ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի այցը Մերձավոր Արեւելք շարունակում է մնալ քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Չորեքշաբթի ժամանելով Թել Ավիվ՝ նա ժամանակ է հատկացրել ոչ միայն հրեական պետության պաշտոնյաների հետ հանդիպումներին, այլեւ այցելել է թանգարաններ, ցուցահանդեսներ, ներկա եղել մարզական միջոցառումների: Մասնավորապես՝ նա եղել է նաեւ Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցում եւ հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Վերջինս ամերիկյան նախագահին հայկական հախճապակուց պատրաստված ափսե եւ նուռ է նվիրել:
Իր՝ գործնականում քառօրյա շրջագայության երկու օրը ԱՄՆ-ի նախագահը հատկացրել է Իսրայելին: Պաղեստինյան ինքնավարության պաշտոնական դեմքերի հետ հանդիպումներին Բայդենը միայն երկու ժամ է տրամադրել: Պաղեստինցիների հետ նա հանդիպել է ուրբաթ օրը եւ նույն օրն ուղեւորվել Ջիդդա՝ բանակցելու Սաուդյան Արաբիայի հետ: Իսրայելում նույնիսկ հանդիպել եւ երկարատեւ զրույց է ունեցել Բենիամին Նաթանյահուի հետ, ով ներկայումս պետական պաշտոն չի զբաղեցնում: Պաղեստինի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումները տեւել են այնքան, որքան Նաթանյահուի հետ հանդիպումը՝ գրեթե երկու ժամ: Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Մահմուդ Աբասի հետ երկժամյա բանակցությունների ընթացքում Բայդենը ոչ մի անգամ չի խոսել Պաղեստինի այժմյան վիճակի, ոչ էլ, որպես անկախ պետություն, նրա հեռանկարների մասին: Նա միայն հնչեցրել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ պաղեստինյան կառավարությունը հավասարի պես կգործի իսրայելականի հետ:
Բայդենը, ժամանելով Իսրայել, իր լիակատար աջակցությունն է հայտնել իսրայելական պետությանն ու վարչակազմին՝ դա արտահայտելով այսպես. «Սիոնիստ լինելու համար ամենեւին էլ պարտադիր չէ հրեա լինել: Ես ինքս սիոնիստ եմ»:
Դատելով համաշխարհային ԶԼՄ-ների մեկնաբանություններից՝ ԱՄՆ-ի նախագահի մերձավորարեւելյան այցի իսրայելական հատվածը մեծ հետաքրքրություն չի առաջացրել: Փորձ է արվել Իսրայելին հակել այն բանին, որ վերջինս հանդես գա Ուկրաինային առավել ակտիվ աջակցության դիրքերից, այդ թվում՝ զենքով, սակայն ապարդյուն: Իսրայելական քաղաքական ուժերը շատ լավ են հասկանում, որ դա շատ թանկ կարող է նստել հրեական պետության անվտանգության վրա: Բացի այդ, Բայդենի այցը տեղի է ունեցել Թել Ավիվի համար ոչ լավագույն ժամանակահատվածում. այդ երկրում արդեն սկսվել է պայքարը խորհրդարանում տեղերի համար:
Բայդենի ուշադրությունը պաղեստինյան հակամարտության կարգավորման խնդրին զուտ հռետորական բնույթ էր կրում: Ի սկզբանե պարզ էր, որ նա Մերձավոր Արեւելքում ածխաջրածիններ է փնտրում, որոնք այլընտրանք կլինեն ռուսականին: Ամերիկյան առաջնորդը միաժամանակ ձգտում է նոր կոալիցիա ստեղծել Իսրայելի ու արաբական երկրների մասնակցությամբ՝ ընդդեմ Իրանի ու դիմադրության առանցքի:
