Մադրիդում Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հրավեր տալը Արեւմուտքի լուրջ քաղաքական հակահարվածն էր Ռուսաստանին՝ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների համատեքստում: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի իր արեւմտյան սահմաններ կանխելու համար ՌԴ-ի սկսած ռազմական գործողություններին Հյուսիսատլանտյան դաշինքը պատասխանում է հյուսիս-արեւմուտքից դեպի ՌԴ սահման ընդլայնմամբ:
Վերջին ամիսներին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի շուրջ ծավալված գործընթացների նման հանգուցալուծումն ունի մեկ այլ հատկանշական կողմ: Այն լուրջ հարված էր ՌԴ-Թուրքիա գործընկերային հարաբերություններին, որոնք գոնե հայտարարությունների մակարդակում եւ տնտեսական հարաբերությունների ոլորտում ձեւավորվել էին վերջին տարիներին: Եթե Մոսկվայի հետ Անկարայի գործընկերային հարաբերությունների մասին պարբերաբար հնչող հայտարարություններն անկեղծ էին, ապա Անկարան պետք է որ կանխեր սկանդինավյան երկու երկրների մուտքը ՆԱՏՕ, նվազագույնը գոնե մի քանի տարով ձգձգեր այդ գործընթացը՝ չտալով իր համաձայնությունը, սակայն Թուրքիան համառեց ընդամենը երկու ամիս:
Սպասվածի համաձայն՝ Անկարան ցանկանում էր այդ ընթացքում ընդամենը իր շահերի համար «առեւտուր» անել, որը, ինչպես օրերս պարզվեց, նույնիսկ չի բավարարվել բոլոր այն կետերով, որոնք բարձրացրել էր Անկարան իր վետոն հանելու համար: Մասնավորապես՝ չնայած թուրքական կողմի պնդումներին, թե Շվեդիան եւ Ֆինլանդիան պարտավորվել են Անկարային արտահանձնել իրենց տարածքներում հանգրվանած «Քրդական աշխատավորական կուսակցության» եւ գյուլենական շարժման ակտիվիստներին, սկանդինավյան երկրներից հայտնում են, որ այդ հարցով քննարկում չի եղել: Ֆինլանդիան եւ Շվեդիան բավարարվել են միայն նրանով, որ Թուրքիայի պահանջով «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամներին այլեւս չեն աջակցի եւ կվերացնեն Անկարային զենքի մատակարարումների էմբարգոն:
Ստացվում է, որ, չստանալով իր նախապայմանների լիարժեք բավարարում, Թուրքիան համաձայնեց ՌԴ-ին ուղղված լուրջ հարվածին՝ չփորձելով անգամ իր վետոյի իրավունքը պահպանել մինչեւ ուկրաինական հակամարտության ավարտը: ՆԱՏՕ-ին ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացը լակմուսի թղթի դեր խաղաց Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերություններում: Այն մեկ անգամ եւս փաստեց, որ այդ երկու պետությունները ռազմաքաղաքական հակադիր բեւեռներում են, եւ, հակառակ ուկրաինական ճգնաժամում եւ ընդհանրապես ՌԴ-ի դեմ սկսված պատժամիջոցների արշավում չեզոք դիրք գրավելու քայլերին, միեւնույն է, կարեւոր եւ որոշիչ պահերին Թուրքիայի կողմնորոշումը միանշանակ այն ռազմաքաղաքական բլոկի օգտին է, որի մեջ դե յուրե գտնվում է:
Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում ՌԴ-ն միշտ պատասխանում է իրեն հարված հասցնողներին, հատկապես, երբ այն թիկունքից է լինում: Այս դեպքում Մոսկվայի պատասխանի առաջնային հնարավոր ուղղությունները Սիրիան եւ Հարավային Կովկասն են, որտեղ Անկարան համառորեն ձգտում է մեծացնել իր ազդեցությունը: Սրանք տարածաշրջաններ են, որտեղ ՌԴ-ն եւ Թուրքիան անմիջական շփումներ ունեն: Այսօր Անկարան մի ոտքը դնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքների վրա, ոչ միայն հիմնավորվում է Ադրբեջանում եւ այդ երկրի բանակն ամբողջովին բարեփոխում թուրքական զինուժի չափանիշներով, այլեւ արդեն հաջորդող քայլերն է անում դեպի արեւելք: Անկարան առարկայական գործողություններ է անում միջինասիական հետխորհրդային երկրներում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Մասնավորապես, օրերս Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը եւ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Աշգաբադում քննարկել են երկկողմ գործընկերության հեռանկարները։ Մինչ այդ Օքթայը, որ գլխավորում էր թուրքական պատվիրակությունը, մասնակցել էր հուլիսի 1-ին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական թուրքմենա-թուրքական հանձնաժողովի վեցերորդ նիստին։ Հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության հարցեր, ինչպիսիք են առեւտուրը, տրանսպորտը, էներգետիկան, գյուղատնտեսությունը: Վերջինիս խոսքով՝ Թուրքմենստանում Անկարայի հիմնական խնդիրն է հասնել 5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության նպատակին եւ շարժվել դեպի 10 միլիարդ դոլարի սահմանագիծ։ 2021 թ. երկրների միջեւ առեւտուրը կազմել է 1,9 միլիարդ դոլար, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2020 թ.։ Թուրքիան շատ ակտիվ է նաեւ Ղազախստանում եւ Ղրղզստանում:
Սկանդինավյան երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին ցույց տվեց, որ Թուրքիան միանշանակ այդ ռազմաքաղաքական բլոկի շահերն առաջ տանող առաջատար պետություններից է, հետեւաբար՝ Հարավային Կովկասով դեպի Միջին Ասիա նրա ազդեցության մեծացումը փաստացի նույն հետեւանքն ունի ՌԴ-ի համար, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը: Սակայն Սիրիայում եւ Հարավային Կովկասում ՌԴ-ն մեծ գործիքակազմ ունի Թուրքիայի այդ քայլերին պատասխանելու համար: