Հիսուս Քրիստոսը ոչ միայն քաղաքից քաղաք էր այցելում, բժշկում հիվանդներին, կատարում հրաշագործություններ, նա նաեւ մարդկանց ուսուցանում էր ճշմարիտ եւ արդար կյանքի կանոնները, այդ թվում՝ առակների միջոցով։
Նա առակները պատմում էր այնպես, որ դրանք հասկանան միայն իր աշակերտները եւ հետեւորդները, բայց ոչ փարիսեցիներն ու դպիրները, ովքեր պատեհ առիթ էին փնտրում Փրկչին սպանելու։
Հիսուս Քրիստոսի աստվածաշնչյան առակները հագեցած են պայծառ կերպարներով։ Պետք չէ Փրկիչի առակներում փնտրել թաքնված կամ ծածկագրված ուղերձներ։ Աստվածաշնչյան առակների դասերն այն են, որ սոցիալական կյանքից բերված կարճ օրինակներով ցույց տան իմաստնությունը, որին մենք պետք է հետեւենք։
Անառակ որդու առակը
Հայրն ուներ երկու որդի։ Կրտսեր որդին վերցնում է ժառանգության իրեն հասանելիք բաժինն ու առանձնանալով տեղափոխվում այլ քաղաք։ Այնտեղ, վարելով շվայտ կյանք, վատնում է ողջ կարողությունն ու իր նեղ օրերին, սովից չմահանալու համար, որոշում է վերադառնալ հայրական օջախ։
Հայրը մոլորյալ որդուն ընդունում է գրկաբաց եւ կազմակերպում խրախճանք որդու վերադարձի առթիվ։ Ավագ որդին, նեղանալով, որ ինքը այդքան տարի լուռ ու մունջ աշխատել է հոր տանը, չի ցանկանում մասնակցել խնջույքին, հորը մեղադրելով խտրական վերաբերմունքի համար։ Ի վերջո, հայրը հարթում է իրավիճակը, հաշտեցնում որդիներին, ավագին բացատրելով իր մոտեցման պատճառներն ու հիմնավորումները։
Ահա համառոտ բովանդակությունը երեւի թե աստվածաշնչյան ամենահայտնի առակի։
Իսկ առակը զի՞նչ կցուցանե։
Հայրը դա Աստվածն է, իսկ նրա որդիները այդ մենք ենք։ Մենք փախչում, հեռանում ենք Աստծուց՝ մտածելով, թե օտարության մեջ պիտի ապրենք ավելի երջանիկ, քան տանը։ Սակայն, միեւնույնն է, ի վերջո, վերադառնում ենք հարազատ տուն. ծեծված, ջարդված, տանջված եւ հոգնած։ Հայրը մեզ միշտ կդիմավորի ուրախությամբ, կապահովի տանիքով ու կկերակրի։
Ավագ որդու կերպարով ներկայացված է օրինապաշտների հավատքի չափը. մարդկանց, ովքեր համարում են, թե Աստված պարտավոր է իրենց փրկել՝ Նրա առաջ իրենց ծառայության ու վաստակի դիմաց։ Նրանք չեն ցանկանում կիսել ժառանգությունը այլ մարդկանց հետ, որովհետեւ մտածում են միայն իրենց մասին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