Այն բանից հետո, երբ Անկարան Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հավանություն տվեց Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի միացմանը, պարզ դարձավ, որ Արեւմուտքը Թուրքիային թույլատրել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Նրանք, ովքեր քննադատում են Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման համար, որեւէ կերպ չեն դատապարտում թուրքական քայլերը Սիրիայի նկատմամբ: Լիբանանյան «Al Mayadeen»-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, Մոսկվան նույնպես «կանաչ լույս» կվառի Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական հատուկ գործողության առջեւ: Բայց եթե Թուրքիան պնդի այդ օպերացիան անցկացնել առանց Ռուսաստանի համաձայնության, դա կդառնա Վաշինգտոնի հաղթանակը, որին հաջողվել է սեպ խրել Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում:
Թուրքիան համալրում է ուղարկում Մանբիջ, Թել-Ռիֆատ, Այն-Իսսու եւ Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններ, ինչպես նաեւ հրետակոծում է Ազազ քաղաքը, ինչը ցուցադրում է նրա մտադրությունների լրջությունը՝ կապված ռազմական հատուկ գործողության անցկացման հետ այն տարածքներում, որոնք «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ են: Հնարավոր է՝ Էրդողանի ու Բայդենի հանդիպման միջոցով Անկարային հաջողվել է ռազմավարական որոշ զիջումներ պոկել Վաշինգտոնից: Խոսքը Սիրիայի ու նոր ռազմական գործողության մասին է, որի նպատակը թուրք-սիրիական սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումն է: Մադրիդյան գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է 5-րդ ռազմական հատուկ գործողության մասին, որը մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը պաշտոնական այց է կատարել Թուրքիա եւ Սիրիա՝ այդ ընթացքում արտահայտվելով նշված երկրների միջեւ խաղաղության ապահովման օգտին: Նա հայտարարել է Դամասկոսի եւ Անկարայի միջեւ համակարգման ակտիվացման անհրաժեշտության մասին՝ խուսափելու լարվածության էսկալացիայից եւ կանխելու թուրքական նոր ռազմական հատուկ գործողության անցկացումը, որը «կապակայունացնի տարածաշրջանը»:
Սիրիան, իր կողմից, դեմ չէ պայմանավորվել Թուրքիայի հետ՝ պայմանով, որ արդյունքում վերջինս կհեռացնի իր զորքերը սիրիական տարածքից եւ կհրաժարվի ահաբեկչությանն աջակցությունից: Միեւնույն ժամանակ Դամասկոսը շեշտը դրել է Ալժիրի միջնորդության վրա՝ հուսալով նրա օգնությամբ վերադառնալ Արաբական պետությունների լիգա եւ պայմանավորվել նրանց հետ երկրի տարածքից թուրքական ուժերի հեռացման վերաբերյալ: Բացի այդ, Սիրիան չի բացառել նաեւ Իրանի միջնորդությունը: Սիրիական իշխանությունները ցանկանում են ստանալ Թուրքիայի հավաստիացումը, որ կազատի երկրի հյուիսում օկուպացրած տարածքները:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունը, իր հերթին, գիտակցում է թուրքական սպառնալիքների լրջությունը: Նրանք արդեն փորձել են ակտիվացնել համակարգումը սիրիական բանակի հետ՝ թուրքական հնարավոր ցանկացած հարձակում հետ մղելու համար, որովհետեւ Ասադի ուժերն արդեն հասել են այն շրջաններ, որոնք «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ են եւ տեղավորվել են Այն-Իսսուում, Էլ-Բաբեում, Մանբիջում ու Այն-էլ-Արաբում: Քաղաքներում եւ այլ բնակավայրերում կենտրոնացված ստորաբաժանումները, որոնք տեղակայված են M4 ճանապարհի վրա, ուժեղացվել են:
Սիրիական, ռուսական եւ նույնիսկ իրանական ջանքերը կենտրոնացված են այդ շրջանները սիրիական բանակի վերահսկողությանը հանձնելուն, սակայն Ասադի բանակի եւ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջեւ ստեղծված նոր մեխանիզմը չի գործում M4 ճանապարհի երկայնքով: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» այդպես էլ չորոշեցին սիրիական բանակին փոխանցել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները: Բայց նրանք դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով միջնորդել ու իրենց պաշտպանել թուրքական բանակից:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայի հյուսիսում լարվածության վտանգավոր էսկալացիայի: Ուժային գործողություններն առանց Սիրիայի օրինական իշխանությունների հետ համաձայնեցման երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում են: Կապված դրա հետ՝ Մոսկվան ռազմական համալրում է կատարել Կամիշլիում գտնվող ռուսական ռազմաբազայում՝ ուժեղացնելու համար իր ռազմական ներկայությունը Եփրատի արեւելքում, ինչպես նաեւ «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» տեղեկացրել է սահմանային գծից հեռանալու ու այն սիրիական բանակին փոխանցելու անհրաժեշտության մասին:
Ոչ մի կասկած չկա, որ թուրքական քաղաքականությունը Սիրիայում մասամբ կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Արդյոք Էրդողանին կհաջողվի՞ համոզել Պուտինին՝ իրեն տալու այն, ինչ ինքն է ցանկանում, երբ ՌԴ-ի ղեկավարը հետեւողականորեն պնդում է, որ աշխարհն արմատապես կփոխվի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան մտնեն ՆԱՏՕ: Թուրք-շվեդա-ֆիննական պայմանավորվածությունների շնորհիվ, որոնց նախորդել էր թուրք-ամերիկյան գործարքը, Անկարան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հարցում:
Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ թուրք-ռուսական փոխըմբռնումը խաթարվել է: Կասկածից վեր է, որ Անկարան զգալի հաջողությունների է հասել, որոնք կազդեն Մոսկվայի հետ նրա ռազմավարական հարաբերությունների վրա։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը պետք է կապեր պահպանի Թուրքիայի հետ՝ հանուն համատեղ համաձայնագրերի, առեւտրային եւ զբոսաշրջային նախագծերի, ռազմավարական պլանների, սիրիական ճգնաժամի կարգավորման, Սեւ ծովում ուժերի հավասարակշռության, էներգակիրների փոխադրման եւ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման:
Բայց Բայդենը հարված հասցրեց Պուտինին. վերջինս հույս ուներ, որ Թուրքիան կհետաձգի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնության տրամադրումը: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, քանի որ Մոսկվայի լռությունն այս հարցում խորացնում է Անկարայի հետ վստահության ճգնաժամը: Նա պատասխանատվություն է կրում միջնորդությունից հրաժարվելու համար, որին հենց ինքն էր ձգտում, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ ներկայումս Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն չի տեսնում:
Մոսկվան, ամենայն հավանականությամբ, «կանաչ լույս» կվառի Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական հատուկ գործողության առջեւ, այլապես թույլ կերեւա: ՌԴ-ն չի կարող անտեսել Անկարայի գործողությունները, քանզի թուրքական հավասարակշռված դիրքորոշման հետ կապված նրա հույսերը չեն արդարացել…