Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնական հրավեր է ուղարկել Շվեդիային ու Ֆինլանդիային՝ ռազմական դաշինքի կազմում ընդգրկվելու համար: Թուրքիան այդ երկրների առջեւ «կանաչ լույս» վառեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին փոխադարձ հետաքրքրությունների պահպանման մասին: Այնուհետեւ Անկարան խոստացավ սկանդինավյան պետությունների իշխանություններին հարցում ուղարկել՝ իրեն հանձնելու այն մարդկանց, որոնց ուղղակիորեն կապում է ահաբեկչական կազմակերպությունների հետ: Չնայած եռակողմ պայմանավորվածությունների ստորագրման փաստը կարող է վկայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի մասին, շատ բան կախված կլինի այն բանից, թե հյուսիսեվրոպական խաղացողները որքանո՞վ կհետեւեն ստանձնած պարտավորություններին:
Այն, որ Ֆինլանդիան ու Շվեդիան մոտ ժամանակներս պետք է ցուցադրեն իրենց պատրաստակամությունը՝ կատարելու եռակողմ գործարքի պայմանները, ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», հասկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Ստոկհոլմին ու Հելսինկիին կուղարկվի 33 հարցում, որոնք կվերաբերեն այն մարդկանց հանձնմանը, ովքեր, ըստ Անկարայի, կամ կապված են ծայրահեղ ձախ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, կամ ԱՄՆ փախած քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, որին Էրդողանը մեղադրում է 2016 թ. հեղաշրջման փորձի մեջ։ Թուրքական կողմն արդեն տեղեկացրել է եվրոպացիներին, որ ցանկանում է դատել բոլոր մեղադրյալներին իր օրենքների շրջանակներում։ «Համաձայնությունից հետո նորից կգրենք նրանց արտահանձնման մասին եւ կհիշեցնենք»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Անկարայի հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որն օրերս ստորագրվել է Մադրիդում, Ստոկհոլմն ու Հելսինկին լիակատար աջակցություն են հայտնել նրան «ազգային անվտանգության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարում»: Այդ ֆոնին սկանդինավյան խաղացողները հրաժարվել են աջակցել ոչ միայն Գյուլենի կողմնակիցներին, այլեւ քրդական ռազմականացված խմբավորումներին, որոնք գործում են Սիրիայի հյուսիսում:
«Կողմերն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ ընդհանուր այլ մարտահրավերների դեմ պայքարում փոխզիջման վրա հիմնված համագործակցության ամրապնդման համար բոլոր մակարդակներում երկխոսության եւ համագործակցության կառուցվածքային միջկառավարական մեխանիզմ կստեղծեն, ներառյալ իրավապահ եւ հետախուզական մարմինները»,- նշվում է հուշագրում:
Ինչպես տեսնում ենք, Անկարայի պահանջներից մեկն էլ վերաբերում է քրդական խմբավորումներին, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, ինչպես նաեւ սիրիական միավորումներին, առաջին հերթին՝ «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին»: Բայց չկա արեւմտյան մի երկիր, որը «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին» գնահատի որպես ահաբեկիչներ. Արեւմուտքում նրանք ընկալվում են որպես համախոհներ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Ամերիկյան զորքերը բացահայտ համագործակցում են «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» հետ, որոնք վերափոխվել են «Սիրիական ժողովրդավարական ուժերի»:
Այո, Թուրքիան կցանկանար, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հրաժարվեն քրդական ուժերին օգնելուց, բայց, ինչպես գրում է խորվաթական «Advance»-ը, դա չէ նրա գլխավոր նպատակը: Այն հարցում, որ Թուրքիան փոխեց իր վերաբերմունքը, սկանդինավյան երկրներից ոչինչ կախված չէր: Թուրքիան սիրում է, որ իր պահանջները կատարվում են, որքան էլ որ դրանք աննշան կամ, ընդհակառակը, ծանրակշիռ լինեն: Հատկապես՝ երկրում տեղի ունենալիք ընտրություններից առաջ:
