Կատվախոտ (լատ.՝ Valeriոna)՝ կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա, յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։
Բույսի արմատները բազմաթիվ են, երկար եւ կարճ երկրորդական արմատներով։ Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում` ճյուղավորվող, բարձրությունը՝ 0,5-2 մ։ Տերեւները կենտփետրաձեւ են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր, ամբողջական են կամ փետրաձեւ հատվածավորված։ Բաժակը բացակայում է։ Պսակը հնգաթերթ, բաց վարդագույն է կամ սպիտակ։ Առէջները երեքն են։ Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչեւ մուգ վարդագույն։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչեւ սեպտեմբերի սկիզբը։ Պտուղը երկարավուն-ձվաձեւ, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ կատվախոտ անվանումը)։
Հայտնի է ավելի քան 217 տեսակ։ Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis)։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։ Հայտնի է ավելի քան 200, Հայաստանում՝ 6 տեսակ։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար եւ այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդային գրգռվածության, սրտի նեւրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաեւ որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին եւ այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։
Կատվախոտ բրդատերեւը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, Հայաստանում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։