Պղինձ՝ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատ.՝ cuprum – կուպրում), տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։
Պղինձը մարդկությանը հայտնի ամենահին մետաղներից է (երկրի վրա հանդիպում է բնածին պղինձ)։ Դեռ քարի դարում մարդը կարող էր բնածին պղինձին իր ուզած ձեւը տալ քարե գործիքների օգնությամբ։ Կացինների, դահուկների եւ կենցաղային այլ իրերի պատրաստումը պղնձից սկիզբ դրեց կարճատեւ պղնձի դարին։ Ըստ հնագիտական աղբյուրների՝ Հայաստանի տարածքում պղնձե իրեր էին պատրաստում դեռեւս էնեոլիթյան շրջանում. վաղ երկրագործական բնակատեղերում (Ք. ա. 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերվել են պղնձե ասեղներ, շեղբեր, կարթեր, նետագլխիկներ եւ այլն։
Պղնձի եւ նրա համաձուլվածքների (բրոնզ) հալումը հանքաքարից սկսվել է Ք. ա. 5-րդ հազարամյակի երկրորդ կեսին՝ Հայաստանի եւ Անատոլիայի տարածքում։ Պղնձի եւ ավելի ուշ բրոնզե գործիքները դուրս մղեցին քարե գործիքները եւ կարեւոր դեր խաղացին նյութական մշակույթի զարգացման գործում։ Քեոփսի բուրգը (Ք. ա. 3000 թ.) կառուցողները քարերը հղկում էին պղնձե գործիքներով։
Հնում լեռնային ապարները վերամշակում էին խարույկի մեջ շիկացնելով։ Ավելի ուշ սկսեցին խարույկի մեջ խողովակների եւ փուքսերի օգնությամբ օդ ներփչել։ Մեծ քանակությամբ ածխի առկայությամբ ապարում պարունակվող պղնձի օքսիդները եւ կարբոնատները վերականգնվում էին՝ անջատելով մետաղական պղինձ։