Շվի՝ հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից է եւ հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող եւ ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի, քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնն սկսում է առաջին օկտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից եւ ձգվում է մինչեւ երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածվածը C-ն է։
Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվիի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1.5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչեւ 2.5 սմ)։ Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։
Շվին թեեւ ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն բազմաժանր նվագարան է. շվիով նվագում են թե՛ ազգային եւ թե՛ դասական ստեղծագործություններ։ Շվիի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է։ Այլ հայտնի ստեղծագործություններ են Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն, Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը եւ այլն։