Մամուլը վերջերս անդրադարձավ 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպայի խնդրին, ում զրկել էին կարգից եւ ամենամսյա փոխհատուցումից։ Ցավոք, այս դեպքը եզակի չէ, որովհետեւ իմ մանկության ընկերներից մեկը, ով պատերազմում նույնպես կորցրել է ստորին վերջույթը (ձախ ոտքի՝ մինչեւ ծնկամաս հատված), հաշմանդամության կարգի փոփոխությամբ պայմանավորված՝ այլեւս չի ստանալու Զինվորների ապահովագրության հիմնադրամի կողմից տրվող հատուցումները։ Իհարկե, դեռ ավելի վաղ կարող էի ներկայացնել ընկերոջս հետ պատերազմից հետո ամբողջ կատարվածը, բայց չեմ ստացել նրա թույլտվությունը։ «Չեմ ուզում,- ասել էր,- նեղված եմ, չէ՛, հայրենիքի՛ցս չէ, հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի՛ց։ Փորձաքննության ժամանակ ոտքս չկար, վերափորձաքննության ժամանակ հանկարծ պարզվեց՝ կա՞… այսքանից հետո խոսե՞լ կլինի։ Ոտքիս ցավերը չեն անցնում, պրոթեզ կրելն անհնար է այդ ցավերի պատճառով։ ԱՄՆ եմ գնալու, զարմիկիս մոտ՝ զարմիկիս միջոցներով բուժվելու (արդեն ԱՄՆ-ում է)։ Ի՞նչ խոսեմ եւ ինչու՞ խոսեմ»…
Վստահաբար՝ նմանատիպ օրինակներ կլինեն։ Ընդհանուր առմամբ՝ հարցեր են ծագում՝ վերափորձաքննություն ասվածից հետո թվային պատկերի ինչ փոփոխություն է եղել, արդյոք հաշվի՞ են առնվում վնասվածքները ձեռք բերելու հանգամանքները, ասենք՝ պատերազմո՞ւմ է եղել, թե՞ տանը, եւ արդյոք պատկան մարմինը չի պատրաստվո՞ւմ խնդրո առարկայի հետ կապված վերանայումներ անել։
Սկսենք սկզբից՝ վերափորձաքննությունից հետո թվային փոփոխությունից։ Պաշտոնական տվյալի համաձայն (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն)՝ «պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ»։ Փաստորեն՝ վերափորձաքննությունից հետո հաշմանդամների թիվը նվազել է 255-ով։
Ինչ վերաբերում է ընդհանրապես փորձաքննությանն ու վնասվածքները ձեռք բերելու հանգամանքին։ Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում, եւ անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։ Եվ հաշմանդամությունը սահմանվում է (այդ թվում՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) կառավարության 2003 թ. համապատասխան որոշմամբ։ Ընդ որում՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանվում է անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից։
Այսպիսով՝ վերին եւ ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետեւյալ տեսակներից որեւէ մեկի 1-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում. ա) ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ), բ) ինքնուրույն տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է առավել երկարատեւ ժամանակի ծախսումով, ընդհատումներով եւ տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ), գ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ, առկա է սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն, դ) ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձեւերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում կամ օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն։
Երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ կա կենսագործունեության 2-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում։ Իսկ 1-ին խումբ հաշմանդամության սահմանումը այն դեպքերում է, երբ անձն ունի կենսագործունեության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում, այսինքն՝ անձն ունի ինքնասպասարկման անկարողություն եւ այլ անձանցից լիակատար կախվածություն։
Գանք վերջին հարցին՝ վերանայումներին։ Ըստ ԱՍՀՆ-ի՝ կարեւորելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած հատուցման հարցի զգայունությունը՝ «նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»։ Հուսանք՝ քննարկումները կբերեն հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի փոփոխության։ Որովհետեւ սա ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության եւ նույն պետության արժանապատվության հարցն է։