Հունիսի 25-ին Եվրամիության անվտանգության ու քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը, տեղակալ Էնրիկե Մորայի ուղեկցությամբ ժամանել էր Իրան՝ այդ երկրի միջուկային ծրագրերի` Իրան-5+1-ի համաձայնության (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) վերականգնման շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսելու հարցը քննարկելու նպատակով։
Ինչպեսեւ ենթադրվում էր, ռուս-ուկրաինական ճգնաժամը չէր կարող շրջանցել JCPOA-ի վերականգնման ճակատագիրը։ Եվ բանակցությունների 8-րդ փուլում ոչ միայն երկրորդ պլան մղվեց, այլեւ ընթացիկ տարվա մարտի 5-ից պարուրվեց անորոշության շղարշով, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից գրավոր երաշխիք էր պահանջել առ այն, որ համաձայնության վերականգնումից եւ Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցները չեն խոչընդոտի Ռուսաստան-Իրան տնտեսական ու ռազմական ոլորտներում գործակցություններին։ Թեեւ շատ արագ հարցը, այսպես թե այնպես, բանակցությունների օրակարգից հեռացվեց, բայց եւ այնպես, դրանք բնականոն հուն չվերադարձան, ավելին, կարելի է ասել, մարտի 11-ից «կոմայի» մեջ են։ Հանգամանք, ինչը պայմանավորված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի անունը ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու Թեհրանի պահանջով։ Այն նշյալ ցուցակում է զետեղվել Թրամփի նախագահության օրոք, երբ արդեն հեռացել էր JCPOA-ից, Վաշինգտոնն էլ փոխադարձաբար հանդես եկավ նոր պահանջներով։ Բացի այդ, Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրենների խորհրդի հունիսի 8-ի Իրանի դեմ հաստատած բանաձեւն իրավիճակն էլ ավելի բարդացրեց։
Բանաձեւով տնօրենների խորհուրդը, խիստ մտահոգություն հայտնելով Իրանի միջուկային գործունեության առնչությամբ, այդ երկրի ղեկավարությունից պահանջում է անհապաղ սերտորեն համագործակցել IAEA-ի հետ։ Հարցը վերաբերում է 2018-2020 թթ. վերջինիս տեսուչների ստուգումների արդյունքում Իրանի միջուկային 3 կենտրոններում հայտնաբերված բարձր տոկոսով հարստացված ուրանի հետքերին, ինչի վերաբերյալ Իրանի պատասխանները գնահատվել են ոչ սպառիչ։ Իրանը, ի պատասխան IAEA-ի, վերահսկողության իրավասությունից վեր, ինքնակամ միջուկային կենտրոններում տեղադրված 27 տեսախցիկ անջատեց, միաժամանակ թողնելով IAEA-ի վերահսկողության պայմանագրի շրջանակներում տեղադրված 40 տեսախցիկ։ IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրուսին դա գնահատեց «մահացու հարված» JCPOA-ին։ Այսուհանդերձ, դրա վերականգնմամբ խիստ շահագրգիռ ԵՄ-ն միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Ինչպես նշում են վերլուծաբանները՝ ԵՄ-ն խիստ շահագրգիռ է JCPOA-ի փրկությամբ, քանի որ ուկրաինական իրադարձությունների հետեւանքով էներգետիկ ճգնաժամի մեջ է հայտնվել եւ բնավ չի ցանկանում միջազգային մակարդակով նոր հակամարտության մասնակից լինել, այն դեպքում, երբ էներգակիրներով հարուստ Իրանը կարող է Ռուսաստանին այլընտրանք դառնալ։ Նշենք նաեւ, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդական լուրջ ջանքեր են գործադրել նաեւ Կատարն ու Օմանը։
Բորելը Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանի հետ 4-ժամյա բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այցի նպատակը բանակցությունները փակուղուց դուրս բերելն է։ Նա, բարձր գնահատելով Իրանի բարի կամքի դրսեւորումը, շեշտել է, որ դրանք անհապաղ վերսկսվելու են, ինչը պայմանավորված է Վաշինգտոնի ու Թեհրանի որոշումներով։ Բորելը շեշտել է նաեւ, որ երբ մարտին հայտարարել էր, թե բանակցությունները ժամանակավորապես ընդհատվում են, բնավ չէր նշանակում, թե դա երեք ամիս է տեւելու, պարզապես առկա էր նախագիծ, որտեղ կային քաղաքական հարցեր, որոնց պետք է լուծում տային Թեհրանն ու Վաշինգտոնը։ Այժմ, վերջիններիս որոշմամբ, վերսկսվելու են բանակցությունները, իսկ ԵՄ-ն, որպես հարցի լուծմանը նպաստող, ջանքեր է գործադրելու առկա խնդիրների արագ լուծման եւ համաձայնության գալու ուղղությամբ, ինչը ոչ միայն Եվրոպայի ու Իրանի համար է կարեւոր, այլեւ ողջ աշխարհի։ Նա անդրադարձել է նաեւ Իրանի դերին՝ Պարսից ծոցի կայունության հարցում, ինչպեսեւ նշանակալից է համարել այդ երկրի էներգակիրներով հարուստ լինելու հանգամանքը։ Բորելը, նշելով, որ ԵՄ-Իրան փոխհարաբերությունների մեծ ներուժ կա, հույս է հայտնել, թե հաջորդ այցի ընթացքում կողմերը կքննարկեն դրանց զարգացման ու ընդլայնման հարցը։
Ամիրաբդոլահիանը նույնպես շեշտել է, թե բանակցություններն առաջիկա օրերին վերսկսվելու են, հուսալով, որ այս անգամ ԱՄՆ-ն կլինի պատասխանատու, իրատես ու արդարացի, եւ դրանք կպսակվեն հաջողությամբ։ Հատկանշական է նաեւ, որ ինչպես հայտնել է Բորելը, բանակցությունները տեղի չեն ունենա Վիեննայում, այլ՝ Պարսից ծոցի երկրներից մեկում։ Ավելի մեծ հավանականությամբ՝ հանդիպման վայրը կլինի Կատարը։ Բացի այդ, նշվում է, որ այն տեղի չի ունենա նախկին ձեւաչափով, այն է՝ Իրան-4+1 եւ ԱՄՆ-ի միջնորդավորված մասնակցությամբ, ինչը նշանակում է, թե բացառված չէ, որ ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն կունենա եւ ոչ թե՝ միջնորդավորված, ինչին մշտապես կողմնակից է Վաշինգտոնը։ Սակայն Իրանը դեմ է եղել, քանի որ երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դա արգելել էր: Բայց ամիսներ առաջ անհրաժեշտության դեպքում թույլատրելի է համարել։ Թեեւ կողմերի բարի կամքի դրսեւորմամբ թվում է, թե բանակցությունների արդյունավետ լինելու հիմքեր կան, սակայն կան նաեւ հանգամանքներ, որոնք հարցականի տակ են դնում դրանց հաջողությունը։
Ահավասիկ, Բորելը նախազգուշացրել է, որ երկու շաբաթվա ընթացքում Իրանը պետք է միջուկային օբյեկտների՝ անջատած տեսախցիկները կրկին միացնի, մինչդեռ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ վերջինս շեշտել է, թե ԱՄՆ-ն «ապօրինի» է հեռացել JCPOA-ից, եւ քանի դեռ ապօրինությունները շարունակվում են, Թեհրանն իր միջուկային գործունեության զարգացումը չի ընդհատի։