Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով մեր տարածաշրջանն ավելի մեծ դերակատարություն է ստանձնում Արեւմուտքն ու Արեւելքն իրար կապող տրանսպորտային լոգիստիկայի առումով։ Երեկ Բաքվում տեղի ունեցավ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտաքին գործերի, տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են եռակողմ եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու Կասպից ծովով «Արեւելք-Արեւմուտք» միջին միջանցքի ներուժի զարգացման հարցեր։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ համագործակցության նոր ձեւաչափով նախատեսվում է բարելավել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը։ «Արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների հանդիպման մեխանիզմը նպատակ ունի ամրապնդելու երեք երկրներին հետաքրքրող հարցերի շուրջ համակարգումը եւ տարածաշրջանային հաղորդակցությունը՝ հիմնված փոխշահավետության վրա»,- նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (TITR) Բաքվով տեղափոխվող բեռները հասցնել թուրքական Ամբարլի նավահանգիստ։ Եվրոպայի համար այս երթուղին համարվում է ՌԴ տարածքը շրջանցող գլխավոր այլընտրանքը։ Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը կապում է Չինաստանն ու եվրոպական երկրները Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով, այսինքն՝ այլընտրանք է ռուսական Անդրսիբիրյան երկաթուղուն՝ Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքների առաքման համար։ Դեռեւս մայիսին «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիայի զեկույցում նշված էր, որ այս տարվա ընթացքում Միջին միջանցքով երթեւեկության ծավալը կարող է աճել վեց անգամ՝ հասնելով մինչեւ 3.2 միլիոն տոննայի։ Այս տարվա մարտին հայտարարվել էր, որ Թուրքիան ծրագրում է միանալ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ Ղազախստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախաձեռնությանը։ Ապրիլին հայտնի դարձավ, որ այդ երկրները ստորագրել են «Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր։ «Ֆերգանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, փաստաթղթում խոսվում էր տարանցիկ ներուժի մեծացման, երթուղին միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրելու եւ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդման մասին։
Բաքվում կայացած եռակողմ հանդիպումը հատկանշական է նրանով, որ փաստացի Ղազախստանը համաձայնվում է դառնալ Ռուսաստանը շրջանցող կարեւոր օղակներից մեկը։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Աքան Ռախմետուլինի հայտարարությունը, որ երկրի իշխանությունները մտադիր են լիարժեք աջակցություն ցուցաբերել երկրում գործող օտարերկրյա ընկերություններին եւ հավատարիմ մնալ օտարերկրյա գործընկերների հետ ներդրումային համագործակցությանը։ «Ներկայիս համաշխարհային պայմաններում առեւտրատնտեսական համագործակցությունը, օտարերկրյա գործընկերների հետ ներդրումային համագործակցությունը Ղազախստանի համար կարեւորագույն նշանակություն ունեն: Եվ մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել եւ լիարժեք աջակցություն ցուցաբերել մեր երկրում գործող օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներին»,- երեկ «Astana Finance Days» ֆինանսական ֆորումի ժամանակ ասել է Ռախմետուլինը։ Նրա խոսքով, այս պահին աշխարհում նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ են ի հայտ գալիս, օրինակ՝ տարածաշրջանային հակամարտությունները, ապրանքների արտադրության եւ մատակարարման շղթաների խաթարումը։ Մինչ օրս Ղազախստանում գրանցված է օտարերկրյա կապիտալով մոտ 50 հազար ձեռնարկություն, որոնց ներդրումների ծավալը գերազանցում է 380 միլիարդ դոլարը:
Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի եւ Ղազախաստանի հարաբերություններում լարվածություն է նկատվում։ Հունիսի 15-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն արդարացված չի համարել այն պնդումները, թե Ռուսաստանը «փրկել» է Ղազախստանին հունվարյան իրադարձությունների ժամանակ։ «Ռուսաստանում ոմանք խեղաթյուրում են ամբողջ իրավիճակը՝ պնդելով, որ Ռուսաստանը «փրկեց» Ղազախստանը, եւ հիմա Ղազախստանը հավերժ պետք է «ծառայի ու խոնարհվի» Ռուսաստանի ոտքերի առաջ։ Կարծում եմ, որ դրանք միանգամայն չարդարացված փաստարկներ են՝ հեռու իրականությունից»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Միաժամանակ Տոկաեւը հերքել է այն հայտարարությունները, թե Ղազախստանը «սառել է» ՌԴ-ի նկատմամբ եւ մտադիր է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից։ Սակայն անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ղազախստանի նախագահը խոսել էր Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունները չճանաչելու մասին, որին ի պատասխան Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշել էր, թե Ղազախստանի համար այժմ կարող են տարածքային խնդիրներ առաջանալ, «ինչպես Ուկրաինայի դեպքում»։
Արեւմտյան լրատվամիջոցներն ակտիվ արձագանքել են Տոկաեւի հայտարարությանը՝ փորձելով հասկանալ՝ Ղազախստանն այդպիսով ցանկանում է դիրքավորվել որպես ինքնուրույն քաղաքական դերակատա՞ր, թե՞ Կրեմլի հետ համաձայնեցված խաղ է եղել։ Այդ մասով փորձագիտական եւ վերլուծական շրջանակները տարբեր կերպ են գնահատում տեղի ունեցածը. որոշները Տոկաեւի խոսքերն ընդունել են որպես համարձակ հայտարարություն, որը նշանավորում է Մոսկվայի կողմից վերահսկվող քաղաքական, տնտեսական եւ ռազմական բլոկների «անկումը», որոնք ընդգրկում են նախկին խորհրդային հանրապետությունները, ներառյալ Ղազախստանը: Մինչդեռ Ղազախստանից որոշ փորձագետներ Տոկաեւի հայտարարությունը համարում են քաղաքական հնարք՝ Արեւմուտքի ուշադրությունը շեղելու համար: Թերեւս երկու մոտեցումներն էլ մի փոքր ծայրահեղացված են։ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ որոշ տարաձայնություններ կուլիսային հարթությունից անցել են հրապարակային դաշտ, որով Ղազախստանը փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Այո՛, Տոկաեւը փորձում է փոխլրացնող քաղաքականություն վարել, սակայն ինչպես նշվում է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, նախկին կապերը խզելու մտադրություն չկա։ Մյուս կողմից՝ Ղազախստանն անկախության շրջանում մեծ ուշադրություն է դարձնում թյուրքական ուղղությանը, որը կարծես թե պահպանվում է նաեւ Տոկաեւի օրոք։