Բայդենը, այսպիսով, կենտրոնացել էր Ռուսաստանին ու Չինաստանին հակազդման, ԱՄՆ-ում առաջիկա միջանկյալ ընտրությունների վրա, որոնց արդյունքները կարող են ցավոտ լինել դեմոկրատների համար: Վաշինգտոնի խնդիրների մի մասի լուծումը կախված է Սաուդյան Արաբիայի պահվածքից, ինչը բանակցություններում բավական զուսպ եւ սառն է դրսեւորվել: Այն բանից հետո, երբ իշխանության գալուց հետո Բայդենը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան մեկուսացված երկիր կդարձնի մարդու իրավունքների խախտումների ու լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար, երկրների միջեւ հարաբերությունները վատթարացել են: Մինչդեռ ժամանակին հենց Սաուդյան Արաբիայի ղեկավարներն Արեւմուտքին օգնեցին խեղդել Ռուսաստանը՝ համաշխարհային շուկայում փլուզելով նավթի գները եւ քսակ դառնալով աֆղանական մոջահեդների համար: Սառը պատերազմի տարիներին Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի դաշնակիցն էր եւ որպես պլացդարմ էր ծառայում ամերիկյան զորքերի համար, այդ թվում՝ Պարսից ծոցի 1991 թ. պատերազմում:
Հիմա տեսնենք, թե տարածաշրջանային այս զարգացումներին, ըստ իսրայելական այղբյուրների, ինչպես են արձագանքում Ռուսաստանը եւ Իրանը: Իսրայելական «Haaretz»-ը գրում է, որ Իրանը կարող է զրկվել Սիրիայում եւ նրա սահմաններից դուրս ռազմավարական աջակցությունից: Բացի այդ, թերթը շեշտել է, որ Սիրիայի հյուսիս Թուրքիայի հնարավոր ներխուժումը ավտոմատ կերպով Անկարային կդնի Մոսկվայի հետ հակամարտության ուղու վրա:
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացման պատճառով Ռուսաստանը ենթարկվել է կոշտ պատժամիջոցների, ինչի հետեւանքով Իրանին օգնելու նրա ֆինանսական ու ռազմական հնարավորությունները կտրուկ նվազել են: Եթե ճիշտ է, որ Թեհրանը պլանավորում է Մոսկվային հարյուրավոր անօդաչուներ ուղարկել, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, ապա երկրները նույնիսկ փոխվել են դերերով. այժմ Իրանն է Ռուսաստանի համար զենքի մատակարար դարձել:
«Թուրքիան կարգավորել է հարաբերություններն ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի հետ ու շուտով դեսպան կնշանակի Իսրայելում: Այսպիսով՝ միայն Չինաստանն է պատշաճ կերպով իրանական նավթ գնում, սակայն դա բավարար չէ, որպեսզի երկիրը դուրս բերվի տնտեսական ծանր ճգնաժամից, որը սպառնում է վարչակազմի կայունությանը: Բացի այդ, Իրանը զգուշորեն է հետեւում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի հայտարարությունը՝ նվաճելու Սիրիայի հյուսիսը»,- գրում է «Haaretz»-ը՝ շեշտելով, որ դա Իրանի համար ոչ միայն մարտավարական սպառնալիք է, այլեւ ռեալ վտանգ՝ կորցնելու ռազմավարական դիրքերը Սիրիայում ու այդ երկրի սահմաններից դուրս: Թեհրանը կողմերին մեղադրել է թուրք-իսրայելական դավադրության մեջ, որի նպատակն է Անկարայի համար միջանցք ապահովել դեպի Հալեպ եւ խարխլել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը:
Իրանն արդեն մի շարք քայլեր է կատարել՝ թուրքական սպառնալիքին հակազդելու համար. ամրապնդել է իրանամետ աշխարհազորայինների դիրքերը Նուբլ եւ Զահրաա շիական գյուղերի շուրջը, որոնք թուրքական ուժերի հասանելիության գոտում են: Բացի այդ, իրանական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել մի շարք ռազմաբազաներ, որոնք թողել էին ռուսական զորքերը, երբ Մոսկվան կրճատում էր իր ներկայությունը Սիրիայում՝ Ուկրաինայում դիրքերն ամրացնելու համար: Վերջապես, Թեհրանը դիվանագիտական ճնշում է գործադրում Անկարայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Սիրիա ներխուժումից:
Մերձավոր Արեւելք կատարած այցով Բայդենը հասկացրեց, որ Վաշինգտոնը նվազագույնը չի հեռանում տարածաշրջանից եւ այն չի թողնում Ռուսաստանի ու Չինաստանի հայեցողությանը: Այս համատեքստում որոշակի սրություն կարող է նկատվել ռուս-իրանա-թուրքական գագաթնաժողովում, որի անցկացումն այս օրերին ամերիկյան ղեկավարի այցելության պատասխանն է: Ռուսաստանը չի կարող կանգնեցնել Թուրքիայի դիվանագիտական քայլերը, չի կարող չեղարկել Բայդենի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն կփորձի առնվազն պահպանել ընթացիկ ակտիվները: Չնայած հայտարարվել է, որ իրանական գագաթնաժողովի հիմնական նպատակը սիրիական իրավիճակի քննարկումն է, ոչ Սիրիայի կառավարությունը, ոչ էլ ընդդիմությունը հրավիրված չեն միջոցառմանը: Արդյունքում այդ հանդիպումը նպատակ ունի պահպանել Ռուսաստանի լիդերությունը հակաամերիկյան բլոկում կամ, ծայրահեղ դեպքում, իմիտացիա ստեղծել, որ այն ընդհանրապես գոյություն ունի:
Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է նշել թուրքական կողմի դիրքորոշման մեջ կատարված կտրուկ փոփոխությունը: Դժվար թե Էրդողանը հրաժարվի մի դրությունից, որում, որպես առաջատար, կարող է, ինչպես դիպուկ նշել է «Haaretz»-ի Մերձավոր Արեւելքի վերլուծաբան, մեկնաբան եւ խմբագրական խորհրդի անդամ Ցվի Բարելը, «հարսանիքում պարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ»:
Իսրայելական «The Jerusalem Post»-ը, իր հերթին, անդրադարձել է այն փաստին, որ Ռուսաստանը մշակում է նոր հակաարբանյակային լազերային զենք: Հենվելով «բաց աղբյուրների» վրա՝ թերթն ԱՄՆ-ին ու Իսրայելին զգուշացնում է հնարավոր վտանգի մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի արբանյակները 2021-ից ենթարկվում են Ռուսաստանի ու Չինաստանի հարձակումներին, իսկ այժմ այդ սպառնալիքը կարող է խորանալ: Ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հետաքննության, որի արդյունքները հրապարակվել են «The Space Review» ամսագրում, Մոսկվան լազերային նոր համակարգ է մշակում Մեծ Կովկասի լեռներում՝ իր տարածքի վրա արտասահմանյան արբանյակները շարքից հանելու համար՝ սարքավորումը «կուրացնելու» եւ այն անջատելու միջոցով: «The Jerusalem Post»-ը հարց է հնչեցնում, թե արդյոք ռուսական նոր զենքը կարո՞ղ է սպառնալ ԱՄՆ-ի, անուղղակիորեն՝ նաեւ Իսրայելի դիրքերին, ինքն էլ պատասխանում է, որ այն ոչ միայն կփոխի ուժերի դասավորությունը տիեզերական պատերազմներում, այլեւ ռազմական խաղի ու լրտեսության կանոնները Երկրի վրա: Նոր զենքը կարող է էժան լինել ու հեշտությամբ օգտագործվել:
Այս համատեքստում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում նաեւ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր երկրում: Այն բանից հետո, երբ Կանադան հայտարարեց Հայաստանում, Էստոնիայում, Լիտվայում եւ Սլովակիայում դեսպանություններ բացելու մտադրության մասին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ՝ շեշտելով, որ «ակամայից տարակուսում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա»: Ռուսական կողմի զայրույթն է առաջացրել կանադական կողմի այն ձեւակերպումը, որ դա «կօգնի դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»: Այնուհետեւ Հայաստան է այցելել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պետ Ուիլյամ Բըռնսը: Երեւանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն էլ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի, ինչը հակասում է ՌԴ-ի խաղաղապահ առաքելությանն ու Մինկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը: