամբողջ զանգվածի գաղափարախոսության տարրն է, թեկուզ միայն այն պատճառով, որ ստորին օղակներում իշխանությունը ձեւավորվում է բնակչության ցածրակիրթ եւ շնորհազուրկ մասից, իսկ վերին օղակներում այն անձանցից, որոնք կրթվածության եւ տաղանդի առումով ամենուր եւ միշտ զիջել ու զիջում են իրենց հասակակիցներին, որոնք դարձել էին գիտնականներ, նկարիչներ, դերասաններ, գրողներ»:
Իսկ այս երեւույթների հիմքում կոմունիստական հասարակության բուն էությունն է՝ որպես համատարած, ամենակուլ իշխանություն. «Այստեղ իշխանության համակարգը հասնում է հրեշավոր չափերի եւ պարուրում է ամբողջ հասարակությունը բոլոր ուղղություններով մի այնպիսի խիտ ցանցով, որ գործնականորեն դժվար է դառնում բաժանել իշխանությունը իշխյալ բնակչությունից. ահա թե ինչու միանգամայն անմիտ են այն հույսերը, թե հնարավոր է այս կամ այն կոմունիստական երկրում փոխել ապրելակերպը՝ փոփոխելով իշխանության ձեւը. վերջինս հնարավոր է փոխել միայն ամբողջովին փոխելով հասարակությունը, իսկ ավելի ստույգ՝ քանդելով եւ դրա ավերակների վրա կառուցելով նոր տեսակի հասարակություն»:
Բայց այդ «նոր տեսակի հասարակությունը» Ալեքսանդր Զինովեւի համար բնավ էլ արեւմտյանը չէր: Իհարկե, Արեւմուտքում ապրած տարիներին նա շատ ավելի ազատ էր ստեղծագործում, բայց բնավ էլ պատրանքներ չէր տածում իրողության մասին: Եվ նրա վերադարձը Ռուսաստան ոչ միայն քաղաքական բողոքի ձեւ էր, այլեւ տեսական, աշխարհայացքային շրջադարձ: Միեւնույն տրամաբանական հետեւողականությամբ, ինչպես նա ուսումնասիրում էր խորհրդային համակարգը, արեւմտյան հասարակության սոցիալական տեսակը, այսինքն՝ «արեւմտականությունը» («զապադնիզմը», «վեստերնիզմը») նույնպես չխուսափեց Զինովեւի վերլուծական գրչից եւ սոցիոլոգիական գնահատականից:
Պատահական չէ, որ «Արեւմուտք» գրքի (1993 թ.) ռուսերեն հրատարակության նախաբանի մեջ Զինովեւը արեւմտյան եւ խորհրդային հասարակությունների մի շատ պերճախոս համեմատություն է արել. «Ջախջախելով կոմունիզմը «Արեւելքում», Արեւմուտքն ինքը մղվեց ճիշտ նույն ուղղությամբ, թեպետ եւ իր ուղիներով, որոնք գաղափարախոսության եւ քարոզչության մեջ «ժողովրդավարական» են անվանվում: Կարելի է կարծել, թե Արեւմուտքը ժամանակին զայրացել է ռուս «վայրենիների» վրա ոչ թե կոմունիզմի համար, այլ այն բանի, որ սրանք այս առումով իրենցից առաջ են ընկել եւ կոմունիզմ են կառուցել ռուսական ձեւով, այսինքն՝ սխալ, անփույթ, ոչ արեւմտյան ձեւի»:
Ինչ վերաբերում է արդի գլոբալացման գործընթացներին, ապա Զինովեւը դա արտահայտում է «արեւմտականացում» եզրով եւ հանգամանորեն բացայտում դրա էությունը որպես Արեւմուտքի կողմից մյուս ոչ արեւմտյան երկրների «գաղութացման» նոր տեսակ: Արեւմուտքը, առավելապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այդ պետությունների հետ բնավ մտադիր չէ հարաբերակցվել որպես հավասարը հավասարի. ընդամենը սերմանվում է «գաղութային ժողովրդավարություն»՝ դրսից դյուրին կառավարելի եւ հնազանդ աշխարհը կառավարող «գերհասարակության» թելադրանքին:
