«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, Ղրիմի Հանրապետության կառավարության փոխվարչապետ, մեր հայրենակից Գեորգի Մուրադովը:
-Հարգելի պարոն Մուրադով, թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի հնարավորության համար: Հայտնի է, որ Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը պարբերաբար այցելում է Հայաստան, եւ պատվիրակության կազմում ընդգրկված են լինում նաեւ Ղրիմի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ձեր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր ընթացիկ տարվա ապրիլին: Ո՞րն էր այցելության նպատակն այս անգամ:
-Ղրիմի օրերի անցկացումը Հայաստանում դարձել է ավանդական: Ղրիմի պատվիրակությունը պարբերաբար այցելում է Հայաստան, եւ, իհարկե, պատվիրակության կազմում ընդգրկված են լինում նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ղրիմի օրերը Հայաստանում անցկացվում են մեր կառավարության եւ Ղրիմի բարեկամների հայկական ակումբի նախաձեռնությամբ: Մենք այն ավանդաբար անցկացնում ենք Երեւանի «Մոսկվայի տան» հարթակում եւ ներկայացնում Ղրիմի տնտեսական ու զբոսաշրջային ներուժը: ՌԴ առեւտրական ներկայացուցչության աջակցությամբ հանդիպումներ ենք անցկացնում գործարար շրջանակների, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, երեւանյան բուհերի, մասնավորապես՝ Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ), ավագ կուրսերի ուսանողների հետ:
-Հայերը Ղրիմում ունեն բազմադարյա արմատներ: Պատահական չէ, որ միջին դարերում Ղրիմն անվանում էին Սեւծովյան Հայաստան: Ինչպե՞ս են ձեւավորվում այսօր Ղրիմի եւ Հայաստանի տնտեսական փոխհարաբերությունները:
-Հայերը բնակվել են Ղրիմում դեռ բյուզանդական ժամանակներից: Այն ժամանակ թերակղզում կառուցվել են հայկական այնպիսի սրբավայրեր, ինչպես Սուրբ Խաչ եկեղեցին, որը Հին Ղրիմում կանգնեցվել է դեռեւս 14-րդ դարի առաջին կեսին: Բյուզանդիայի անկումից հետո թերակղզի տեղափոխվող հայերի թիվը շոշափելիորեն մեծացավ: Ռուսական կայսրությունը ձգտում էր նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Պետրոս Առաջինը, շահագրգռված լինելով արեւելյան առեւտրի զարգացմամբ, ջանացել է Ռուսաստանի կողմը շրջել Նոր Ջուղայի հայ վաճառականների առեւտուրը եւ այդ նպատակով 1711 թ. վերահաստատել մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին: Մեր նախնիները թողել են հարուստ մշակութային ժառանգություն, եւ մենք հավատարիմ ենք այդ ժառանգությանը: Մշակույթի բազմաթիվ հայազգի գործիչներ (Այվազովսկի, Սպենդիարյան), Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսներ (մարշալներ Բաղրամյան, Բաբաջանյան, Խամփերյանց (Խուդյակով), Ագանով, ծովակալ Իսակով) եւ այլք ռուսական պատմության մի մասն են: Ահա թե ինչու կարելի է պնդել, որ հայերի արմատները Ղրիմում բազմադարյա են, եւ պատահական չէ, որ 12-14-րդ դարերի տարեգրություններում Ղրիմը հիշատակվում է որպես Սեւծովյան Հայաստան: Եվ այսօր հայկական համայնքը ակտիվորեն մասնակցում է մեր բազմազգ եւ բազմադավան հասարակության կյանքին: Ղրիմի հայերն ակտիվ են բոլոր բնագավառներում: Այս տարվա ապրիլին Երեւանում անցկացրինք մեծ կոնֆերանս՝ «Հետխորհրդային երկրների ինտեգրացիան. Եվրասիական նոր գաղափարախոսություն՝ նոր հնարավորություններ» խորագրով:
-Ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանը եւ Ղրիմը: Կարելի՞ է ենթադրել, որ արեւմտյան պատժամիջոցների պայմաններում Հայաստանը նաեւ Ղրիմի համար է դառնում հրապուրիչ:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանը դարձավ ռուսական բիզնեսի (այն փորձում է հարմարեցնել իր գործունեությունը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության պայմաններին) տեղակայման ամենահրապուրիչ երկրներից մեկը: Սակայն Ղրիմը վաղուց է դիմակայում անօրինական պատժամիջոցներին եւ հարմարվել է իրավիճակին: Հետեւաբար, կարող եմ ասել, որ այժմ, երբ ամբողջ Ռուսաստանն է Արեւմուտքի տնտեսական ագրեսիայի օբյեկտ, Ղրիմն ավելի հետաքրքիր է հայ գործարարների եւ կազմակերպությունների համար: Առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային համագործակցության արդեն ձեւավորված ուղղություններին, ակտիվ մշակութային-հումանիտար կապերին ավելանում են բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների, գիտական մշակումների ոլորտները: Մեծանում է հետաքրքրությունը դեպի շինարարությունը, տրանսպորտը եւ կրթությունը: Հայաստանում հայտնի են Ղրիմի առողջարանայինն հնարավորությունները, այդ թվում՝ բուժիչ ցեխերը, տարբեր հիվանդությունների բուժման եզակի բնական պայմանները:
-Հայաստանի եւ Ղրիմի մերձեցման հարցերում լավատեսության հիմքեր տեսնո՞ւմ եք: Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի եւ Ղրիմի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը:
-Ստեղծված պայմաններում Հայաստանն ունի Արեւմուտքի՝ սթափությունը պահպանող բիզնես շրջանակների եւ Ռուսաստանի միջեւ կապող օղակի դեր ստանձնելու մեծ հնարավորություն: Այսպիսի տրամադրվածություն ունի նաեւ Ղրիմի բիզնեսի որոշակի հատված: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա հիշեցնեմ, որ Ղրիմը Ռուսաստանի հարավային դարպասն է եւ ելքը դեպի Մեծ Եվրասիա: Այս ուղղությամբ մենք եւ Հայաստանը աշխատանքի մեծ դաշտ ունենք: Ինչ վերաբերում է ավիահաղորդակցությանը, ապա առայժմ երկխոսությունը չի ստացվում:
-Հայերն ավանդաբար ակտիվ են Ղրիմի բիզնեսի եւ գիտության ոլորտներում:
-Իսկապես, Ղրիմում քիչ չեն ձեռնարկությունների հայ տնօրենները, կան մեծ թվով բիզնես կառույցներ հայերի մասնակցությամբ: Հայերը մեծ թվով ներկայացված են իշխանության, կառավարման տարբեր օղակներում: Կան նախարարներ, Ղրիմի Պետխորհրդի եւ մունիցիպալ օղակի պատգամավորներ: Հայկական համայնքի ներկայացուցիչները Ղրիմի հայրենասերներ են: Նրանց թվում են Ղրիմի հայկական աշխարհազորի լեգենդար ղեկավարներից՝ Ղրիմի Պետխորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը (ազդակոչը՝ «Սամվել») եւ շատ ուրիշներ:
-Պարոն Մուրադով, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
-Ցավոք, այդ երկրները եզակի չեն նրանց թվում, որոնք չեն ճանաչում Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի օրինականությունը: Սակայն մենք չենք հոգնում կրկնել, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մերժումը չի ծառայում խաղաղության ու կայունության հաստատմանը, մեր երկրի հետ բարեկամական կապերի զարգացմանը: Այս փաստը պետք է հաշվի առնեն բոլորը, հատկապես բարեկամական երկրները:
-Ղրիմի հայկական համայնքը մերձսեւծովյան հայկական ստվար սփյուռքի կարեւոր օղակներից է:
-Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ղրիմի ՀԱԵ եկեղեցական ծխերը փոխանցեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի: Հատկապես ցանկանում եմ շեշտել հայ եւ ռուս ժողովուրդների քաղաքակրթական միասնությունը: Ղրիմի հայերը տարիներ շարունակ իրականացնում են կարեւոր եւ օգտակար մշակութային-լուսավորչական գործունեություն, նպաստում են գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, զբաղվում են հայ ժողովրդի մշակութային նվաճումները ճանաչելի դարձնելու գործով՝ այդպիսով պաշտպանելով եւ՛ ժամանակների կապը, եւ՛ մեր ընդհանուր հոգեւոր ակունքները: Սա մեր ընդհանուր քաղաքակրթական տարածության երկարաժամկետ պահպանման գրավականն է: Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը:
Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվա, հատուկ «ՀՀ»-ի համար