2022 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների համար նախատեսված է 50 հազար դրամ ամսական աջակցություն։ Փետրվարից այդ աջակցության ծրագրի շրջանակներում դիմումներն արդեն ընդունվում էին։ Օրերս խմբագրություն են դիմել քաղաքացիներ՝ հասկանալու, եթե ինչ-ինչ պատճառներով չեն դիմել (տեղեկացված չլինելու, ժամանակի սղության, երեխաների՝ բնակչության պետռեգիստրում հաշվառված չլինելու եւն), կարո՞ղ են հիմա դիմել, թե՞ արդեն ուշացել են եւ, հետեւաբար, ծրագրից օգտվել չեն կարող։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ «ընտանիքում 2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ եւ հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակներում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է»։ Եվ, ի դեպ, 4133 երեխայի արդեն նշանակվել է աջակցություն։
Դիմումներն ընդունվում են ե՛ւ առձեռն, ե՛ւ առցանց եղանակով։ Եթե առձեռն, ապա անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Եթե առցանց, ապա միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն. առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ եւ հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։
Աջակցությունը նշանակվում է, եթե՝ 1. դիմող ծնողը ՀՀ քաղաքացի է, 2. դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանում, 3. դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։
Ամսական 50 հազարի աջակցությունը տրվում է մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Ավելի ստույգ՝ այս 50 հազարի որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, բայց մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։ Դրամական աջակցությունը կնշանակվի եւ կվճարվի յուրաքանչյուր շահառու երեխայի համար: Եթե միաժամանակ ծնվել են մեկից ավելի երեխաներ, ապա դրամական աջակցությունը կնշանակվի եւ կվճարվի յուրաքանչյուր շահառու երեխայի համար:
Այստեղ մի հստակություն պետք է մտցնենք. մեզ դիմած քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց. իր երեխան 2023 թ. մարտին է ծնվելու, դարձյա՞լ մինչեւ 6 տարեկան դառնալը կստանա ամսական աջակցությունը, թե՞ 2026 թ. տարեվերջով կսահմանափակվի։ Տեղեկացնենք, որ դրամական աջակցություն նշանակելու եւ վճարելու այս կարգը հստակեցնում է, որ աջակցության որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, բայց մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։ Ավելին՝ կառավարության որոշման համաձայն, որ նախորդ տարի դեկտեմբերի 23-ի նիստում է հավանության արժանացել, նշվում է, մինչեւ 2025 թ. հուլիսի 1-ը կառավարություն առաջարկ կներկայացվի՝ 2026 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։
Ինչեւէ, աջակցությունը կտրվի անկանխիկ։ Բայց որպեսզի այդ աջակցությունը ծնողը շարունակաբար ստանա, ապա տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկ ներկայանալ է պարտավոր։ Որպեսզի հավաստվի, որ նա Հայաստանում է։ Բայց եթե շահառու երեխան կամ ծնողը օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվեն, կամ ծնողը ՀՀ քաղաքացիությունից դուրս գա, կամ շահառու երեխան Հայաստանից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայի, ապա աջակցության իրավունքը կդադարեցվի։