Որոնելով ստեղծված փակուղուց ելք՝ Ա. Զինովեւն առաջարկում է մերժել ինչպես «արեւմտականության» ուղղադավան ուսմունքները, այնպես էլ ավանդական մարքսիզմի մեկնաբանությունները, նոր մեթոդաբանությամբ ուսումնասիրել արեւմտյան հասարակության ներքին փոխակերպումները եւ ծավալապաշտական միտումները: Դրա անհրաժեշտությունը գնալով դառնում է մարդկության հետագա գոյատեւման հրամայական: Այստեղ նա վերստին անդրադառնում է իրական կոմունիզմի գնահատմանը, մասնավորապես՝ հորդորում որոշ մեկնաբանների, բացասական երեւույթների շեշտադրման հետ մեկտեղ, երախտամոռ չլինել եւ ընդունել ԽՍՀՄում եւ այլ երկրներում ձեւավորված հասարակարգի դրական կողմերը: Ըստ հեղինակի՝ շատ աղավաղումներ եղել են պատմական անբարենպաստ պայմանների հետեւանքով: Ահա թե ինչու մշտապես հիշեցնելով, թե ինքը «երբեք չի եղել կոմունիզմի ջատագով եւ այժմ էլ այդպիսին չէ», պահանջում է համակողմանի ընկալել, «արդարամտության տարրական զգացումով» գնահատել այդ հասարակարգի վճռորոշ դերը ԽՍՀՄ ողջ գոյության ընթացքում: Զինովեւը համոզված պնդում է, որ սոցիալական մեկ այլ համակարգի օրոք երկիրը շատ ավելի վաղ քայքայված եւ տրոհված կլիներ:
Վերջին տարիներին Ա. Զինովեւին շատ էր անհանգստացնում Ռուսաստանի ապագան, անթույլատրելի էր համարում «Արեւմուտքի պոչում» հայտնվելը, արտաքին աշխարհի հետ հարաբերություններում անհարկի զիջումների գնալը, խոսում էր հասարակության գույքային ծայրահեղ բեւեռացման պայթուցիկ վիճակի մասին. «Չկա աշխարհում որեւէ երկիր, որտեղ այդքան արագորեն աճել է հարուստների դասակարգը եւ այդքան հարուստ կա»: Այս տրամաբանության հունով զարմանալի չէ, որ տասնվեց տարեկանում Ստալինի դեմ մահափորձի համար մեղադրվող պատանին՝ արդեն որպես հսկայական կենսափորձի եւ իմացության տեր մտածող, ասում է. «Ուսումնասիրելով ստալինյան դարաշրջանը՝ ես ինձ հաճախ եմ դրել Ստալինի տեղը եւ հարկադրված եմ եղել խոստովանելու, որ ես ավելի լավ չէի կարող վարվել, քան նա. այստեղ բուն պատմության ընթացքն է հուշել առավելագույն ճշմարիտ լուծումը»:
Ինչպես ժամանակին խորհրդային հասարակության անողոք քննադատը երբեք չհամաձայնեց իրեն «դեսիդենտ» անվանողների հետ, այնպես էլ կյանքի վերջում նրան չկպավ «ստալինիստ» պարզունակ բնութագրումը: Ալեքսանդր Զինովեւի փիլիսոփայական գործունեությունը մշտապես թելադրվել է իրերի բուն տրամաբանության բացահայտման հրամայականով, նրա գիտականվերլուծական աշխատանքն առանձնանում է ընդօրինակելի մեթոդաբանական հիմքով, դատողություններն ու եզրակացությունները անաչառ են ու համարձակ, իսկ իր կյանքը նա իմաստավորել է հայրենիքի շահերին անմնացորդ նվիրումով:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր