Իսրայելում բորբոքվում է պայքարը պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նոր ղեկավարի նշանակման համար։ Քաղաքական անցումային շրջանը, որում երկիրը հայտնվել է իշխող կոալիցիայի փլուզումից հետո, ընդդիմությանը, որը ներկայացված է նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուով, առիթ է տվել՝ հանդես գալու արագ վերադասավորումների դեմ, ինչը պնդում է պաշտպանության բանակի ղեկավար Բենի Գանցը: Այդ պաշտոնի որոշ թեկնածուներ արդեն հստակեցնում են իրենց ռազմավարությունը, եւ դա ոչ մի լավ բան չի խոստանում տարածաշրջանին։
Իսրայելի կառավարության իրավախորհրդատու Գալի Բահարավ-Միարան հայտարարել է, որ անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ աշնանը նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, խոչընդոտ չէ պետական բարձր պաշտոններում կադրային վերադասավորումների համար: Նա անուղղակիորեն մեկնաբանել է գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար պայքարը։ Բահարավ-Միարան խոստովանել է, որ ժամանակավոր իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն ներքին պայքարի շրջանակներում, սակայն վերապահում է արել. «Զսպվածությունը կաթվածահարություն է նշանակում»։ «Փոթորիկը մեր նավը չի շեղի իր ուղուց,- խոստացել է նա:- Նշանակման հարցը կքննարկվի կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ՝ առանց կողմնակի նկատառումների»։
Բենի Գանցը, ում հաջողվել է ընտրել մի քանի թեկնածուների, մտադրվել է արագացնել գլխավոր շտաբի պետի նշանակման գործընթացը։ Գործող շտաբի պետի տեղակալ Հերցի Հալեւին համարվում է նրա ֆավորիտը, իսկ գեներալ-մայոր Էյալ Զամիրը, ով արդեն այդ պաշտոնի համար պայքարելու փորձ ունի, նախընտրելի տարբերակ է Նաթանյահուի եւ ընդդիմության համար։ Անցումային շրջանում բարձր պաշտոններում փոփոխություններն ընդդիմության համար նախաձեռնության կորուստ են նշանակում, ուստի վերջինս փորձում է դանդաղեցնել կադրային փոփոխությունները՝ ընդգծելով դրանց անթույլատրելիությունն այն պահին, երբ պետությունը շարժվում է դեպի հնարավոր վճռորոշ ընտրություններ։
Բայց բոլոր փաստարկներին իրավական գնահատական կարող է տալ միայն կառավարության իրավախորհրդատուն։ Նշանակումը հետաձգելու անհրաժեշտության մասին փաստարկի դեմ, հավանաբար, խոսում են հրեական պետության տարածաշրջանային հակառակորդների մոտ աճող համակարգման մասին տվյալները, որոնք, ըստ տարածված կարծիքի, փորձում են օգտվել դեպի ուկրաինական դոսյե համաշխարհային օրակարգի թեքվածությունից։ Դա վերաբերում է եւ երկարամյա դաշնակիցների՝ Իրանի եւ Սիրիայի պաշտպանական շփումներին, եւ պաղեստինյան՝ ժամանակին մրցակցող խմբակցությունների միջեւ փոխգործակցությանը:
Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի համար իր ծրագրային հոդվածում աճող ռիսկերի մասին նշել է նաեւ Էյալ Զամիրը: Նրա խոսքով՝ հարեւան Սիրիայի հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական զենքերով եւ շիա զինյալների դիվերսիոն գործունեության աճը պետք է ստիպեն Իսրայելին ոչ միայն ակտիվացնել Իրանի ենթակառուցվածքների ռմբակոծումներն արտասահմանում, այլեւ զանգվածային մահափորձեր կազմակերպել ամենաազդեցիկ ռազմաքաղաքական կազմակերպության՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» անդամների դեմ։ «Իրանը խոցելի է եւ ձգտում է խուսափել իր տարածքի վրա ուղղակի հարձակումներից»,- նշել է Զամիրը:
«Իսրայելում գլխավոր շտաբի պետի պաշտոնը գործնականում երկրորդ պաշտոնն է՝ վարչապետից հետո,- «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում հայտարարել է Վաշինգտոնի մերձավորարեւելյան ինստիտուտի հրավիրված հետազոտող եւ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:- Միեւնույն ժամանակ նախարարների կաբինետը պաշտոնապես հետեւում է անվտանգության ոլորտում նրա առաջարկություններին եւ հաստատում գործողությունների իրականացման ծրագրերը։ Բավական դժվար է հիշել, թե կառավարությունը երբ համաձայնության չի եկել գլխավոր շտաբի պետի հետ։ Ուստի Իսրայելի զինված ուժերի նախկին հրամանատարները պահանջված են քաղաքականության մեջ»:
Մեկնաբանելով այն, թե նոր պաշտոնի համար պայքարում հաղթանակի դեպքում Զամիրն արդյոք կկարողանա՞ ազդել ռուս-իսրայելական կապերի որակի վրա՝ կապված սիրիական հակամարտության կարգավորման հետ, Մարդասովը նշել է. «Մի կողմից՝ Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում ճգնաժամն աստիճանաբար է զարգացել եւ սկսել է իրեն զգացնել տալ դեռ Նաթանյահուի օրոք, որի հետ, չնայած հրապարակային «եղբայրացմանը», Մոսկվան չափազանց բարդ բանակցություններ ունեցավ նույնիսկ խոցված Իլ-20-ի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո։ Չնայած տարածաշրջանում հաշտեցման նախաձեռնություններին, Իսրայելը լավ է հիշում Սիրիայում խմբավորումների ակտիվացումը Պաղեստինի հետ վերջին սրացման ժամանակ։ Դա ծայրահեղ բնույթ չի կրել, բայց ազդել է գործողությունների անցկացման վրա»։
Մարդասովի խոսքով՝ հենց Նաթանյահուն է խթանել Ուկրաինայի հետ մերձեցումը, ինչը բավական սուր է ընկալվել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ «Մյուս կողմից՝ Նաթանյահուի մարդիկ Ռուսաստանի հետ ավելի սերտ համակարգման կողմնակիցներ էին, իսկ ռուս զինվորականները երբեմն դեմ չէին Սիրիայում իրանական ուժերի դեմ իսրայելական զսպիչ հարվածներին,- նշել է փորձագետը։-Մոսկվան Իսրայելում քաղաքական ցնցումների պահին ցույց կտա, որ երկրների միջեւ հարաբերությունները կախված չեն կոնկրետ քաղաքական գործչից»:
ՌԴ-ն Հրեական գործակալությունից պահանջել է դադարեցնել գործունեությունն իր տարածքում: Այս մասին գրում է բրիտանական «Rai Al Youm»-ը:
Ռուս-իսրայելական հարաբերությունների ներկայիս սրումը, թերեւս, ամենալուրջն է վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունը հրեական գործակալությունից («Սոհնուտ», զբաղվում է Իսրայել հայրենադարձության եւ հայրենադարձներին աջակցության հարցերով) պահանջել է դադարեցնել իր գործունեությունը երկրում։ Դա խոսում է այն մասին, որ Վլադիմիր Պուտինի համբերությունը, այդուհանդերձ, սպառվել է: Նա այլեւս մտադիր չէ աչք փակել Իսրայելի իշխանությունների քաղաքականության վրա՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
Այն, ինչի մասին մենք այստեղ խոսում ենք, ոչ ասեկոսեներ են, ոչ շահարկումներ եւ ոչ էլ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձ, այլ Թել Ավիվի նկատմամբ Մոսկվայի քաղաքականության մեջ տեղի ունեցած լուրջ փոփոխությունների առաջին քայլ։ Դա հաստատում է ոչ միայն Իսրայելի հայրենադարձության եւ ներգաղթի նախարար Պնինա Տամենո-Շետեն, այլեւ իսրայելական տարբեր թերթեր։
Որոշումն ընդունելիս, ըստ «Rai Al Youm»-ի, ռուսական կողմը հենվել է երեք հիմնական գործոնների վրա:
Առաջին՝ Յաիր Լապիդը, ով նախկինում զբաղեցրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, գլխավորել է կառավարությունը Նաֆթալի Բենետի փոխարեն: Նոր պաշտոնում առաջին իսկ օրը Լապիդը դատապարտել է Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ պահանջել, որ իր կառավարությունն այդ հարցում աջակցի ամերիկացիներին՝ միանալով արեւմտյան հակառուսական պատժամիջոցներին: Իսկ ամենագլխավորն այն է, որ Ուկրաինային զենք է մատակարարել, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Երկրորդ՝ իսրայելյան բանակի հարյուրավոր սպաներ ու զինվորներ, ինչպես նաեւ իսրայելական հատուկ ստորաբաժանումների նախկին շատ աշխատակիցներ, որպես վարձկաններ, կռվում են Ուկրաինայի զինված ուժերի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից: Վերջինս հրեական արմատներ ունի եւ ցանկանում է Ուկրաինան վերածել «երկրորդ Իսրայելի»:
Երրորդ՝ Սիրիայի դեմ ագրեսիայի էսկալացիան, Դամասկոսի միջազգային օդանավակայանին հասցված հարվածները, որոնց պատճառով դրա աշխատանքն ավելի քան երկու շաբաթ կաթվածահար եղավ, Վլադիմիր Պուտինին ստիպեցին հանձնարարել ՌԴ ԱԳՆ-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտող բանաձեւի նախագիծ ներկայացնել Իսրայելի այդ ռմբակոծության համար:
Բացի այդ, ռուս զինվորականները ձերբակալել են իսրայելական վարձկանի, ով ուկրաինական ուժերի կազմում կռվել է Դոնբասում: Դա «սեւ արկղ» էր, որը բացահայտեց Թել Ավիվի կեղծավորությունն ու երկերեսանիությունը: Այն միանգամայն արժանահավատ տեղեկատվություն տվեց այն մասին, որ Իսրայելը գաղտնի աջակցում է Կիեւին ու նախագահ Զելենսկուն՝ կամ զենքի, կամ անօդաչուների մատակարարմամբ, կամ հարյուրավոր, հնարավոր է՝ հազարավոր զինվորների տեղափոխմամբ, երկրի բանակի եւ հատուկ ծառայությունների նախկին կամ գործող մասնագետների տրամադրմամբ:
Իսրայելական ԶԼՄ-ների զգալի մասը չի դադարում քննադատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համեմատելով նրան Հիտլերի եւ կայսր Ներոնի հետ: Նրանք առանց տատանման Պուտինին մեղադրում են Ուկրաինայի տարածքում «ռազմական հանցագործությունների» կատարման մեջ:
Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Երուսաղեմ, եւ կարելի է ասել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները դրանից հետո առավել կվատթարանան. ամերիկյան առաջնորդը, որին Իսրայելը խնդրում է «ձգել օղակն» Իրանի շուրջ եւ ստեղծել «արաբական ՆԱՏՕ», իր հերթին՝ կարող է Թել Ավիվից պահանջել ավելի հստակ դիրքորոշում արտահայտել ՌԴ-ի նկատմամբ եւ աջակցել ԱՄՆ-ին ու Արեւմուտքին ուկրաինական ճգնաժամում:
Այլ խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի հարցում Իսրայելի՝ «երկու աթոռին նստելու» փորձը եւ, իբր, «չեզոք դիրքորոշումը» շուտով կավարտվեն։ Վլադիմիր Պուտինը, արգելելով Հրեական գործակալության գործունեությունը Ռուսաստանում, որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ ցույց տալ, որ այլեւս մտադիր չէ հանդուրժել Թել Ավիվի երկերեսանիությունը։