Վերջին ամիսներին ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից հայտարարություններ, քայլեր են արվում, որոնցում պարբերաբար հիշատակվում են Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանաթուրքական զույգի գործած հանցագործություններն ու դրանց հետեւանքները: Առաջին բանը, որ կարող է անցնել պատերազմը վերապրած արցախցու, հայաստանցու եւ աշխարհասփյուռ հայերի մտքով, այն է, որ այդ հիշատակումներն ուշացած են, որ հստակ դիրքորոշումներն ու գործուն միջոցները պետք է կիրառվեին եւ հիշատակվեին պատերազմի ժամանակ՝ կանխելու դրա աղետալի հետեւանքները:
Սակայն վերջին ամիսների արձանագրումները, արցախյան պատերազմի՝ թեկուզ առանձին դրվագների դատապարտումը եւ դրանց հետաքննության առաջարկներն այսօր էլ կարեւոր են այն առումով, որ զսպող դեր կարող են խաղալ հիշյալ զույգի համար, առավել եւս, որ Բաքուն պատերազմով չկարողացավ լուծել Արցախի հիմնահարցը, եւ ներկայում լարված իրավիճակը պահպանվում է ոչ միայն Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին: Բաքուն ինտենսիվորեն վերափոխում է իր բանակը թուրքական չափանիշներով եւ շարունակում է Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ապահոված ելքը հիշատակել հարաբերությունների հաստատման հեռահար, հրապարակային երկխոսությունների ժամանակ:
Պաշտոնական Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում հայ-ադրբեջանական սահմանին իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման մասին՝ միաժամանակ հասցեական կրակ բացելով հայկական գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանաթուրքական կոշտ եւ շատ դեպքերում ռազմատենչ հռետորաբանության պատճառը ժամանակին միջազգային հանրության լռությունն էր, եւ այսօր հենց դա է պատճառը, որ Թուրքիայի գործընկերներ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն սկսել են ոչ դրական լույսի ներքո վերհիշել արցախյան 44-օրյա պատերազմը:
Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել եւ պալատի վերջնական քննարկմանը ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտում (NDAA) 2023 թ․ֆինանսական տարվա համար ներկայացված չորս լրացում: Դրանցով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպես նաեւ ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ: Փաստաթղթում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին՝ դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային: Փոփոխությունը նաեւ ԱՄՆ նախագահից պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ F-16-ները Թուրքիայի կողմից չօգտագործվեն Հունաստանի տարածքով չթույլատրված թռիչքների համար։
Չնայած այդ առաջարկով ԱՄՆ նախագահին նաեւ հնարավորություն է տրվում այդ երկրի ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում չպահպանել սահմանափակումները՝ ներկայացնելով հիմնավորումներ, բայց Վաշինգտոնից նման հարցադրումների հնչեցումն արդեն էական զսպող դեր ունի Հայաստանի եւ Արցախի շուրջ անցանկալի զարգացումները կանխելու հարցում: Մյուս կողմից էլ՝ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, եւ դրանց հետաքննությունն ու հետեւանքներին իրավական գնահատականներ տալը միջազգային դիվանագիտության կարեւոր գործիքներից են: Հետեւաբար, Արեւմտյան երկրների՝ թեկուզ ուշացած արձագանքներն իրենց ազդեցության ուժգնությունը չեն կորցրել եւ առաջիկայում էլ կարեւոր են լինելու Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հաստատման եւ Արցախի խնդրի լուծման գործընթացում: