Անցած տարեվերջին Ռուսաստանի ԱԳՆ-ն շրջանառության մեջ դրեց ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անվտանգության իրավական երաշխիքների տրամադրման երկու փաստաթուղթ։ Դրանով ակնկալվում էր, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի դեպի արեւելք ընդլայնումից, սակայն դրա փոխարեն հակառակ արդյունքը գրանցվեց. ռազմական դաշինքի անդամ պետությունների թիվն առաջիկայում 30-ից կարող է դառնալ 32։ Մադրիդում հունիսի 28-30-ն անցկացված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքում ընդունվեցին առաջիկա տասը տարիների համար դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգը եւ մի շարք այլ կարեւոր որոշումներ, մասնավորապես Ռուսաստանը ճանաչվեց որպես ՆԱՏՕ-ի անվտանգության ամենակարեւոր եւ անմիջական սպառնալիք՝ դուրս մնալով գործընկերների ցանկից։ Նոր ռազմավարության համաձայն՝ Չինաստանը եւս փորձում է խաթարել ստեղծված աշխարհակարգը՝ վերահսկելով աշխարհի լոգիստիկան եւ տնտեսությունը։ ՆԱՏՕ-ի համար Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջոցով կազմակերպության ընդլայնման գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կարեւոր նշանակություն ունի հատկապես նրանով, որ երկուսն էլ ավանդաբար չեզոք երկրներ են։
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգն առաջին անգամ ներառել է դաշինքի անդամ երկրների «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» պաշտպանությունը՝ որպես կազմակերպության հիմնական առաքելություն: Այս մասին դեռեւս շաբաթվա սկզբին գրել էր իսպանական թերթերից մեկը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Այս սկզբունքի ընդգրկումը նշանակում է, որ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական ինքնավար Սեուտա եւ Մելիլա քաղաքներն այժմ պաշտպանվելու են ՆԱՏՕ-ի կողմից, այսինքն՝ դաշինքը իրավական առումով ընդլայնվում է նաեւ դեպի աֆրիկյան մայրցամաք։ (Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը կհամարվի հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Այնուամենայնիվ, այս պարտավորությունը սահմանափակվում էր այսպես կոչված եվրատլանտյան տարածությամբ՝ բացառելով Սեուտան եւ Մելիլան: Նոր ռազմավարական հայեցակարգը փոխում այդ իրավիճակը): Ըստ թերթի՝ փաստաթղթում «տարածքային ամբողջականության» պաշտպանությունը ներառելու որոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանք է։
Հետաքրքիր է, որ Մերձավոր Արեւելքը եւս ներքաշվում է արեւմտյան երկրների պաշտպանական նախաձեռնությունների մեջ։ Հունիսի 24-ին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ բեն Հուսեյնն ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, եւ նշել, որ իր երկիրը տասնամյակներ շարունակ ակտիվորեն համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: «Ես կլինեմ առաջիններից մեկը, ով կաջակցի ՆԱՏՕ-ին Մերձավոր Արեւելքում: Ես կցանկանայի, որ տարածաշրջանի ավելի շատ երկրներ ներգրավվեին այս դաշինքում»,- ասել է նա։ Ի դեպ, Հորդանանը պաշտպանում է Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինք ստեղծելու գաղափարը։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ հունիսի 27-ին հայտարարեց MEAD նախագծի, այսինքն՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Մերձավոր Արեւելքի երկրների ՀՕՊ համակարգերի սինխրոնացման մասին: Թեեւ նախագծի մասնակիցների անունները չեն նշվում, սակայն, ըստ ամենայնի, դրանք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամներն ու Իսրայելն են։ Այսիպիսով՝ Մերձավոր Արեւելքում եւս ՆԱՏՕ-ն փորձում է ապահովագրել իրեն։
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում երկրի ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը մասնավորապես Ռումինիայում։ Ավելի վաղ Ֆրանսիան արդեն Ռումինիա էր ուղարկել մոտ 500 հոգանոց զորախումբ։
Գագաթնաժողովից «դատարկաձեռն» չի գնացել հատկապես Թուրքիան. Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վրա գործադրած ճնշումների արդյունքում կարծես թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի եւ հյուսիսային երկու պետությունների միջեւ։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի քննարկի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները, եթե նրանք չկատարեն Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միաժամանակ Թուրքիայի ղեկավարն զգուշացրել է, որ պարտականությունները չկատարելու դեպքում թող «չնեղանան» թուրքական կառավարության որոշումներից։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան երաշխավորել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 73 անդամների արտահանձնումը Թուրքիային։
Բացի դրանից, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ կայացած երկկողմ հանդիպման արդյունքում Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է Թուրքիային վաճառի F-16 կործանիչներ, ինչպես նաեւ արդիականացնի դրանք։ «Մենք պետք է վաճառենք նրանց F-16-ները, ինչպես նաեւ արդիականացնենք այդ ինքնաթիռները: Մեր շահերից չի բխում չանել դա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հիշեցնելով, որ նման գործարքները պահանջում են ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: Թուրքիայի նախագահը մինչեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը ԱՄՆ-ին մեղադրել էր F-16 կործանիչների մատակարարման գործընթացը ձգձգելու մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Անկարան F-16 ձեռք բերելու ցանկության մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման արդյունքում դուրս էր թողնվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից:
Հյուսիսատլանտյան հավաքական անվտանգության համակարգի ընդլայնումից բացի զգալիորեն աճել են նաեւ դաշինքի անդամների կողմից զենքի գնումները, մի շարք երկրներ սկսել են զինված ուժերի լայնածավալ արդիականացման գործընթացներ։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ Բելառուսի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «երկաթյա վարագույրն» արդեն իջնում է։