Այլ խոսքով՝ հիմա ոչ ոք չի խանգարի Թուրքիային՝ կրկին հարձակվելու Սիրիայի վրա, նույնիսկ եթե այդ հարձակման թիրախը լինեն տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցները: Եթե Թուրքիան Ֆինլանդիայից ու Շվեդիայից պահանջի հեռացնել իր համար կասկածելի դեմքերին, հավանաբար, հենց այդպես էլ կլինի: Իսկ որտե՞ղ է մարդու իրավունքների պաշտպանությունը, այն ամենը, ինչ քրդերին խոստանում էին մինչեւ վերջերս: Այդ մասին նույնիսկ խոսք չկա: Ավելին՝ Թուրքիան ոչ միայն ուզում է, որ քուրդ մարտիկների առջեւ փակվեն դռները, այլեւ պնդում է, որ հետապնդումների ենթարկվեն նաեւ քուրդ քաղաքական գործիչները, ովքեր չեն կիսում Անկարայի քաղաքականությունը: Ստացվում է՝ Էրդողանը կարող է այնքան ստորացնել եվրոպական ժողովրդավարական վարչակազմերին, որ նրանք սեփական անվտանգության ձգտումներում մոռանան ուրիշներին տված խոստումները: Հնարավոր է, որ Թուրքիան ինչ-որ բան ստանա նաեւ հունական ճակատում, որտեղ վերջին ժամանակներս անհանգստացնող շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Իհարկե, Էրդողանը կարող է ամեն ինչ միանգամից չստանալ, բայց հենց դրա մեջ է նման մարտավարության նպատակը՝ պահանջել առավելագույնը՝ փորձելով ստանալ հնարավորինս ավելին:
Շվեդիայում եռակողմ գործարքն անմիջապես դատապարտվեց Ձախ կուսակցության եւ Կանաչների կողմից։ Վերջիններիս հատկապես անհանգստացրել է Ստոկհոլմի պատրաստակամությունը՝ ապասառեցնելու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում թուրքական կողմի հետ շփումները, որոնք կասեցվել էին 2019 թ. Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» հարձակողական գործողությունից հետո։ Շվեդ անկախ պատգամավորները նույնիսկ սպառնացել են արտաքին գործերի նախարար Անն Լինդեին անվստահության քվեով։ Չնայած այն բանին, որ այդ սցենարը կասկածելի է թվում, արդեն հիմա ակնհայտ է, որ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, միեւնույն է, ստիպված է ներկա լինել արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի լսումներին՝ պարզաբանումներ տալու համար։
Արձագանքելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի մոտեցմանը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ սկանդինավյան երկրները վերջնարդյունքում «իրենց արտաքին քաղաքական եւ պաշտպանական ինքնիշխանության մի մասը տալիս են Վաշինգտոնին եւ ՆԱՏՕ-ի մյուս ավագ գործընկերներին»: «Դա ոչ մի կերպ չի ազդում մեր քաղաքականության վրա,- վստահեցրել է դիվանագետը։- Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովվի ցանկացած պայմաններում, անկախ ընդլայնողական ալիքներից, անկախ ցանկացած պայմանավորվածությունից, որը մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կարող էր ձեռք բերվել Անկարայի, Ստոկհոլմի եւ Հելսինկիի միջեւ»:
Արեւմտյան պաշտոնյաները «Financial Times»-ին տված հարցազրույցներում, իրենց հերթին, խոստովանել են, որ Էրդողանը փորձում էր օգտագործել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի վրա վետո դնելու իրավունքը՝ իր ունեցած «F-16» կործանիչների բազայի թարմացման հարցում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի աջակցությունն ստանալու համար: Այս հարցն առանձնահատուկ նշանակություն ունի Անկարայի համար, քանի որ Թուրքիան ժամանակին հանվել է ավելի կատարելագործված «F-35» ինքնաթիռների ծրագրից՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու պատճառով։ Ի դեպ, ինչպես պարզաբանում են «Financial Times»-ի զրուցակիցները, թուրքական կողմին չհաջողվեց հասնել իր ուզածին. Սպիտակ տունը հասկացրեց, որ դեմ չէ «F-16»-ների մատակարարմանը, բայց շատ բան կախված կլինի Կոնգրեսից։
Մինչեւ Հյուսիսատլանտյան դաշինքի մադրիդյան գագաթնաժողովը Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել էին համագործակցությունը՝ հակամարտության փոխարեն: Ռուսական կողմին թվում էր, թե իրեն կհաջողվի Թուրքիային պոկել Արեւմուտքից, սակայն հավանություն տալով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերին՝ Անկարան, ըստ էության, հայտարարեց, որ մնում է ՆԱՏՕ-ի ուղեծրում: Շատ վերլուծաբաններ արդեն հիմա հայտարարում են, որ Մոսկվան առաջիկայում ստիպված է լինելու սրբագրել իր քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, որտեղ սեփական թուրքահաճո քայլերը լրջորեն վտանգի տակ են դրել իր ազդեցությունը: Ստիպված է լինելու դա անել հրատապ կարգով, որովհետեւ ուշանալու հավանականությունն այժմ շատ մեծ է: