Գահ (թարգմանաբար պարսկերենից նշանակում է «նստելու տեղ», «բազմոց», «աթոռ» եւ այլն)՝ աշխարհիկ կամ հոգեւոր իշխանություն խորհրդանշող բազկաթոռ։ Միապետները, իշխանները, հոգեւոր առաջնորդներն ընդունելություններն ու հանդիսավոր այլ արարողություններ կատարել են գահասենյակում՝ բազմած աստիճաններով բարձրացող գահին։ Շքեղությամբ ու ճոխությամբ աչքի են ընկել հատկապես թագավորական գահերը, որոնք քանդակվել են իշխանություն եւ հզորություն խորհրդանշող պատկերներով, ընդելուզվել ոսկե, արծաթե զարդերով, թանկարժեք քարերով։ Եզակի նմուշ է հայ վարպետների կերտած ադամանդակուռ գահը («Ալմաստե գահ»), որը 1660 թ. Սպահանի հայ վաճառականները, ի նշան բարեկամության, նվիրել են ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։
Վաղ միջնադարյան Հայաստանում գահ է կոչվել նաեւ այն տեղը (բարձ), որը հատկացվել է նախարարներին՝ արքունիքում հանդիսավոր ընդունելությունների, խնջույքների ժամանակ (սահմանված էր Գահնամակ կոչվող հատուկ փաստաթղթով)։ Տարբեր պատճառներով թագավորը կարող էր զրկել նախարարին գահից կամ այն իջեցնել։ Նույն կերպ կարող էր բարձրացվել գահը։ Գահով սահմանված կարգը խստիվ պահպանվում էր, իսկ նախարարները նախանձախնդիր էին իրենց գահերի պահպանման կամ բարձրացման հարցերում։