ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը նոր երանգներ է ստանում՝ թեւակոխելով փոխադարձ շանտաժների փուլ: Հուլիսի 4-ին Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» («Վաթան») ազգայնական ընդդիմադիր կուսակցության նախաձեռնած՝ երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու ստորագրահավաքի լայնամասշտաբ արշավին ԱՄՆ-ն պատասխանեց 35 կոնգրեսականների հայտարարությամբ: Վերջիններս արդեն հուլիսի 8-ին նամակ ուղարկեցին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առարկելով Թուրքիային F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման բաղադրիչների վաճառքին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի թվիթերյան միկրոբլոգում տեղադրված դիմումում ԱՄՆ նախագահին կոչ է արվում չվաճառել կործանիչները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ապակայունացնող գործողությունների եւ միջազգային իրավունքի խախտումների պատճառով։ Կոնգրեսականները, ի թիվս այլ տարածաշրջանների, նաեւ խոսել են Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում պաշտոնական Անկարայի դերակատարության մասին՝ հավելելով, որ Էրդողանի ռեժիմը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական ուժը՝ ապակայունացնելու իրավիճակը նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։
«ՆԱՏՕ-ի ընդհանուր բարօրությանը հակասող Էրդողանի անհանգստացնող մարտավարության կիրառումը չպետք է զարմանք հարուցի: Նրա վարչակարգը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական հզորությունը Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս ներխուժումների ժամանակ Թուրքիան եւ նրա կողմից աջակցություն վայելող ուժերն օգտագործել են ԱՄՆ-ի արտադրության զենքեր եւ բաղադրիչներ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ թիրախավորված քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, Իրաքում, Սիրիայում գտնվող հիվանդանոցներն ու դպրոցները: ԱՄՆ զենքը բազմիցս օգտագործվել է նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների ինքնիշխան տարածքները խախտելու համար, ինչպիսիք են Հունաստանը եւ Կիպրոսը: Դժվար թե դրանք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նվիրյալ դաշնակցի գործողություններ լինեն»,-հայտարարության մեջ շեշտել են կոնգրեսականները:
44-օրյա պատերազմում բայրաքթարների օպերատորները Թուրքիայի ԶՈւ ծառայողներ էին, դա էր պատճառը, որ ԱԹՍ-ներից հայկական թիրախները խոցելու պահերն արձանագրած տեսաձայնագրությունների մի զգալի մասն առաջինը հայտնվում էին սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում: Զորավարժությունների անվան տակ 2020 թ. օգոստոսին Ադրբեջան տեղափոխված ՆԱՏՕ-ի F-16 կործանիչները թեեւ Արցախի դեմ անմիջական ռազմական գործողություններին չէին մասնակցում, սակայն մշտապես օդում էին եւ ապահովում էին ադրբեջանական ռմբակոծիչների հարձակումները: Բայց մեկ դեպքով՝ Վարդենիսում հայկական Սու 25-ի խոցումն արվեց Թուրքիայի ԶՈՒ F-16-ից, քանի որ ՀՀ սահմաններից ներս գտնվող այդ հատվածում ադրբեջանական հակաօդային այլ միջոցով հնարավոր չէր խոցել ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռը, առավել եւս որ այն այդ պահին Մինգեչաուրի ջրամբարի մոտ շրջապտույտներ անող F-16-ի օդ-օդ հրթիռների հարվածային 80 կմ հեռավորության տիրույթում էր:
44-օրյա պատերազմի ժամանակ շատերի ուշադրությունից վրիպեց Թուրքիայի կենտրոնական շրջանում բացառապես թուրքական արտադրությամբ զինտեխնիկայով կազմակերպված զորավարժությունը, դրանում չէին ներգրավվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտադրած կամ տրամադրած օդուժը եւ սպառազինության այլ տեսակներ: Այդ զորավարժությունները երկու ուղերձ ունեին: Առաջին՝ այն փաստեց, որ հայկական Սու 25-ի խոցումից հետո Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի ֆունկցիոներները լուրջ խոսակցություններ էին ունեցել, առավել եւս, որ այդ դեպքից հետո Թուրքիայի ինքնաթիռների ակտիվությունն Ադրբեջանում կտրուկ նվազեց: Երկրորդ՝ Անկարան այդ զորավարժությունն սկսեց 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր անց, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը բլից կրիգով չի կարողացել պատերազմի ելքը որոշել, եւ հավանական էր, որ Արցախի պաշտպանության բանակը բեկում մտցներ ռազմական գործողությունների ընթացքի մեջ: Թուրքիան այդ զորավարժություններով միջազգային կենտրոններին ակնարկեց, որ եթե Արցախում իրեն ցանկալի արդյունք չապահովվի, ապա կմիջամտի պատերազմին արդեն բացահայտ՝ ամբողջությամբ թուրքական արտադրության զինտեխնիկայով եւ իր կանոնավոր բանակի ստորաբաժանումներով:
Կոնգրեսականների հայտարարության մյուս հատկանշական կողմն այն է, որ նրանք շեշտում են Թուրքիայի քաղաքական ղեկավարության գործողությունների անընդունելիությունը, ինչից իր դժգոհությունն է հայտնում նաեւ Թուրքիայի հասարակությունը՝ հատկապես տնտեսական աննախադեպ ճգնաժամի պատճառով, առավել եւս, որ Անկարան փորձում է իր հրահրած պատերազմների ելքն ապահովել ոչ թուրք զինծառայողների ձեռքերով:
Թուրքիայի իշխանությունների գործողություններից տվյալ երկրի քաղաքացիների եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դժգոհություններն ու դրանց հակազդումը ստանում են ինստիտուցիոնալ բնույթ: Պատահական չէ, որ «Fitch» համաշխարհային վարկանիշային գործակալությունը օրերս նվազեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը B+-ից մինչեւ B կամ «աղբայինի» մակարդակի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան աստիճանաբար սկսում է դասվել միջազգային տնտեսական հարաբերություններում վտարակ («իզգոյ») պետությունների շարքին: Սա փաստում է պաշտոնական Անկարայի հանդեպ ընդհանուր քաղաքականության փոփոխության մասին:
Սակայն հավանականությունը մեծ է, որ Թուրքիան հերթական առեւտուրն է անում ՆԱՏՕ-ի իր հիմնական դաշնակցի հետ՝ իրեն բնորոշ շանտաժի լեզվով: Այս երկրի ողջ ռազմական համակարգը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշների ներքո է, սպառազինության հիմնական մասը՝ եւս, չնայած վերջին 10 տարիների ընթացքում Անկարան կտրուկ ավելացրել է ռազմարդյունաբերության ծավալները եւ զգալի արդյունքների հասել: Այսօր միանշանակ է, որ Անկարան չի կարող գործել այդ դաշինքից դուրս: Մյուս կողմից էլ ԱՄՆ 435 կոնգրեսականից 35-ի դիրքորոշումը ոչ թե վճռորոշ քայլ է, այլ ավելի շատ երկխոսության ու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու փորձ, եւ այստեղ ակնկալել, թե Թուրքիան հետնահանջ կանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականության հարցում, հավանական չէ: Թուրքիային ափի նեջ պահելու համար պետք են ավելի կոշտ եւ գործուն միջոցներ, հակառակ դեպքում նրա ապակայունացնող գործողությունները դուրս կգան տարածաշրջանից դեպի Եվրոպա, եւ՝ ոչ միայն: