Հոբոյ՝ փայտյա փողայինների ընտանիքի փողային երաժշտական գործիք։ Հոբոյների դասի գործիքների մեջ այն իր դիապազոնով ամենաբարձրն է պիկոլո հոբոյից եւ հոբոյ դ̕ ամուրից հետո։ Մյուս փողային գործիքների նման ունի փականներ եւ լեզվակ։ Ներկայիս հոբոյն իր վերջնական տեսքն ստացել է 17-րդ դարում։ Հոբոյը համարվում է աշխարհի ամենահին գործիքներից մեկը։
Անտիկ ժամանակներից մեզ են հասել տարբեր պատկերներ, որոնց վրա կարելի է հեշտությամբ նկատել հոբոյանման գործիքներ՝ սովորական կամ երկխողովականի։ Հոբոյ հիշեցնող գործիքի մասին խոսում է նաեւ Հոմերոսն իր «Իլիական» պոեմում։ Նա այն անվանում է «օլոի»։ Անտիկ ժամանակների հնագույն հոբոյատիպ գործիք է նաեւ տիբիան։ Այս հին գործիքներից ծնվել են տարբեր ժողովրդական գործիքներ, որոնցից են հայկական դուդուկը եւ զուռնան, աֆրիկական ալգաիդան, հունգարական տորոկսիպը, չինական սուոնան, ճապոնական հիշիրիկին, ֆրանսիական բինիուն եւ այլ ազգային գործիքներ։
Սկզբնական շրջանում հոբոյները պատրաստում էին տարբեր խոտերից, օրինակ՝ բամբուկից։ Այնուհետեւ սկսեցին հոբոյներ պատրաստել ավելի ամուր փայտերից եւ նույնիսկ փղոսկրից։ Ժամանակակից հոբոյների մեծ մասը պատրաստվում է էբենոսափայտից։ Օգտագործվում են նաեւ տարբեր տրոպիկական երկրների հսկայական ծառերի փայտեր։