ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետեւանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահները Ժնեւում մայիսի 27-ին եւ 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի եւ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը եւ կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաեւ կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:
Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում եւ վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու եւ բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Կարեւորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ եւ բարգավաճ ապագան՝ նրանք հորդորել են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո: